Կարեւորն այն է, որ մարդը վերադարձավ իր աղուհացին

Կարեւորն այն է, որ մարդը վերադարձավ իր աղուհացին

Երիտասարդ ռեժիսոր Ասպետ Շերմազանյանի ֆիլմացանկում «Աղ ու հաց» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը 5-րդն է, որի փակ ցուցադրությունը տեղի ունեցավ նախօրեին՝ Մալյանի անվան թատրոնում։ Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին նաեւ ռեժիսորի՝ Մոսկվայում նկարահանած եւս երկու ֆիլմ` «Մի գողացիր» եւ «Ամնեզիա» կրիմինալ կատակերգությունները։ 



«Աղ ու հաց» կարճամետրաժ ֆիլմը մոսկովյան «Look film» ընկերության արտադրության ֆիլմերից է, որի հիմքում ընկած է բիբլիական «Անառակ որդու վերադարձը» առակը։ Ի տարբերություն անառակ որդու, այս ֆիլմում հերոսը վերադառնում է հոր տուն՝ կայացած ու տղամարդ դարձած։ Նկարահանումներն իրականացվել են Լոռու մարզի Հովնանաձոր գյուղում, որը նաեւ ռեժիսորի պապենական գյուղն է։ Ֆիլմի դերակատարներն են դերասաններ Խորեն եւ Արսեն Լեւոնյանները, գեղանկարիչ Սամվել Սեւադան։ «Քանի որ իմ խառնվածքով արտիստիկ մարդ եմ, ինձ համար խնդիր չէր նման դեր խաղալը»,-իր խոսքում նկատում է Սամվել Սեւադան, ում համար կինոյում սա առաջին փորձառությունը չէր, դեռ 70թ․-ից տարբեր ֆիլմերում առիթներ ունեցել է էպիզոդիկ դերեր մարմնավորելու։ Ինչ վերաբերում է իր դերին, ասում է՝ իր կերպարը հավանեց թե էկրանից դուրս եւ թե էկրանին. «Ֆիլմը հավանեցի, ինձ դուր եկավ»։



Ասպետը պատմում է, որ սյուժեն գրելիս ի սկզբանե հենց այդ մարդկանց է պատկերացրել այդ դերերում։ «Մանկուց այդ մարդկանց գիտեմ ու միշտ իրենց ասել եմ, որ մի օր ձեզ նկարելու եմ, ու հպարտ եմ, որ այսօր արդեն իրենց նկարել եմ։ Այսպիսի պրակտիկա գործնականում եղել է իտալացիների մոտ՝ նեոռեալիզմ, երբ ոչ պրոֆեսիոնալ դերասանները խաղում են պրոֆեսիոնալների հետ։ Քանի որ ոչ պրոֆեսիոնալ դերասաններին վստահված էին էպիզոդային դերեր, առանձնապես խնդիրներ չի առաջացել։ Ֆիլմն էքսպերիմենտալ էր այն առումով, որ մեծ բյուջե չենք ունեցել եւ արել ենք մեր ուժերով։ Սա փառատոնային ֆիլմ է, ու մի քանի փառատոներ այն արդեն ընդունել են, այդ թվում՝ Բեռլինի եւ Վենետիկի կինոփառատոները»։



Ասպետ Շերմազանյանն ավարտել է Թատերական ինստիտուտի կինոգիտական բաժինը։ Հիմա ապրում է Մոսկվայում եւ սովորում ВГИК-ի ռեժիսուրայի կուրսում, որի ղեկավարը բավականին մեծ ճանաչում ունեցող ռեժիսոր Ալեքսանդր Կոտտն է, ով էլ ստիպել է նրան այդ ֆիլմը նկարել. «Նա ինձ միշտ ասում է՝ նկարի քո մասին, քո պատմությունը՝ այն, ինչ հարազատ է քեզ»։ Ֆիլմի գեղարվեստական ղեկավարը հենց նա է՝ Ալեքսանդր Կոտտը, օպերատորը՝ Կոստանտին Մազովը, 2-րդ ռեժիսորը՝ Արտակ Սերովանի-Օհանյանը։



«Աղ ու հացը դա միայն սնունդ չէ, այլ որոշակի մշակույթ, մի գաղափար, որը կրում է հայ մարդն իր մեջ։ Լոռվա ձորում մարդուն ասում են՝ աղուհացով մարդ կամ անաղուհաց մարդ։ Ֆիլմում կարեւորն այն է, որ մարդը վերադարձավ իր աղուհացին»,-ասում է Ասպետ Շերմազանյանը։



Ռեժիսորի բոլոր ֆիլմերը կարճամետրաժ են, դա, թեկուզ ամենաբարդ, բայց իր նախընտրելի ժանրն է։ Առաջիկայում Ասպետ Շերմազանյանը պատրաստվում է նկարել իր առաջին լիամետրաժ ֆիլմը, որը նկարահանվելու է Լոռիում, Տավուշում, Թբիլիսիում եւ Մոսկվայում։ «Եթե 2 բառով ասեմ՝ ֆիլմը լինելու է այն մասին, որ պատիվը շատ ավելի թանկ է, քան գումարն ու կապիտալը»։ Նկարահանումները շուտով կսկսվեն, դերասանների ցանկում ներգրավված են լինելու Վիկտոր Սուխորուկովը՝ հանրահայտ ռուսական «Բռատ» ֆիլմի դերակատարներից մեկը, Միխայիլ Գորեւոյը, Խորեն Լեւոնյանը, ինչպես նաեւ ոչ այնքան հայտնի, բայց շնորհալի հայ դերասաններ։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ