Փաստաբաններին ծեծի ենթարկած ոստիկաններին մեղադրանք չի առաջադրվել

Փաստաբաններին ծեծի ենթարկած ոստիկաններին մեղադրանք չի առաջադրվել

Փետրվարի 9-ին ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին, փետրվարի 10-ին հրավիրած ասուլիսում հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ Դեպքը տեղի է ունեցել ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ փաստաբանները ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։

Փաստաբան Մարզպետ Ավագյանի խոսքով, այդ ժամանակ իրենց պաշտպանյալը պատմելիս է եղել, թե ինչպես են իրեն նախորդ օրը ծեծի ենթարկել ոստիկանները.

«Օպերատիվ աշխատողները մեծ քանակությամբ եկել բաց դռան առջև կանգնել էին։ Դա ուղղված էր ճնշում գործադրելուն անչափահաս վկայի, ձերբակալված անձի նկատմամբ, որպեսզի նա չպնդի իր ցուցմունքները»։

Ծեծի ենթարկված փաստաբանների շահերի պաշտպան Հրանտ Անանյանը մանրամասներ ներկայացրեց․ ոստիկանի և անչափահասի առերեսման ժամանակ իրավապահները ծաղրել են փաստաբաններին.

«Գլուխը հագուստով ծածկել են, մի քանի հոգով ծեծի ենթարկել, գետնին պառկեցրել, ոտքերը դրել իրենց վրա... Ու էդ ցուցմունքները տալու ժամանակ օպերլիազորի մոտ, ով որ առերեսվում էր տվյալ անչափահաս վկայի հետ, ըստ էության լարվածություն ա կուտակվել»։

Լարվածության գագաթնակետին հասել է այն ժամանակ, երբ, փաստաբան Անանյանի խոսքով, անչափահաս տղայի պաշտպանները հարցեր են տվել ոստիկաններին։ Պատասխաների փոխարեն բռունցքներ են գործի դրվել արդեն միջանքում.

«Էմանուել Անանյանը, ով մի քանի վայրկյան անց է դուրս եկել միջանցք, երբ Մարզպետ Ավագյանին շրջափակած են եղել ու ձեռքերով ու ոտքերով հարվածել են, հորդորել է հանգստանալ բոլորին, ոլորել են նաև Էմանուել Անանյանի ձեռքերը և հարվածներ են հասցրել»։

Ծեծին հաջորդել են ոստիկանների սպառնալիքները, թե հաղորդում տալու դեպքում հաշվեհարդար կտեսնեն նրանց հետ։

Դեպքից հետո ոստիկանությունից պալատի նախագահին ասել են, թե փաստաբաններն են ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել։ Դեպքից օրեր անց ի՞նչ ընթացքում է այս գործը, ի վերջո՝ ով ում է ծեծի ենթարկել, ինչո՞ւ քրեական վարույթ դեռևս չի հարուցվել, այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանից:

Նրա խոսքով` գործի քննությունը նոր է սկսվել, ուստի որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել. «Գործը քննությունը նոր է սկսվել, հանգամանքները դեռևս պարզվում են, երբ որ լինեն բավարար հիմքեր, որևէ մեկի դեմ քրեական վարույթ իրականանցելու համար, այդ ժամանակ էլ գործն ընթացք կստանա, այս պահին դեռևս այդ փուլին գործը չի հասել», - նշեց Աբրահամյանը:

Հարցին, թե ծեծի ենթարկված փաստաբանները, նրանց պատառոտված հագուստներն ու առկա մարմնական վնասվածքները հիմք չե՞ն հանդիսանում վարույթ իրականացնելու համար, քննչականի խոսնակն ասաց. «Այս պահի դրությամբ երկու կողմից էլ ներկայացված հաղորդումներ ունենք: Փաստաբաններից մեկը բռնության ենթարկվելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել, միաժամանակ հենց այդ նույն ոստիկանները ևս հաղորդում են ներկայացրել, որ իրենք են փաստաբանների կողմից բռնության ենթարկվել»,- նշեց նա։