Մի մարդ, ով 80 տոկոս վստահությամբ դարձավ վարչապետ, հիմա 8 տոկոս վարկանիշ ունի

Մի մարդ, ով 80 տոկոս վստահությամբ դարձավ վարչապետ, հիմա 8 տոկոս վարկանիշ ունի

GALLUP International Association-ը մարտի 27-29-ը 1101 քաղաքացիների շրջանում հարցումներ է անցկացրել։ Ի թիվս մի շարք հարցերի, քաղաքացիներից հետաքրքրվել են նաեւ, թե ինչպես են գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։ «Եթե 2023 թվականի հունվարին 13.8 տոկոսը, իսկ մարտին 16.2 տոկոսը նշել էին, որ լիովին դրական են գնահատում, ապա 2024 թվականի մարտին միայն 8 տոկոսն է ասել, որ լիովին դրական է գնահատում։ 17.1 տոկոսն ասել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, 19.9-ը՝ ավելի շուտ բացասական, 47.1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, իսկ 7.9 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: Ունենք 70-78 տոկոսի չափով բացասական պատասխան՝ կապված Նիկոլ Փաշինյանի աշխատանքի հետ»,- նշել էր GALLUP International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի նախկին տնօրեն, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանն ասում է` ամերիկյան վերջին հարցման արդյունքներով էլ գրեթե 15 տոկոս էր Փաշինյանի վարկանիշը, ըստ էության` տարբերությունը մեծ չէ. «Ի դեպ, 2 հարցումների դեպքում էլ արդյունքների ճշգրտությունը, պլյուս-մինուս` 3 տոկոս է: Ակնհայտ է, որ հիմնական միտումն անկումն է: Մի մարդ, ով 80 տոկոս վստահությամբ է եկել դարձել վարչապետ, հիմա 8 տոկոս վարկանիշ ունի, թող լինի 10 տոկոս, դա այնպիսի անկում է, որ նկարագրելու բան չէ»:

Պողոսյանը չնայած վերապահումներով է մոտենում հեռախոսային հարցումներին, բայց հաշվի առնելով հանրային տրամադրությունները եւ այլ հարցումներ եւս, կարծում է` ճիշտ է արտացոլված ընդհանուր պատկերը. «Ճիշտ է՝ հեռախոսային հարցումներին ես այնքան էլ չեմ վստահում, բայց ընդհանուր միտումը երեւում է վաղուց եւ շատ պարզորոշ, այն է` շատ լուրջ անկում է գնում»:

Ի դեպ, այս հարցումից հետո մամուլում գրվեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 16 մլն 755 հազար դրամի պայմանագիր է կնքել ընկերություններից մեկի հետ՝ հանրության շրջանում պետության եւ պետականության վերաբերյալ ընկալումների մասին վարկանիշային հետազոտության համար, որին պետք է մասնակցի 1200 քաղաքացի: Սա վարկանիշը փրկելու փո՞րձ է, որ վարչապետի աշխատակազմը սեփական հարցումն է պատվիրում։

«Ըստ երեւույթին, հետո զարմանալի մեծ թիվ է 1200 հոգու շրջանում նման հարցում անելու համար 16 մլն դրամ հատկացնել` սա նորություն է մեր սոցիոլոգիայի պրակտիկայում: Հայաստանում երբեք այդքան թանկ չեն արժեցել հարցումները, այդ գումարով առնվազն մի 4 հատ հարցում եւս կարելի էր անել: Այստեղ կարեւոր է նաեւ այն, թե ձեր հարցաթերթը քանի հարցից է բաղկացած` 5, թե 40 հարցից: Եթե հարցաթերթը մեծ է, բնական է, որ ավելի շատ ժամանակ ես ծախսելու մի հարցում անցկացնելու համար, հիմա ես չգիտեմ՝ իրենց հարցաթերթն ինչ ծավալի է, բայց, բոլոր դեպքերում, այդ գումարը մի քանի հարցման արժեք է»:

Հարցման մասնակիցների մոտ 67 տոկոսը նշել է, որ այս իշխանությունը, կառավարությունն ունակ չի լինի ՀՀ-ի համար Հայաստանի շահերից բխող պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Հարցվածների 79,7 տոկոսի համար էլ ընդհանրապես ընդունելի չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը` Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ սահմանազատումն իրականացնել փուլային եղանակով, որը նախատեսում է սկսել Տավուշի մարզից, ինչը նշանակում է չորս բնակավայրերի, գյուղերի, անկլավների փոխանցում Ադրբեջանին:
Այս առնչությամբ Գ. Պողոսյանը կարծում է, որ միանգամայն ռեալ թիվ է արտացոլված, քանի որ սա վերջին շրջանում հանրությանը հուզող ամենակարեւոր հարցն է. «Ընդհանրապես, Տավուշի թեման, այդ 4 գյուղերի հանձնումը շատ սուր է ընկալվում բնակչության կողմից, ու դա՝ անկախ տոկոսներից, ու թե ով է հարցումն անցկացրել: Սա վերջին կաթիլն էր, որովհետեւ մինչեւ հիմա խոսում էին, որ «Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք, խաղաղություն հաստատվի», հիմա պարզվեց, որ հարցն Արցախով չավարտվեց, ավելին` մարդիկ հասկանում են, որ Տավուշի 4 գյուղերով էլ չի ավարտվելու, այսինքն՝ սա վերջին կաթիլն էր: Եթե հիշում եք, Արցախի հարցում էլ գրեթե 95 տոկոսը դեմ էր, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում, բայց այսօրվա իշխանությունները բնակչության կարծիքի հետ ընդհանրապես հաշվի չնստեցին եւ չեն նստում։ Փաստորեն, մենք ժողովրդավարության բաստիոնից վերածվել ենք անհասկանալի մի պետության, որտեղ մի հոգու կամքով ամեն ինչ որոշվում է, անկախ նրանից՝ բնակչությունը համաձա՞յն է, թե՞ ոչ, քանի տոկոսն է համաձայն, դա արդեն իշխանությունների՝ որոշում կայացնելու վրա ոչ մի ազդեցություն չի ունենում»:

Տավուշի թեման, ըստ սոցիոլոգի, հավասարապես ազդել է թե՛ իշխանության եւ թե՛ անձամբ վարչապետի վարկանիշի վրա, ու դա նաեւ ամիսների կտրվածքով է երեւում. «Որովհետեւ ղարաբաղյան զիջումների թեմայից արդեն անցանք հայաստանյան զիջումների թեմային, ու բնական է, որ դա բոլորովին այլ կերպ է ընկալվում ողջ բնակչության կողմից։ Նորից կրկնեմ, որ սա վերջին կաթիլն էր թե՛ համբերության, թե՛ վստահության եւ թե՛ սպասելիքների առումով, որ խաղաղության պայմանագիր կկնքվի, հիմա մարդիկ դրան էլ չեն հավատում»:

Քաղաքացիների 78,1 տոկոսը Հայաստանին բարեկամ է համարում Ֆրանսիան, իսկ Ռուսաստանին՝ միայն 29,7 տոկոսը։ Գեւորգ Պողոսյանը նկատում է, որ Ռուսաստանը վերջին 25-30 տարիների ընթացքում միշտ եղել է առաջին տեղում՝ որպես բարեկամ պետություն եւ ռազմավարական դաշնակից։ «80-85 տոկոս արդյունքներ ենք միշտ ստացել, բայց վերջին 2 տարում նկատվում է անկում, որովհետեւ ընդհանուր հանրային կարծիքի վերաձեւավորում է գնում։ Դա արվում է միտումնավոր, թե պատահական` չգիտեմ, բայց ցանկացած ինֆորմացիա, որ նետվում է դաշտ, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը վստահելի գործընկեր չէ, մեզ չօգնեց, Արցախը չպաշտպանեց, արդյունքում դրական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ 80-85-ից իջավ մինչեւ 29 տոկոս, փոխարենը բարձրացել է Ֆրանսիայի, Իրանի, ԱՄՆ-ի տոկոսը, դա էլ պատահական չէ: Մենք էլ երբ հարցում էինք անում ու խնդրում էինք նշել Հայաստանի համար վստահելի ռազմավարական դաշնակից, տալիս էին Ֆրանսիայի, Իրանի, Ամերիկայի անունները, հետո նոր՝ Ռուսաստանի անունը, ու դա՝ այն դեպքում, որ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ն թե՛ գրավոր, թե՛ բանավոր ոչ մի անվտանգային երաշխիք չեն տվել, որ պատերազմի դեպքում կգան, մեզ կօգնեն կամ զորք կուղարկեն, բայց տպավորությունն այդպիսին է, եւ հանրային կարծիքում հակառուսական տրամադրությունները շատ ուժեղ են արտահայտված: Ձեզ ավելին ասեմ՝ նույնը Ռուսաստանում է, ես հետեւում եմ այնտեղի իմ գործընկերների հարցումներին եւս, այնտեղ էլ հակահայկական ալիքն է շատացել, այսինքն՝ 2 կողմից գնում է խորը լարվածություն միմյանց նկատմամբ, ինչը շատ վատ է»,- եզրափակում է Գ. Պողոսյանը: