Լինելու է ոչ թե գաղափարների, այլ փողի պայքար

Լինելու է ոչ թե գաղափարների, այլ փողի պայքար

2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական 9 ուժ` 4 դաշինք, 5 կուսակցություն: Հայ հեղափոխական դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», ՀՀԿ, Կոնգրես-ՀԺԿ, «Ելք», «Ծառուկյան դաշինք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք», «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստներ։ Քաղաքական ուժերից շատերը, որոնք նախորդ ընտրություններում ակտիվ դերակատարներ էին, դուրս են մնացել այս ընտրապայքարից։



ՀԱԿ դաշինքի անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը դրանցից մեկն է, ղեկավար Պետրոս Մակեյանը հիշեցնում է կուսակցության դիրքորոշումն ընտրություններին մասնակցելու հարցում, ինչն իրականություն չդարձավ ու ի չիք դարձրեց ընտրություններին մասնակցելու մտադրությունը․ «Ստեղծել ընդդիմադիր ուժային կենտրոն, որը ռեալ կընկալվեր այլընտրանք եւ ընտրակեղծիքները կանխող ուժ։ Բայց չստացվեց։ Ես այդ ամենի համար հիմնական մեղադրանքն ուղղում եմ «Ելք» դաշինքի հասցեին, քանի որ Նիկոլ Փաշինյանն իրական ընդդիմադիր ընկալում ուներ եւ կարող էր իր շուրջը ձեւավորել ուժային կենտրոն։ Ինձ համար հանելուկ մնաց, թե ինչու Նիկոլն էդպես վարվեց, բայց եղավ այն, ինչ եղավ»։



Մակեյանի խոսքով, մասնակից դաշինքներն ընդամենը նվազագույն շեմի համար են պայքարելու։ Նա ասաց նաեւ, որ անպայման անմասն չեն մնալու ընտրական գործընթացներից եւ քաղխորհրդի առաջիկա նիստում որոշում կընդունեն անելիքների մասով․ «Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանն իր հաճախորդների հետ կարող է հանգիստ ընտրություններ իրականացնել»։ Մակեյանը չի գաղտնազերծում իրենց անելիքները․ «Մենք որոշ ուժերի հետ բանակցություններ կվարենք, որ ընտրություններին քարոզչություն իրականացնենք»։ Ո՞ւմ համար կամ ո՞ւմ դեմ։ «Դա պարզ կդառնա քննարկումների ընթացքում»։



ՀԱԿ դաշինքի մաս կազմող «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, որը Մակեյանի հետ ընդդիմադիր դաշտի ուժային կենտրոն ստեղծելու ակտիվ ջատագովներից էր, նկատում է, որ այդ կենտրոնի չգոյության դեպքում այլեւս անհնար էր դառնում միայնակ մասնակցությունը։ «Կան խոչընդոտներ, որեւէ երկրի արտաքին ազդեցության տակ չգտնվող, ինքնուրույն ուժերի համար լուրջ խոչընդոտ էր ֆինանսական խնդիրը։ Եթե տասը տարի առաջ ընտրագրավը 2.5 միլիոն էր, հիմա 10 միլիոն է, այսինքն՝ ընտրապայքարի մեջ կարող են մտնել միայն գող-ավազակները։ Սա բերում է նրան, որ ժողովրդի ընտրությունը կայանալու է թալանչիների մեջ, որովհետեւ միայն նրանք կարող են այդքան ֆինանսական միջոցներ ներդնել։ Քանի գնում է, պրոցեսը վերածվում է ոչ թե ծրագրային, գաղափարական պայքարի, այլ փողի պայքարի։ Իսկ այդ պայքարի արդյունքում ձեւավորված իշխանությունը ժողովրդի հետ կապ չի կարող ունենալ»,- նկատում է Գիմիշյանը։



ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, որը ՀԱԿ դաշինքի կազմում անցած ընտրություններին գործուղվել էր խորհրդարան, այսօր մնացել է դրսում։ Նրան չընդունեցին «Ծառուկյան դաշինքում», թեպետ նա Նաիրա Զոհրաբյանի ամենամոտ ընկերուհիներից է ու տեւական շրջան լծվել էր Գագիկ Ծառուկյանի գովքին։ Ինչո՞ւ, ի վերջո, այդ դաշինքում ինքը դարձավ անցանկալի տարր։ «Որովհետեւ ՍԴՀԿ-ի առկայությունն այդ դաշինքում բացառում էր մեր ներկայությունը։ Ստացվեց այնպես, որ իրենք շուտ հասցրեցին այդ խնդիրներով զբաղվել, իսկ երկու նման կուսակցություն չէր կարող լինել»,- պարզաբանեց Լյուդմիլա Սարգսյանը։ Նարեկ Գալստյանի ՍԴՀԿ-ի հետ բանակցությունները տապալվեցին, բայց, միեւնույն է, իրեն չընդունեցին, ինչո՞ւ։ «Այլեւս որոշակի պրոցեսներ էին գնացել, եւ հնարավոր չէր վերադարձնել սկզբնական վիճակին։ Վարկաբեկման մեխանիզմներ են կիրառվել։ Բայց իրենք էլ, փաստորեն, դուրս մնացին։ Չարությամբ, վարկաբեկմամբ որեւէ մեկը չի կարող ճանապարհ հարթել»։ Լյուդմիլա Սարգսյանը, սակայն, չի պատրաստվում խզել համագործակցությունը ԲՀԿ-ի հետ, որը, իր խոսքով, սկսվել է դեռ երեք տարի առաջ, իրենք ՏԻՄ ընտրություններում են համագործակցել, խորհրդարանում եւ այլուր։ Այդ խորը համագործակցությունն է եղել նաեւ պատճառը, որ տիկին Սարգսյանն այլ ուժերի հետ նախընտրական բանակցությունների չի գնացել․ «Անլուրջ է նման դեպքում բանակցել այլ ուժերի հետ, դա նշանակում է, որ դու ընդամենը ուզում ես քո տեղն ամրագրել, իսկ ես այն քաղաքական ուժերի դասին չեմ պատկանում, որ ամեն գնով, ամեն մեկի հետ գնում են ԱԺ»։ Փորձեցինք հասկանալ, թե ինչ ընդհանրություններ կան ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, որ տիկին Սարգսյանը սահուն անցում կատարեց մեկից մյուսին։ «Դա բնական ճանապարհ էր, որ մենք ՀԱԿ-ի հետ անցանք, մենք 2007-ից համազգային շարժման մեջ էինք եւ բնականոն ձեւով, դաշինքով մտանք ԱԺ։ Դա տարբեր տրամաբանությունների դաշտ է, բայց բնական»։



Ընտրություններին չի մասնակցում նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցությունը, որի ղեկավար Արամ Կարապետյանը հայտարարել է, որ որոշել է «ապագա ընտրություններ կոչվող կրկեսային միջոցառմանը չմասնակցել...»։ Նա նշել է, որ ոչ մի քաղաքական ուժի հետ ինքը որեւէ բանակցություն չի վարել դաշինքներ կազմելու մասին:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ