Հայկական քաղաքականության առանձնահատկությունները. ռադիկալներից մինչեւ թագավորական կուսակցություններ

Հայկական քաղաքականության առանձնահատկությունները. ռադիկալներից մինչեւ թագավորական կուսակցություններ

Հայաստանում քաղաքական կյանքն աչքի չի ընկնում ծրագրերի եւ գաղափարների համար պայքարով, հետաքրքիր բանավեճերով, այլ ինտրիգներով եւ միմյանց դեմ նյութվող դավերով, կուսակցությունների եւ անհատների՝ միանալ-բաժանվելով, որոնք հասարակական առաջընթացի եւ կուսակցությունների կայացման տեսանկյունից ոչ մի լավ բան չեն խոստանում։



Փոխարենը «մեկ հոգանոց» կուսակցությունների նախագահները թափառում են մամուլի ակումբից ակումբ, հրավիրում ասուլիսներ, տեսակետներ հայտնում հաճախ նաեւ քաղաքականությանը չառնչվող թեմաների մասին։ Նրանց կուսակցությունները, որոնցում երկրորդ, երրորդ անձանց անունները հայտնի չեն հանրությանը, ոչ փոքր տարածքներ են զբաղեցնում հիմնականում Երեւանի կենտրոնում՝ խոշորատառ ցուցանակներով։



Ընտրությունների ժամանակ էլ նրանք առաջադրվում են որպես նախագահի թեկնածու՝ քաղաքական պայքարը վերածելով թամաշայի եւ ստանալով մեկ տոկոսից էլ պակաս քվե։



Եվ ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանը ամենաժողովրդավար երկրներից է, կուսակցությունների եւ բազմակարծության պակաս չկա, ով կարողանում է մուծել պահանջվող գրավը՝ կարող է առաջադրվել ԱԺ պատգամավորի կամ երկրի նախագահի թեկնածու, զբաղեցնել հեռուստաեթերը եւ զվարճացնել հեռուստադիտողին։
Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությանը հարցեր էինք ուղղել՝ իմանալու, թե քանի կուսակցություն կա ներկա պահին Հայաստանում, քանիսն են ենթակա լուծարման, քանիսն են լուծարվել, որ կուսակցություններն են խախտում «Կուսակցությունների մասին» օրենքի դրույթները, քանի վերագրանցված կուսակցություն կա։



Եվ ահա գործակալության պետ Գարուշ Դավթյանը, պատասխանելով մեր հարցումներին, արձագանքել է, որ 2016թ. հոկտեմբերի 24-ի դրությամբ առկա տեղեկությունների՝ ՀՀ-ում պետական գրանցում է ստացել 78 կուսակցություն։ Նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետը, ըստ մեզ ուղարկված պատասխանի, 2012թ.-ին գրություններ է ուղարկել ՀՀ-ում գրանցված թվով 53 կուսակցությունների եւ 2014թ.-ին՝ թվով 29 կուսակցությունների` Օրենքի 5-րդ հոդվածի (կուսակցության անդամների թվաքանակը, տարածքային կառուցվածքային ստորաբաժանումները եւ գործունեության տարածքը) պահանջների կատարումը ստուգելու նպատակով։ Գործակալությունից մեզ տեղեկացրել են նաեւ , որ տեսչությանը պատասխան գրություններ են ուղարկել հարցման ենթարկված ոչ բոլոր կուսակցությունները, եւ այդ իսկ պատճառով վերջիններս ընդգրկվել են տեսչության ստուգումների տարեկան ծրագրերում։



«Ո՞ր կուսակցություններն են խախտում «Կուսակցությունների մասին» օրենքի դրույթները» հարցին էլ գործակալությունից արձագանքել են. «Համաձայն ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման ու ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 29-ի N 594-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 839-Ա որոշման՝ ստուգումները կասեցվել են 2015թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2016թ. դեկտեմբերի 31-ը, ինչի արդյունքում ինչպես 2015թ.-ին, այնպես էլ 2016թ.-ին տեսչության ստուգումների տարեկան ծրագրերում ընդգրկված կուսակցություններում ստուգումներ չեն իրականացվել, ուստի պատասխանել այն հարցին, թե որոնք են օրենքի խախտմամբ գործող կուսակցությունները եւ նշել վերջիններիս անվանումները՝ տվյալ պահին հնարավոր չէ։ Իսկ ահա, ըստ գործակալության տվյալների՝ 1991 թվականից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակահատվածում նախկինում գրանցված կուսակցություններից լուծարվել է 85 կուսակցություն, այդ թվում՝ կուսակցությունների բարձրագույն մարմնի որոշումներով կամավոր լուծարվել է 36 կուսակցություն։ Գործակալությունը նրանցից առանձնացրել է «Ազատամարտի վետերանների միություն», «Աշխատանք, Օրենք, Միասնություն», «Ազատ Հայք առաքելություն», «Նոր երկիր» կուսակցությունները, իսկ դատական ակտով լուծարվել է 49 կուսակցություն։ Մեզ ուղարկված պատասխանում դատական կարգով լուծարված կուսակցություններից նշված է ութ անուն, որից մի քանիսը ոչ այն է զարմանք, ոչ այն է զավեշտ, ոչ այն է տարակուսանք են հարուցում։ Դրանք են՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Հայաստանի ցեղապաշտական կուսակցությունը, Հայաստանի աշխատավորության կոմունիստական կուսակցությունը, «Ազգային սոցիալ-դեմոկրատական միություն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, Հայաստանի ռադիկալների կուսակցությունը, Հայաստանի թագավորական կուսակցությունը, Հայաստանի աշխատանքի կուսակցությունը։



Պարզվում է, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1.1-րդ մասի հիմքով (սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո) լուծարման ենթակա են «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական եւ «Հայկական սոցիալիստական կոնգրես» կուսակցությունները։ Իսկ ներկա պահին պետական գրանցում ստացած 78 կուսակցություններից վերագրանցվել են 26-ը, որոնցից են՝ Հայաստանի Հանրապետական, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Ազգային Ինքնորոշում Միավորում, «Ազգային Միաբանություն», «Հզոր Հայրենիք» կուսակցությունները։



Թագուհի Հակոբյան