Մրցանակներ՝ ԱՊՀ «Գրքարվեստ» մրցույթից

Մրցանակներ՝ ԱՊՀ «Գրքարվեստ» մրցույթից

Սեպտեմբերի 4-ին մեկնարկել է Մոսկվայի գրքի 33-րդ ամենամյա տոնավաճառը, որի շրջանակում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» 17-րդ մրցույթի պաշտոնական մրցանակաբաշխությունը: Համավարակի պատճառով այս տարի ԱՊՀ երկրները մրցույթին եւ մրցանակաբաշխությանը մասնակցել են հեռավար:

Մինչ այդ՝ օգոստոսի 19-20-ը Մինսկում կայացած վերոնշյալ մրցույթում Հայաստանը ներկայացել էր չորս գրքով՝ համապատասխան չորս անվանակարգում զբաղեցնելով մրցանակային տեղեր։ «Գրան պրի» անվանակարգում հաղթող էր ճանաչվել Սեն Հովհաննիսյանի «Atlas of Armenia»-ն («Նահապետ» հրատարակչություն), նաեւ Հատուկ մրցանակ՝ «Գիտություն եւ կրթություն» անվանակարգում: «Անտարես» հրատարակչության կողմից ներկայացված «Մաեստրո. Սերգեյ Փարաջանով» գիրք-ֆոտոալբոմը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ «Փոխադարձ բարեկամություն» անվանակարգում: «Իմ երկիրը» անվանակարգում ներկայացված «Իմ Երեւան» ֆոտոալբոմը եւս զբաղեցրել է 2-րդ տեղը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ներկայացված «Հեթում Բ արքայի ճաշոցը» գիրքն էլ երկրորդ մրցանակի արժանացավ «Նկարազարդումների արվեստ» անվանակարգում:

Մրցույթի հայաստանյան ներկայացուցիչն այս տարի Հայաստանի ազգային գրադարանի գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Մարգարետ Ասլանյանն էր, ով նաեւ ժյուրիի անդամ էր հանդիսանում: