Հայաստանը կատարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ մի շարք խորհուրդները. զեկույց

Հայաստանը կատարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ մի շարք խորհուրդները. զեկույց

Հայաստանը կատարել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) նախորդ մի շարք խորհուրդները։ Այդ մասին ասված է ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մարտի 17-ին հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հերթական միջանկյալ զեկույցում։



Զեկույցում ներկայացվել է Հայաստանում նախընտրական իրավիճակը, անդրադարձ է կատարվել կուսակցությունների և դաշինքների կողմից անցկացվող նախընտրական քարոզչությանը, ինչպես նաև՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական գործընթացների կազմակերպչական աշխատանքներին:



«Նոր ընտրական օրենսգիրքը հաշվի է առնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի շարք խորհուրդները: Այն տրամադրում է ընտրողների կատարելագործված նույնականացման մեխանիզմ, ստորագրված ընտրացուցակների հրապարակում, ընտրական իշխանությունների անկախությունն ուժեղացնելու քայլեր, քաղաքացիական դիտորդների համար պարտադիր թեստի վերացում, և թեկնածուների ցուցակում կանանց համար մեծացված քվոտաներ: Փոփոխությունները նաև հստակեցնում են նախընտրական արշավին, արշավի բյուջեին, թեկնածուների գրանցմանը և բողոքներին ու դիմումներին վերաբերող կարևոր դրույթներ»,- ասված է զեկույցում:



ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը զեկույցում դրական է գնահատել ընտրողների ցուցակների ճշգրտությունը: Անդրադառնալով ստորագրված ցուցակների հրապարակմանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշում է, որ այն կարևոր քայլ կլինի ընտրակեղծարարությունների դեմ պայքարելու գործում: Դրական գնահատելով ստորագրված ցուցակների հրապարակման մասին ԿԸՀ որոշումը՝ զեկույցում միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնվում, որ հրապարակումը կարող է գաղտնազերծել ընտրողների անձնական տվյալները:



Անդրադառնալով նախընտրական քարոզչությանը՝ զեկույցում նշված է, որ դիտորդները բողոք-նախազգուշացումներ են ստացել՝ կապված ձայների գնման հետ, և ենթադրվում է, որ քարոզչության ընթացքում կարող են ի հայտ գալ նաև ընտրողների վրա ճնշումներ գործադրելու փորձեր:



Զեկույցում դրական է գնահատված նաև քվեարկության օրն ընտրողներին նույնականացնող սարքերի առկայությունը, տեղամասերում տեսախցիկների առկայությունը:



Մտահոգություն է հայտնվում որոշ հեռուստաընկերությունների՝ բիզնես ու քաղաքական խմբերի կողմից ֆինանսավորվելու հանգամանքի հետ կապված: Այնուամենայնիվ, համացանցի ազատությանը չկա միջամտություն, նշվում է զեկույցում:



Նշվում է, որ փետրվարի 24-ից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը սկսել է հեռուստաեթերի քանակական և որակական մշտադիտարկումը, որի համաձայն՝ ընտրապայքարում ներառվածները ստացել են անվճար հավասարաչափ եթերաժամ Հանրային հեռուստաընկերության եթերում:



Մարտի 5-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը պետք է վերահսկի նախընտրական արշավի ժամանակ մեդիայի հետ կապված դրույթների իրականացումը և մշտադիտարկի հեռարձակողներին, երկու զեկույցով հանդես կգա նախընտրական արշավի ժամանակ և մեկ զեկույցով՝ ընտրություններից հետո: