«168 ժամ». Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական նամակը Մոսկվային

«168 ժամ». Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական նամակը Մոսկվային

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն իրարանցում է առաջացրել հանրության որոշակի շերտերում, սոցիալական ցանցերում, մամուլում։ Այն դեպքում, երբ այդ ելույթն ուղղված չէր ո՛չ մամուլին, ո՛չ էլ, առավել ևս, հասարակությանը։

Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս ապացուցել է, որ իր ելույթներում ավելի շատ հարաբերվում է իշխանության կամ աշխարհաքաղաքական որևէ բևեռի, որպես կանոն՝ Ռուսաստանի հետ։ ՀԱԿ համագումարի նրա ելույթը ևս բացառություն չէր։ Հայաստանում այլևս ամենայնն ավելի քան ռուսական է.

Ռուսական է իշխանությունը, ռուսական է կառավարությունը, ռուսական է գործող ընդդիմության մեծ մասն ու որպես ընդդիմություն կերտվող մյուս մասը։ Այս պայմաններում նա հայտ է ներկայացնում ռուսականության ծիրին մեջ կատարելու գործառույթ, որին հայկական քաղաքական համակարգի մյուս մասնակիցները կամ պատրաստ չեն, կամ ընդունակ չեն։

Տեր-Պետրոսյանի ասածի իմաստը, մեծ հաշվով, հանգում է նրան, որ ինքն իր ղեկավարած ՀԱԿ-ով պատրաստ է իրականացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական պլանը, որը ձախողվեց ապրիլյան պատերազմում։

Ու քանի որ Հայաստանի իշխանությունը ևս հայտարարել է այդ պլանին առնվազն չընդդիմանալու իր պատրաստակամության մասին, Տեր-Պետրոսյանն առաջարկում է այդ գործարքի քարոզչական մասի իրականացումը՝ ամենայն հավանականությամբ, ապագա խորհրդարանում, կամ որ նույնն է՝ իշխանական համակարգում որոշակի ներգրավվածության դիմաց։

Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման «բանալին Ռուսաստանում է», որն իրականում նշանակում է, որ նա ընդունում է՝ Հայաստանում իշխանության ձևավորման բանալիին՝ Ռուսաստանի տիրապետելու փաստը։ Որովհետև իրականում Ռուսաստանում է ղարաբաղյան հարցի ոչ թե լուծման, այլ առհավետ չլուծման ու այդպիսով տարածաշրջանում ռուսական ներկայության պահպանման բանալին, ինչի շարունակականությունն ապահովելու պատրաստակամություն էլ հայտնում է անկախ Հայաստանի առաջին նախագահը։ Կընդունվի նրա առաջարկը Հայաստանի իշխանության ու, որ երևի ավելի կարևոր է, առաջարկի հեղինակի համար՝ Ռուսաստանի կողմից, ցույց կտա ժամանակը։

Իսկ մինչ այդ Տեր-Պետրոսյանի ելույթի հանրային արձագանքները կլցնեն քաղաքական օրակարգի վակուումը, որն ամեն օրվա հետ ավելի ցայտուն է դառնում ընտրություններին մոտենալուն զուգընթաց։ Դա ևս մեկ ծառայություն է իշխանությանը, որը քաղաքական բանավեճի անվան տակ իրեն հարմար խորհրդարան ձևավորելու խնդիր ունի»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։