Մենք ձեզ կներենք, որովհետև դրա համար ենք եկել․․․    

Մենք ձեզ կներենք, որովհետև դրա համար ենք եկել․․․    

Առաջ ես չէի պատկերացնում նման բան։ Քարոզչություն անող մեկը բերել էր ցեղախմբից   երկու մարդու ու ասում էր, որ այս մեկը մարդակեր է ու կերել է մյուսի  զավակին։ Ահա տեսեք, մարդակերը եկել ու ներողություն է խնդրում զավակին խժռած հորը։ Նայում ու չէի հավատում, որ զավակին խժռած հայրը կների նրան։ Մարդակերը անկեղծ զղչում էր, նույնիսկ արցունքներ էին երևում նրա աչքերում։ Ի զարմանս ինձ, քիչ հետո նրանք  գրկախառնվում են։ 

Տարիներ առաջ, երբ նայում էի այդ տեսանյութը, չէի հավատում, որ կարող է նման բան լինել։ Մտածում էի, որ դա հորինվածք է։ Սպայկայի մեքենաները տեսնելով, որ օգնություն էր հասցնում Թուրքիային, երբ այդ նույն մեքենաներով մեր երեխեքի խոշտանգված դիակներն էին բերում, այս պատմությունը հիշեցի։ Այսինքն մենք  չենք տարբերվում այն ցեղախմբից, որը կարող է խժռել զավակիդ, ազգիդ, իսկ դու դեռ թարմ ոսկորների վրա կարող ես ներել ու գրկախառնվել նրա հետ։ Մենք նույնիսկ մի քանի գլուխ ցածր ենք այդ ցեղախմբից։ Չէ՞ որ մարդակերն արցունքն աչքերին զղչում, ներողություն էր խնդրում ծնողից։ Իսկ մեզ ներողություն չեն խնդրել անգամ 1,5 միլիոն հայերի ցեղասպանության համար։ Մենք գիտենք, որ նրանք շարունակելու են անել այն, ինչ անում էին։ Ու դա մեզանից լավ գիտի մեր իշխանությունը։

Ռուբինյանների ու ՔՊ-ական այլ իշխանավորների կողմից խոսել հարևանին հումանիտար օգնություն ցույց տալու անհրաժեշտությունը, վկայում է մի բան՝ հումանիտար օգնության շղարշի տակ իրենց հավատարմությունն են առաջարկում Թուրքիային։ Հումանիտար օգնության շղարշի տակ խաբում են հայ ժողովրդին։ Մեզ մորթեք, սպանեք, հացից զրկեք, փակեք ճանապարհները, ստեղծեք հումանիտար աղետ, միևնույն է, մենք ձեզ հավատարիմ ենք։ Մեզ ահաբեկեք նոր պատերազմով, մեր տարածքները զավթելու սպառնալիքով, միևնույն է, մենք հավատարիմ ենք ձեզ, որովհետև հարևան ենք, իսկ հարևանը պարտավոր է մորթել, սպառնալ, ահաբեկել, մտնել քո սուվերեն տարածք, խոշտանգել գերիներիդ։ Մենք ձեզ կներենք, որովհետև դրա համար ենք եկել․․․