Փոլ Գոբլին անձամբ հարց եմ ուղղել Մեղրիի մասին
Քարոզարշավի այս օրերին «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ պրն Ռ. Քոչարյանին հաճախակի ուղղվող հարցերից մեկը վերաբերում է, այսպես կոչված, «Մեղրիի փոխանակման» ծրագրին:
Կրթության նախարարության մասնագետների խմբի հետ 2002 թվականին գտնվում էի ԱՄՆ-ում: Այցը նվիրված էր քաղաքացիական կրթությանն ու քաղաքացիական հասարակություն ձևավորելու խնդիրներին: Ի շարս տարբեր հանդիպումների` Ջորջիա նահանգում, CNN-ի կենտրոնակայանում հանդիպում էր կազմակերպվել ԱՄՆ քաղաքական գործիչների հետ, որոնց մեջ էր նաև մեր հանրությանը հայտնի Փոլ Գոբլը: Այն նույն Գոբլը, որի անվան հետ է կապվում, այսպես կոչված, «Մեղրիի փոխանակման» ծրագիրը: Օգտվելով հնարավորությունից ես պարոն Գոբլին ուղղել եմ հարց, որի բովանդակությունը սեղմ հետևյալն էր.
«Արդյո՞ք դուք, կատարելով այս առաջարկը, չեք անցել ինքնիշխան պետության սուվերենության սահմանները և անտեսել այն հետևանքները, որոնք կարող էին առաջանալ կապված Հայաստանի արտաքին սահմանների փոփոխության, ինչպես նաև նոր տեղահանումների հետ»:
Բառացի մեջբերում եմ Փոլ Գոբլի պատասխանը.
«Ամերիկյան կառավարությունը մեզ հանձնարարել էր տալ կոնֆլիկտի լուծման հնարավոր տարբերակներ: Մեր տարբերակներից մեկը Ղարաբաղի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև տարանցիկ ճանապարհների բացմանն էր վերաբերում: Այս առաջարկի շրջանակներում Ադրբեջանը ցանկանում էր ավելին ստանալ, և նրանք գեներացրեցին փոխանակման այս գաղափարը: Սա գաղափար էլ կմնար, եթե ձեր երկրի ընդիմությունը այն չակտիվացներ՝ ձեր իսկ հասարակության մեջ: Հավանաբար սա ընդդիմության համար լավ «գործիք» էր՝ ճնշելու իշխանությանը, այնպես որ` այս հարցի պատասխանը ճիշտ կլինի փնտրել ձեր հանրության մեջ»:
Վիկտոր Մարտիրոսյան, Կրթության ազգային ինստիտուտի հիմնադիր տնօրեն
Կարծիքներ