Կշարունակենք խթանել հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը․ Բորել

Կշարունակենք խթանել հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը․ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելի հայտարարել է, որ Եվրոպական Միությունը կշարունակի խթանել «հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը»։

Տեղեկանում ենք երեկ ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից։

«Եվրոպական Միությունը ողջունում է գործողությունները, որոնք Հայաստանի և Ադրբեջանը ձեռնարկել են ու Վրաստանը նպաստել է, որ հանգեցրին Ադրբեջանի կողմից 15 հայ կալանավորվածների ազատմանն ու Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը շաբաթ օրը», - ասված է Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի անունից տարածված հայտարարության մեջ։

Ըստ Բորելի՝ գերիների և ականապատ տարածքների քարտեզների փոխանակումը  «Բաքվի և Երևանի կողմից մարդայնական ու վստահության կառուցման կարևոր ժեստեր են»։

«Սրանք Բաքվի և Երևանի կողմից մարդայնական ու վստահության կառուցման կարևոր ժեստեր են, որոնք, հույս կա, որ կողմերի հետագա համագործակցության և բոլոր հայ կալանավորվածներին վերջնական ազատ արձակման համար ուղին կբացեն, ինչպես նաև ականապատ տարածքների բոլոր առկա քարտեզների հանձնման համար՝ հետագա քաղաքացիական զոհերից խուսափելու նպատակով»:

«Եվրոպական Միությունը և միջազգային այլ դերակատարներ ակտիվորեն խրախուսել են շարժերն այս ուղղությամբ, և մենք հետագա համագործակցության կոչ ենք անում ներգրավված երկրների միջև», - նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

Եվրամիության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ  կշարունակեն խթանել «հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը»։

«Մենք կշարունակենք խթանել հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը, այդ թվում` որտեղ հնարավոր է կայունացման, հետկոնֆլիկտային վերականգնման և վստահության կառուցման միջոցառումների միջոցով, ու կրկնել մեր կոչը Հայաստանին և Ադրբեջանին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո վերաներգրավվել առարկայական բանակցություններում», - եզրափակել է նա: