Եթե բարոն Մոնտեսքյոն ողջ լիներ․․․

Եթե բարոն Մոնտեսքյոն ողջ լիներ․․․

Տարիներ շարունակ մեզանում քննարկում են օրենքի, օրինականության, մարդկանց իրավունքների թեմաները: Հավանաբար 18-րդ դարում էլ է եղել նման խնդիր, ինչը բարոն Շառլ Լուի Մոնտեսքյոին դրդել է ստեղծել «Օրենքի ոգին» (ֆրանսերեն՝ De l’esprit des loix) աշխատությունը:
Մոնտեքյոն Լուսավորության դարաշրջանի վաղ փուլի երևելի ներկայացուցիչներից է, եվրոպական լիբերալիզմի նախահայրը, ով մեծ ներդրում է ունեցել ոչ միայն ֆրանսիական, այլև համաշխարհային մշակույթում, նշանակալի ազդեցություն է ունեցել ազատասեր և առաջադեմ մարդկանց ձևավորման վրա: «Օրենքների ոգու մասին» նրա տրակտատը հրապարակել է անանուն, Ժնևում 1748 թվականին: Այն ներառված է եղել արգելված գրքերի ցանկում, ինչը, այնուամենայնիվ, չի խանգարել, որպեսզի տրակտատը հանրաճանաչ դառնա Ֆրանսիայի սահմաններից դուրս և թարգմանվի եվրոպական մի քանի լեզուներով: 

Թվում է, թե այդ աշխատության բազմաթիվ դրույթներ այսօր էլ արդիական են, հատկապես մեզ համար: Իրավունքի մասին Մոտեսքյոն գրել է, որ օրենքներին, որոնք ստեղծել են մարդիկ, պետք է նախորդած լինի արդարացի հարաբերությունների հնարավորությունը: Մարդիկ ունեն օրենքներ, որոնք սահմանում են հարաբերությունները կառավարողների և կառավարվողների միջև. դա քաղաքական իրավունքն է: Կան օրենքներ, որոնք սահմանում են բոլոր քաղաքացիների հարաբերությունները միմյանց հետ. դա քաղաքացիական իրավունքն է:

Որպես ֆիզիկական էակ, մարդը, բնական մյուս մարմինների նման, կառավարվում է անփոփոխ բնական օրենքներով, սակայն որպես բանական և իր սեփական մղումներով գործող էակ, մարդն անընդհատ խախտում է ինչպես բնության այդ հավերժական օրենքները, այնպես էլ փոփոխական մարդկային օրենքները:

Հասարակության մեջ ապրող մարդկանց՝ ընդհանուր օրենքների նկատմամբ պահանջմունքը պայմանավորում է պետության ձևավորումը: Պետության ձևավորման (քաղաքական իրավիճակ) և ընդհանուր օրենքների համար անհրաժեշտ է քաղաքա­ցիական իրավիճակ (կամքի միասնություն): 
Խոսելով պատերազմի մասին, Մոնտեսքյոն նկատել է, որ հենց որ մարդիկ միավորվում են հասարակության մեջ, կորցնում են իրենց թուլության գիտակցումը: Գոյություն ունեցած հավասարակշռությունը վերանում է և սկսվում է պատերազմը (քանի դեռ Թուրքիան չէր միավորվել Ադրբեջանի հետ, գոյություն ուներ որոշակի հավասա­րակշռութ­յուն, իսկ միավորվելուց հետո տեղի ունեցավ պատերազմ, որը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ «մեկ ժողովուրդ երկու պետությունը» միավորված են-Գ.Վ.):

Յուրաքանչյուր հասարակություն սկսում է գիտակցել իր ուժը, այստեղից պատերազմի վիճակը ժողովուրդների միջև: Առանձին անձինք սկսում են զգալ իրենց ուժը, այստեղից պատերազմ առանձին անձանց միջև: Պատերազմի նպատակը հաղթանակն է, հաղթանակի նպատակը՝ զավթելը, զավթելու նպատակը՝ պահպանելը: Դրանից և նախորդող սկզբունքներից պետք է ծագեն բոլոր օրենքները, որոնք ձևավորում են միջազգային իրավունքը:
Ժողովրդի ոգու մասին խոսելիս, Մոնտեսքյոն նշել է, որ աշխարհը ղեկավարվում է ոչ թե աստվածային նախախնամությամբ կամ ճակատագրով, այլ ցանկացած հասարակության մեջ գործող բարոյական և ֆիզիկական կարգի օբյեկտիվ ընդհանուր պատճառներով, որոնք պայմանավորում են «ժողովրդի ոգին» և նրա պետական ​​ու իրավական կյանքի համապատասխան ձևերն ու նորմերը (որտեղ և երբ ենք ձևախեղել այդ ձևերը և նորմերը, որտեղ ենք պարտակել ժողովրդի ոգին ու ամեն ինչ բարդել հայի բախտի կամ ճակատագրի վրա-Գ.Վ.)։

Մարդկանց կառավարում են ինչպես նյութական, այնպես էլ իդեալական գործոնները. մի կողմից՝ կլիման, հողը և ռելիեֆը, մյուս կողմից՝ բարքերը, սովորույթները, կրոնը, օրենքները, կառավարման սկզբունքները. որպես այդ ամենի արդյունք՝  ձևավորվում է ժողովրդի ոգին: Կարևորը խուսափելն է այն ամենից, ինչը կարող է փոխել ազգի ոգին. օրենսդրությունը պետք է հարմապատասխանեցվի ժողովրդի ոգու հետ, որովհետև այդ ոգին չի հակասում կառավարման սկզբունքներին, քանի որ ամենից լավ մարդիկ անում են այն, ինչն անում են ազատորեն և իրենց բնական վիճակին համաձայն:

«Օրենքի ոգին» աշխատության մեջ առանձնակի տեղ է տրվել կառավարման ձևերին: Իշխանությունների տարանջատումը համարվել է իշխանության չարաշահումից խուսափելու միջոց:  Իշխանությունների տարանջատումն ու փոխադարձ զսպումը, ըստ Մոնտեսքյոի, քաղաքական ազատության ապահովման գլխավոր պայմանն է՝ պետական ​​կառուցվածքի հետ դրա հարաբերություններում: 

Գոյություն ունի կառավարման 3 տեսակ՝ հանրապետական, միապետական ​​և բռնապետական։ Նրանց էությունը բացահայտելու համար բավական է ունենալ այն պատկերացումները, որ ունեն նույնիսկ ամենաքիչ իրազեկված մարդիկ դրանց մասին.
1. Հանրապետական կառավարում: Սա այն է, որի դեպքում գերագույն իշխանությունը գտնվում է կամ ամբողջ ժողովրդի (ժողովրդավարություն) կամ նրա մի մասի ձեռքում (արիստոկրատիա): 
2. Միապետական կառավարում: Այս դեպքում սահմանված անփոփոխ օրենքների միջոցով կառավարում է մեկ մարդ՝ ազնվականության հետ միասին, որը կանխում է միապետության վերածվելը բռնապետության, 
3. Բռնապետական կառավարման դեպքում ամեն ինչ շարժվում է մեկ անձի կամքով և կամայականությամբ՝ ցանկացած օրենքներից և կանոններից դուրս: 
Կառավարման ձևերի սկզբունքները. հանրապետության համար՝ առաքինություն, միապետության համար՝ պատիվ, բռնապետությանի համար՝ վախ։

Ժողովրդավարության հիմնական օրենքներից մեկը օրենքն է, որի ուժով օրենսդիր իշխանությունը պատկանում է միայն ժողովրդին: 

Արիստոկրատիայի հիմնական օրենքներն, ըստ Մոնտեսքյոի, սահմանում են ժողովրդի մի մասի իրավունքը՝ ընդունել օրենքներ և հետևել դրանց կատարմանը:

Միապետության դեպքում հիմնական օրենքները սահմանում են «միջնորդավորող կապուղիների գոյությունը, որոնցով շարժվում է իշխանությունը»: Դրանցից գլխավորն ազնվականությունն է (զսպող ուժեր), քանզի առանց դրա միապետը դառնում է բռնապետ:

Մոնտեսքյոն իր աշխատանքում անդրադարձ է արվել նաև անհատական ազատությանը և քաղաքական ազատությանը: Մոնտեսքյոի քաղաքական-իրավական տեսության գլխավոր թեման և նրանում պաշտպանվող հիմնական արժեքը քաղաքական ազատությունն է: 
Նա պնդում է անհատական ​ազատության առաջնահերթությունը՝ հիմնված բնական իրավունքի սկզբունքների վրա.

• Բոլոր մարդիկ հավասար են հանրապետություններում, նրանք հավասար են նաև բռնապետական պետություններում: Առաջին դեպքում նրանք հավասար են, որովհետև նրանք ամեն ինչ են, իսկ երկրորդ դեպքում, որովհետև՝ նրանք ոչինչ են: 

Ազատությունն օրենքով թույլատրված ամեն ինչ անելու իրավունքն է: Եթե քաղաքացին կարողանար անել այն, ինչն այդ օրենքներով արգելված է, ապա նա չէր ունենա ազատություն, քանի որ նույն բանը կարող էին անել մյուսները. գլխավորը քաղաքացու անվտանգությունն է:
Մոնտեսքյոն դավանում է քաղաքական լիբերալիզմ՝ համոզմունք, որ անհատներն օրենքի և հասարակության հիմքն են, և որ հանրային ինստիտուտները գոյություն ունեն այն բանի համար, որպեսզի առանց վերնախավերի բարեհաճության նպաստեն իրական իշխանությամբ անհատներին օժտելուն:

Չնայած 300-ամյա վաղեմությանը, արժեր Մոնտեսքյոի որոշ գաղափարների պրիզմայով նայել մեր իրականությանը, նմանապես արժեր, որ յուրաքանչյուր քաղաքացի, հասարակության յուրաքանչյուր խավ ինքնավերլուծություն աներ՝ գուցե արդար, ազատասեր և առաջադեմ մարդկանց թիվը մեծանար: Նժդեհն է ասել, չէ՞, որքան արդար՝ այնքան հզոր է հայրենիքը:

Գագիկ Վարդանյան