Այս նախագիծն ինչպե՞ս կնպաստի ավագ դպրոցի որակի բարձրացմանը

Այս նախագիծն ինչպե՞ս կնպաստի ավագ դպրոցի որակի բարձրացմանը

ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման եւ գործարկման կարգի նախագիծը, որով նախատեսվում է դպրոցից բուհ, քոլեջ եւ ուսումնարան անցման նոր համակարգի փորձարկում: Կրեդիտային համակարգի ներդրման նպատակը դպրոցից բուհ անցումն ավելի դյուրին դարձնելն է: Մասնավորապես, 10-12-րդ դասարաններում սովորողի ընտրած առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակված կրեդիտները կարող են փոխարինվել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններով:

Ավելին` կուտակված կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան առարկայական դասընթացների ուսումնասիրությունից՝ տվյալ հաստատության սահմանած կարգով կրեդիտն ընդունելու դեպքում: Կրեդիտները կարող են փոխանցվել նաեւ դպրոցի եւ արտադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատությունների միջեւ՝ փոխադարձ պայմանագրերի հիման վրա: 

Մեկ կրեդիտը համարժեք է սովորողի 34 ժամ ուսումնական բեռնվածությանը, որը ներառում է դասարանային, արտադասարանային եւ ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասերին, այդ թվում՝ գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը, նախագծային ուսուցումը եւ այլն։ Սովորողը մեկ կիսամյակում պետք է ունենա 17,5 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով), իսկ մեկ ուսումնական տարում` 35 կրեդիտ։
Կրեդիտային համակարգի ներդրման առաջին փուլը կմեկնարկի 2022-2023 ուսումնական տարվանից սկսած եւ կտեւի 2 տարի: Համակարգն այս փուլում կներդրվի Երեւան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններին կից գործող ավագ դպրոցներում եւ Տավուշի մարզում: Երկրորդ փուլում` 2024-2025 ուստարվանից սկսած, կրեդիտային համակարգը կներդրվի ամբողջ հանրապետությունում:

ԿԳՄՍՆ-ի կողմից շրջանառության դրված նախագիծն արդեն բազմաթիվ մտահոգությունների տեղիք է տվել, մասնավորապես՝ ովքե՞ր են տալու այդ կրեդիտները, որքանո՞վ հնարավոր կլինի ապահովել անաչառություն եւ արդարություն, արդյո՞ք կոռուպցիայի ռիսկ չի առաջանա այս համակարգի ներդրման դեպքում, եւ, ի վերջո՝ դրանով կշահի՞, թե՞ կտուժի կրթության որակը: 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է, որ ավագ դպրոցում կրեդիտների ներդրման գաղափարը հրապարակ է եկել այն ժամանակ, երբ աշակերտները դպրոցում շատ առարկաներ չէին ուզում սովորել. «Եվ կար մոտեցում, որ եթե մենք դրա համար աշակերտին կրեդիտ տանք, եւ ինքն այդ կրեդիտն իր հետ տանի բուհ, բուհում կազատվի այդ առարկայից եւ այդպիսով հնարավորություն կստանա ավագ դպրոցում որոշ առարկաների ավելի լուրջ վերաբերվել: Իսկ այս նախագծում հիմնական գաղափարն այն է, որ փորձ է արվում բուհերում գործող կրեդիտային համակարգը ներդնել դպրոցներում, ընդ որում՝ բոլորս էլ գիտենք, որ երբ բուհերում ներդրվեց կրեդիտային այս համակարգը, որեւէ ազդեցություն չունեցավ կրթության որակի վրա, եւ հիմա պարզ չէ, թե այս նախագիծն ինչպես կնպաստի ավագ դպրոցի որակի բարձրացմանը»:

Մյուս խնդիրը, ըստ փորձագետի, կրեդիտների փոխանցման հարցն է. «Ասվում է` դպրոցը պետք է կազմի կրթական ծրագիր, եւ դրա բովանդակությունը պետք է համապատասխանի բուհի տվյալ առարկայի բովանդակությանը, ընդ որում՝ կարող են լինել ոչ էական տարբերություններ կամ կարող են լինել նաեւ բովանդակային տարբերություններ, բայց վերջնարդյունքները պետք է համարժեք լինեն, այս դեպքում դպրոցի այդ ծրագիրը կարող է հաստատվել, եւ աշակերտը դրանից ստացած կրեդիտն իր հետ տանի բուհ: Այստեղ խնդիրն այն է, որ արդյոք կկարողանա՞ն այդպիսի ծրագրեր մշակել դպրոցներում, որը բուհի համար ընդունելի լինի: Դպրոցը որքանո՞վ կկարողանա մշակել, օրինակ, փիլիսոփայության մի մոդուլ, որին բուհը կասի` շատ լավ: Խնդիրը նաեւ այն է, որ այս ամեն ինչը ներկայացվում է գյուղ-քաղաք ավագ դպրոցների հավասարության համատեքստում, եւ որ սա կբերի հավասարության: Իմ կարծիքով` դժվար թե բերի հավասարության, որովհետեւ հայտնի դպրոցները նորից կմշակեն իրենց մոդուլները, դրանք կճանաչվեն, իսկ սովորական դպրոցները կկարողանա՞ն մշակել այնպիսի մոդուլներ, որոնք բուհերի համար ընդունելի լինեն»:

Սերոբ Խաչատրյանը չի բացառում նաեւ այն հանգամանքը, որ կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր, բայց այս փաստաթղթի հետ կապված՝ առավելապես կարեւորում է այն հարցը, թե ինչ եւ ինչպես է տեղի ունենալու, որ այս համակարգը կարողանա կրթության որակի վրա ազդել. «Ընդամենը կարող է լինել այն, որ երեխան այդ առարկան, որն անցնում էր բուհում, հիմա կանցնի դպրոցում եւ բուհում այլեւս չի անցնի, իսկ գուցե այդ առարկան բուհում կամ դպրոցում ավելի լա՞վ դասավանդվեր: Հիմա, եթե, օրինակ, ես ավագ դպրոցից վերցնեմ հայոց պատմության կրեդիտ եւ ասեմ՝ բուհում էլ ինձ մի դասավանդեք, դա կարող է բերել նրան, որ իմ գիտելիքներն ավելի թույլ լինեն: Պետք չէ մտածել, որ նույն բանը չի կարելի դասավանդել թե՛ ավագ դպրոցում, թե՛ բուհում, ու որ դա ծանրաբեռնում է երեխային։ Ոչ, եթե բուհում որակապես ավելի լավ դասավանդվի, միայն կօգնի: Իսկ սա կարող է լինել հերթական անիմաստ բեռնաթափումը»:

Մեկ այլ խնդիր եւս, որ մատնանշում է կրթության փորձագետը․ նախագծում նշվում է, որ այս կրեդիտները կարող են օգտագործվել ընդունելության քննություննների ժամանակ, բայց որեւէ կերպ նշած չէ, թե ինչպես է դա լինելու։ «Այսինքն՝ դպրոցի թվանշանով ես բո՞ւհ եմ ընդունվելու․ մի քիչ անհասկանալի է այս պահը, եւ, ընդհանրապես, փաստաթղթի լեզուն շատ բարդ է գրված եւ կոնկրետացման կարիք ունի ու նաեւ չի համոզում մեզ, որ այս ձեւով կրթության որակը կբարձրանա»,- ասում է նա ու հավելում, որ լավ կլիներ՝ նախագծում նշվեր նաեւ, թե կա՞ն երկրներ, որ ներդրել են այս փորձը եւ հաջողության հասել: