Կառավարության նիստը՝ որպես լրատվական էպիկենտրոն

Կառավարության նիստը՝ որպես լրատվական էպիկենտրոն

Ամեն հինգշաբթի մարդիկ վարչապետից նոր հանձնարարականներ են սպասում, ինֆորմացիա այն մասին, թե ինչ է անելու երկիրը «ծանր, շատ ծանր» վիճակից հանելու, համատարած կոռուպցիան հաղթահարելու համար։ Հակակոռուպցիոն ելույթների սիրահարները երեկ չհիասթափվեցին։ Վարչապետը հերթական հանձնարարականները տվեց։ Նախ՝ քրեականացնել ապօրինի հարստացումը։ «Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»: Մշակվելու է նաեւ կանխիկ գործառնությունները սահմանափակող օրենք։ «Այսպես կոչված՝ կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով եւ գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերում պարզ չէ` արդյոք հայտարարագիր ներկայացրած անձն իրականում ստացե՞լ է հայտարարագրում նշված փոխառությունը, թե՞ ոչ»: Կատարելագործվելու է հակակոռուպցիոն մարմինը, արդարադատության նախարարը հակակոռուպցիոն քայլերի շուրջ հանդիպումներ եւ քննարկումներ է ունենալու քաղհասարակության ներկայացուցիչների հետ եւ այլն։ Թերեւս, ամենաերկար սպասված հանձնարարականները վերաբերում են արագաչափերին, կարմիր գծերին եւ տեսախցիկներին։ «Հանձնարարում եմ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին, ըստ անհրաժեշտության ներգրավելով նաեւ ՀՀ ֆինանսների եւ ՀՀ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին, բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ եւ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձեւով պայմանավորված վերոնշյալ ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն պետական կառույցներին: ՀՀ ֆինանսների նախարարին եւ ՀՀ արդարադատության նախարարին՝ աջակցել Երեւանի քաղաքապետին «Փարքինգ սիթի սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցություններին՝ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնելով իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձեւով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն համայնքային կառույցներին»:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ