Կոնգրես-ՀԺԿ-ի դիմումը ՍԴ կհետաձգի նոր Ազգային ժողովի գումարումը

Կոնգրես-ՀԺԿ-ի դիմումը ՍԴ կհետաձգի նոր Ազգային ժողովի գումարումը

ՀԱԿ գրասենյակում այս օրերին լարված աշխատում են։ Պատրաստվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում։ Դիմումատուն Կոնգրես-ՀԺԿ դաշինքն է։ Ըստ Ընտրական օրենսգրքի, ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում կարելի է բողոքարկել դրանց հրապարակումից 5 օրվա ընթացքում։



Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքի քննարկման հետեւանքով, հավանաբար, կհետաձգվի նոր Ազգային ժողովի գումարման հայտարարված օրը՝ ապրիլի 27-ը։ Իսկ դաշինքի ներկայացուցիչները մինչեւ ապրիլի 14-ը բողոքը կմուտքագրեն Սահմանադրական դատարան։ «Շատ հիմնավոր փաստաթուղթ է ներկայացվելու, հիմա աշխատանքային խումբ ունենք, որն աշխատում է բողոքի վրա։ Մեր խնդիրը կլինի հասարակությանը ցույց տալ, որ այս ընտրությունները հերթական կեղծված ընտրություններն են, միգուցե այս անգամ կեղծիքի ծավալն անհամեմատ մեծ է եղել, քան նախկինում։ Ինչքան էլ փորձեն քողարկել էլեկտրոնային գրանցման սարքերի տակ, միեւնույն է, մեզ համար ակնհայտ է, որ այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ՝ կատարված հսկայածավալ կեղծիքների պատճառով»,- ասում է ԿԸՀ-ում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, որը բողոքի հեղինակներից է։ Նա առայժմ հրաժարվեց ներկայացնել դրա հիմքերը, սակայն նշեց, որ փաստաթուղթը ներառում է թե իրավական գործընթացների՝ առաջադրումների սկիզբը, թե նախընտրական քարոզչության ընթացքում տեղ գտած չարաշահումները։ «Առանց չարաշահումներին անդրադառնալու, երկու բառով ասեմ, մենք կփորձենք նաեւ ցույց տալ այն ակնհայտ ապօրինի ազդեցությունն ընտրությունների արդյունքի վրա, որն առաջացել է վարչական ռեսուրսի եւ ընտրական կաշառքի կիրառման արդյունքում։ Սահմանադրական դատարանին ընդամենը մեկ տոկոս արդարամտություն է պետք, քանի որ դաշինքը հստակ ապացուցելու է, որ խախտումները եղել են համատարած եւ համակարգված բնույթի, ուղղորդվել են մեկ կենտրոնից, եղել են պլանավորված, նախօրոք մշակված եւ իրականացվել են կոնկրետ խումբ մարդկանց միջոցով։ Դրանց ազդեցությունը եղել է անհաշվելի, որեւէ մեկը կոնկրետ չի կարող ասել, թե քանի ձայնի վրա է ազդել, իսկ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ եթե խախտումներն անհաշվելի են ու դրանց ազդեցությունն ընտրությունների արդյունքի վրա այլեւս անհնար է գնահատել, ապա այդ արդյունքներն օրենքի ուժով պետք է ճանաչվեն անվավեր»։ 



- Այս բողոքում նո՞ւյն դեպքերն են արձանագրված, ինչ ԿԸՀ բողոքում։



- Մենք ցույց ենք տալու խախտումների համատարած լինելը։ Պետք է ապացուցենք, որ ԿԸՀ որոշումն ընտրությունների արդյունքների վերաբերյալ անհիմն է։ Իսկ խախտումները, ես այսպես ասեմ՝ մենք դիտարկել ենք 1500 տեղամաս օնլայն հեռարձակմամբ։ Չկա մի տեղամաս, որտեղ առնվազն օրվա մեջ 10-15 րոպեի պարբերականությամբ խախտված չլինի քվեարկության գաղտնիության իրավունքը; Պարզապես այդ ծավալը ցույց տալու համար մեզ պետք կլինի 1500 անգամ մոտավորապես 12 ժամ, որը, իհարկե, ողջամիտ չէ։ Դրա համար մենք ուղղակի ցույց կտանք, որ սա եղել է համատարած գործելաոճ։



- Հնարավո՞ր է, որ ձեր բողոքի քննության ընթացքն ազդի նոր Ազգային ժողովի գումարման ժամկետի վրա, որը, որքան գիտենք, ապրիլի 27-ին է նշանակված։



- Կազուս կա այդտեղ, որովհետեւ արդեն հայտարարել են, որ ապրիլի 27-ին առաջին նիստը պետք է լինի։ Հետաքրքիր բան է ստացվում։ Սահմանադրությունն ասում է, որ ԱԺ-ն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Հինգերորդ գումարման ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել 2012 թվականի մայիսի 6-ին, այսինքն՝ առնվազն մինչեւ մայիսի 6-ը հինգերորդ գումարման ԱԺ պատգամավորը պետք է ունենա իր լիազորությունները։ Հակառակ դեպքում կստացվի, որ իրենք լուծարում են Ազգային ժողովը։ Առաջնային մանդատով ընտրված պատգամավորի լիազորությունը կարող է դադարեցվել միայն Սահմանադրությամբ մեզ հայտնի դեպքերում, բայց ոչ այս դեպքում․ սա օրենքի ուժով չի կարող դադարեցվել։



- Ինչի՞ց է առաջացել խնդիրը։



- Ազգային ժողովի ընտրությունները նշանակվել են 2016 թվականի Սահմանադրությամբ, իսկ լիազորությունների դադարեցումն իրենք հաշվարկել են մինչ այդ գործող Սահմանադրությամբ։ Նոր Սահմանադրությամբ՝ 15 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, ԱԺ գործողության ժամկետն առնվազն մինչեւ մայիսի 31-ն է, որից հետո կարող է երկարել, եթե երկրորդ փուլ կա եւ այլն, եւ այլն։



- Հիմա եթե Ձեր բողոքը քննարկման փուլում լինի, նոր ԱԺ գումարման ժամկետը կհետաձգվի՞։



- Դա արդեն կերկարացնի ժամկետը։ Քանի դեռ բողոքը չի քննարկվել, նոր Ազգային ժողով գումարվել չի կարող։ Հիմա տեսականորեն, ցավոք սրտի, մեզ մոտ միայն տեսականորեն կարող ենք պատկերացնել, որ Սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչում ընտրությունների արդյունքները կամ վերաքվեարկություններ է նշանակում իքս քանակությամբ տեղամասերում, որի արդյունքում փոխվում է մանդատների բաշխումը կամ հարաբերակցությունը։ Այս պայմաններում, իհարկե, նաեւ նախատեսված է, որ նոր ԱԺ-ի գումարումը կհետաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ Սահմանադրական դատարանը վերջնական ակտ չի կայացրել։



ՀԳ․ Հիշեցնենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով, դիմումների քննության առավելագույն ժամկետը 15 օր է։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ