Արևմուտքը եթե մի ճակատում պարտվում է, այլ ճակատներում ասիմետրիկ գործողություններ է անելու

Արևմուտքը եթե մի ճակատում պարտվում է, այլ ճակատներում ասիմետրիկ գործողություններ է անելու

Եվրամիության կողմից Հայաստանին 270 միլիոն եվրո գրանտի տրամադրումը` 4 տարվա ընթացքում թե զարմանքի, թե բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ։ Ռազմական փորձագետ, քաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այս պահին Արևմուտքին անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը Ռուսաստանից տնտեսական համագործակցությունը կամ, ինչպես են ասում՝ կախվածությունը կտրի։ 

«Ըստ իս՝ այդ գումարներն առաջին հերթին տրվում են դրա համար։ Ռազմական առումով ռուս սահմանապահների և բազայի դուրս բերումը որոշակի խնդիրներ կարող է այս պահին առաջացնել, բայց տնտեսական առումով փորձեր են անելու, որ Հայաստանը նստացնեն Եվրամիության, այսպես ասած, ներարկիչ ասեղի վրա` ֆինանսական, որ աստիճանաբար կտրեն։ Կարծում եմ, դա բավարար գումար չի, որով Հայաստանը ամբողջովին կտրվի Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններից»,-ասաց Նահապետյանը։ 

Այդ գումարը տալիս են, որ Ռուսաաստանի հետ փոխկապակցված մեր տնտեսվարող սուբյեկտներն իրենց կապերը կտրեն։ Հայաստանը գյուղմթերք է հիմնականում արտահանում և դրա հիմնական շուկան Ռուսաստանն է։ Այդ մթերքը սպառելու համար ինչ-որ նոր շուկա է անհրաժեշտ սպառելու համար։ 
«Ամենաէժան գյուղմթերք արտահանող երկիրը Թուրքիան է, բայց եթե պետք լինի, որ Թուրքիան սպառի, ուրեմն կսպառի Թուրքիան, ի՞նչ խնդիր կա»,-ասաց վերջինս։ Ռուսաստանն ինչպե՞ս կարձագանքի այս գործընթացներին մեր հարցին, վերլուծաբանը նկատեց, որ Զախարովան այդ մասին դեռևս մի քանի օր առաջ է հայտարարությամբ հանդես եկել։ Նահապետյանի կարծիքով այս տնտեսական համագործակցությունը միայն մի բաղադրիչն է, իսկ մյուս բաղադրիչի մասով ոչինչ չի ասվել։ 
«Մյուս բաղադրիչը, կարծում եմ, ավելի շուտ կապված է անվտանգային ճարտարապետություն փոխելու հետ, այսինքն, Հայաստանից ռուսական զինական ներկայությունը դուրս բերելու հետ։ Արևմուտքին առաջին հերթին դա է հետաքրքրում, տնտեսական բաղադրիչը ածանցյալ է։ Եվ այդ դեպքում հարց է առաջանում՝ տնտեսական բաղադրիչի մասնագե՞տ է Արմեն Գրիգորյանը, որ գտնվում է այնտեղ։ Հակված եմ մտածել, որ այնտեղ կոնկրետ բանակցություններ են գնացել այդ թեմայով և որի մասին, իհարկե, հաղորդագրություն չի լինի: Արմեն Գրիգորյանը որևիցե առումով չի առնչվում տնտեսական գործունեության և այլնի հետ»,-ասաց նա։ 

Հայաստանին սպասվող հավանական սցենարները կախված են աշխարհաքաղաքական այն ցնցումներից, որոնք այսօր տեղի են ունենում։ Տեսականորեն, եթե մինչև տարվա վերջ Արևմուտքը չկարողացավ հակաքայլեր իրականացնել Ռուսաստանի առաջխաղացումը կասեցնելու համար ուկրաինական ճակատում, դա նշանակում է, որ համակերպվելու է այդ իրողության հետ, որ Ռուսաստանի ազդեցության ոլորտները ոչ միայն Ուկրաինայում, այլև հետխորհրդային տարածքի բոլոր հանրապետություններում պետք է լինի։ 

«Սև ծովից կտրելու խնդիր կա, Օդեսսայի և Նիկոլաևի մարզերը վերցնելու խնդիր կա, բայց դա դեռ չի ավարտվել, որովհետև, այնուամենայնիվ, ռուսական զորքերի առաջխաղացումը և նրանց պաշտպանական բնագծերի փլուզմանը պատասխան տրվեց ահաբեկչությամբ։ Անօդաչու թռչող սարքերով Ռուսաստանի խորքերին, արդյունաբերական կենտրոններին, էներգակիրների պահեստներին հարվածելն է, ինչպես Ռուսաստանն է անում և ներսում ահաբեկչական գործողություններ անելն է։ Այսինքն, Արևմուտքը որոշել է, քանի որ ճակատում չի հաջողում՝ խնդիրներ է առաջացնելու Ռուսաստանի ներսում, որպեսզի ժամանակ շահի, որ եվրոպական երկրների ռազմարդրյունաբերական համալիրները ամբողջ թափով աշխատեն, որովհետև ակնհայտ է, որ ուկրաինական բանակը զինամթերքի լրջագույն պրոբլեմ ունի, կարծում եմ Արևմուտքն այսօր այդ խնդիրն է լուծում»,-ասաց Հայկ Նահապետյանը։ 

Եթե Ուկրաինայում ՌԴ-ին չկարողանա կասեցնել Արևրմուտքը, նշանակում է, որ մեր տարածաշրջանը համեմատաբար խաղա՞ղ կլինի, Նահապետյանն ասաց, որ եթե Միացյալ Նահանգները հաշտվի այն մտքի հետ, որ աշխարհի վերաբաժանման հարցը լուծվել է, ինչին թերահավատորեն է մոտենում, ապա Ռուսաստանը հետամուտ է լինելու վերականգնել իր ազդեցությունը հեռխորհրդային տարածքի բոլոր երկրներում։ «Բայց Արևմուտքն ունի մի քանի լուրջ գործիքակազմեր, այդ թվում նաև Ռուսաստանի ներսում ահաբեկչություններ իրականացնել, մեծ հեռավորության վրա թռչող հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր օգտագործել, հետխորհրդային տարածքի տարբեր հանրապետություններում Ռուսաստանի դեմ գործողություններ սկսել։ Միջինասիական հանրապետությունների խնդիրը կա, որ կարող են բրիտանա-թուրքական պրոյեկտի մեջ ներգրավեն և Ռուսաստանի համար խնդիրներ առաջացնեն, մասնավորապես` Ղազախստանից, որի հետ սահմանը Ռուսաստանի եհտ ամենաերկարն է աշխարհում՝ մոտ 7600 կիլոմետր, սա լրջագույն խնդիր է Ռուսաստանի համար։ Ուզում եմ ասել, Արևմուտքը ունի գործիքակազմ, մի ճակատում ինքը պարտվում է, այլ ճակատներում ասիմետրիկ գործողություններ է անելու»,-եզրափակեց Հայկ Նահապետյանը։