Եթե ուժեղ չես, ինչո՞ւ ես նման հայտարարություններ անում

Եթե ուժեղ չես, ինչո՞ւ ես նման հայտարարություններ անում

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:

- Երկու օր է` Արցախը շրջափակման մեջ է: Ի՞նչ է այժմ կատարվում Արցախում:

- Արցախցին մշտապես իր ոգին բարձր է պահել, բայց այսօր կատարվող իրադարձությունները մեզ մեծ ցավ են պատճառում, որովհետեւ, այո, Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, Ադրբեջանի ձեռքերը լրիվ ազատ, ինչ ուզում, անում է: Ահավորն այն է, որ Հայաստանի կողմից համարժեք գործողություններ չեն իրականացվում: Ամենավատը սա է: Այս ամենն անգամ սադրանք չի կարելի համարել, սա սադրանք չէ, պատերազմի շարունակությունն է: Ես գտնում եմ, որ խաղաղություն հաստատելու համար պետք է հնարավորինս ուժեղ լինել, զինվել, այլ ճանապարհ չկա: Մեր հույսը մենք ենք, որովհետեւ բոլորը մեզ խաբում են, ամեն մեկն իր շահի հետեւից է գնում, իսկ Արցախը պետք է իր շահն իմանա: Հազարամյակներով թշնամու կողմից նույն կոտորածի զոհ ենք դարձել, այսօր էլ պետք է դիմակայենք այդ վտանգը, հասկանանք, թե որն է մեր ապրելու երաշխիքը: Չենք կարող ստրուկի պես մնալ, Ադրբեջանում էլ անհնար է ապրել: Դա բացառվում է: Մեր ապագան ստեղծելու համար պետք է գործի դնենք մեր բոլոր ռեսուրսները, այդ թվում` Հայաստանի եւ սփյուռքի հետ համատեղ, հարկ եղած դեպքում պետք է հանգանակության գնալ, ամեն ինչ անել, որպեսզի մեր շահերը լինեն պաշտպանված, հնարավոր բոլոր ձեւերով պետք է երաշխավորել Արցախի անվտանգությունը: Պետք է հույսներս մեզ վրա դնենք, ոչ մեկը մեր փոխարեն չի կռվելու:

- Ինչո՞ւ է Հայաստանն իր ձեռքերն Արցախից լվացել:

- Ես այդ հարցի հստակ պատասխանը չունեմ, չեմ կարող հաստատ ասել, սակայն ինչ էլ ասեմ, ցավալի է լինելու, ավելի լավ է՝ չասեմ: Այն, ինչ ես տեսնում եմ այսօր Հայաստանի իշխանությունների կողմից, ահավոր է, սարսափելի: Ի՞նչ ասեմ, բոլոր դեպքերում, տխուր փաստ է, որ Հայաստանը կրավորական կեցվածք է ընդունել: Հայաստանը պետք է լիներ Արցախի երաշխավորը, անկախ ամեն ինչից: Մենք մի ժողովուրդ ենք, այսպես չի կարելի: Ադրբեջանն ու Թուրքիան, որ տարբեր են, միավորվել են մեր դեմ, հանդես են գալիս որպես մեկ ազգ, իսկ մենք, որ նույն հայ ժողովուրդն ենք, մի տեսակ օտարվել ենք, Հայաստանն իր ձեռքերը լվացել է, ինչը շատ սխալ եմ համարում: Մեր ժողովուրդը պետք է միաբան լինի: Սիրում ենք խոսել միաբանության մասին, սակայն ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնում, մեր խնդիրներով, հոգսերով եւ շահերով: Ես չեմ տեսնում միաբանություն: Պատմությունից էլ ոչ մի դաս չենք քաղում, շարունակ նույն ցեխի մեջ ենք հայտնվում: Պետք է այսօր առավել, քան երբեւէ, լինենք միաբան, միասնական, հույսներս դնենք մեզ վրա, զինվենք, որպեսզի խաղաղություն հաստատենք, հակառակ դեպքում մեզ ստրկացնելու են, իսկ խաղաղություն երբեք չենք տեսնելու:

- Ի՞նչ կասեք Արցախի իշխանությունների, նրանց վարած քաղաքականության մասին:

- Այսօր հայ իրականության մեջ մեր ամենամեծ թերությունը դարձել է պոպուլիզմը: Պոպուլիզմն աշխարհն ուտում է: Հիմա բոլորը սիրում են խոսել ծափահարության արժանի բաներ, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում գերիշխում է պոպուլիզմը, սակայն գործը պետք է գերիշխի, ոչ թե դատարկ բառերը: Նախեւառաջ՝ գործ, նոր՝ խոսք…. Ասում է` չենք տա Ղարաբաղը, բայց տեսեք, թե ինչ է կատարվում: Եթե նման բան հայտարարողը լինի շարքային քաղաքացի, կարելի է հասկանալ, բայց երբ երկրի ղեկավարն է նման հայտարարություններ անում, առնվազն մնում է անհասկանալի: Նման հայտարարությունների համար ռեսուրսներ են հարկավոր, բազա է պետք, եթե ուժեղ չես, ինչո՞ւ ես նման հայտարարություններ անում, պոպուլիզմն ուտում է մեզ: Ադրբեջանը վայրենի պետություն է, ցավոք, քաղաքակիրթ ազգերը վայրի ցեղերին այսօր կուլ են գնում: