ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կարող է փակվել

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կարող է փակվել

Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ պաշտոնական Երեւանը չի կարողացել հասնել կոնսենսուսի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարացման ուղղությամբ, եւ գրասենյակի գոյությունը ներկայումս կախված է օդում: Այս հարցով պարզաբանում խնդրեցինք ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից։ Այստեղից չհերքեցին լուրի իսկությունը․ «ԵԱՀԿ մասնակից պետությունները դեռ կոնսենսուսի չեն հասել ԵԱՀԿ մի շարք դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման հարցի շուրջ: ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է բանակցություններ վարել այս հարցի շուրջ՝ վաղ համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Մինչեւ մասնակից երկրների կողմից մանդատների երկարաձգման հետ կապված սպասվող համաձայնության կայացումը, դաշտային առաքելությունները բաց կմնան, եւ կշարունակեն ադմինիստրատիվ եւ մանդատի հետ կապ չունեցող աշխատանքները: Քանի որ բանակցություններն այս պահին ընթացքի մեջ են, մենք չենք կարող ենթադրություններ անել դրանց վերաբերյալ»։



Նշենք, որ երեկ այս հարցի շուրջ մեկնաբանություն էր տարածել նաեւ ՀՀ արտգործնախարարությունը՝ կրկին չհերքելով տարածված տեղեկությունները կոնսենսուսի չգալու վերաբերյալ։ Մասնավորապես՝ ԱԳՆ մամուլի պատասխանատու Տիգրան Բալայանն «Արմենպրեսին» հայտնել էր, որ ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի սկզբունքով, եւ չնայած նման լայն աջակցությանը՝ այս պահի դրությամբ հնարավոր չի եղել համաձայնության հանգել երեւանյան գրասենյակի երկարաձգման որոշման շուրջ: «Ներկայումս ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը շարունակում է որոշման նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները, եւ Հայաստանը, որպես գրասենյակը հյուրընկալող երկիր, մաս է կազմում այդ խորհրդակցություններին: Քանի որ բանակցությունները շարունակվում են, այս պահի դրությամբ նպատակահարմար չենք համարում խորհրդակցությունների մանրամասների ներկայացումը»,- գրեթե նույնությամբ կրկնել էր Բալայանը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատասխանը։ Նա նաեւ հիշեցրել էր, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո Երեւանի գրասենյակը հանդիսանում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք ներկայությունը:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ