Նիկոլը կիսով չափ ճիշտ էր. Ռուսաստանը եւս շահագրգռված է միջանցքի բացման հարցում, բայց դրա մեղավորն ու պատասխանատուն դարձյալ ինքն է

Նիկոլը կիսով չափ ճիշտ էր. Ռուսաստանը եւս շահագրգռված է միջանցքի բացման հարցում, բայց դրա մեղավորն ու պատասխանատուն դարձյալ ինքն է

Այս տարվա հոկտեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում հրապարակվեց «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների եւ փորձագիտական հանրության» վերնագրով մի հոդված, որի նպատակն էր՝ բացատրել, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու հարցում շահագրգռված են ոչ միայն Թուրքիան եւ Ադրբեջանը, այլ նաեւ Ռուսաստանը:

Խոսելով Ռուսաստան-Արեւմուտք լարված հարաբերությունների, Ռուսաստանի համար սեփական բեռները, այդ թվում՝ նավթն ու գազն արտահանելու համար այլընտրանքային ճանապարհների գործարկման անհրաժեշտության մասին՝ հոդվածում ասվում է. «Հետեւաբար՝ այս հարցի արդյունավետ լուծման միջոցը Հայաստան-Ադրբեջան առանցքի օգտագործումն էր լինելու։ Այս է պատճառը, որ ԼՂ հարցի լավրովյան պլանը նախատեսում էր հարավային շրջանների հանձնում Ադրբեջանին, որ Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու եւ ավտոճանապարհների երթուղին ազատվեր խոչընդոտներից։ Այս իմաստով՝ չնայած հրապարակային հայտարարություններին, Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետեւ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։ Էականը վերջին գործոնն է, որովհետեւ ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կա։ Երկաթուղի՝ Իրանով էլ կարելի է կառուցել»:

Վերջին հարցում հոդվածի հեղինակը կարծես թե սխալվում է: Երկաթուղի, իհարկե, կարելի է կառուցել, բայց դա բավական ծախսատար եւ ժամանակատար է: Բացի դա, հնարավոր է, որ թե՛ Իրանը եւ թե՛ Ռուսաստանը շահագրգռված են, որ այս ծրագրում ներգրավված լինի նաեւ Հայաստանը՝ Ադրբեջանի վրա ազդեցության լրացուցիչ լծակ ունենալու համար: Գրեթե 10 օր առաջ տեղի ունեցած Transtec միջազգային ֆորումի ժամանակ Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի փոխնախարար Ալիռեզա Փեյմանփաքը հայտարարել էր, որ «Ռեշտ-Աստարա» երկաթգծի կառուցումը կպահանջի առնվազն երեք տարի: Սա, այսպես կոչված, «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի վերջին կտորն է`170 կիլոմետր երկարությամբ, որի կառուցումը թույլ կտար ի վերջո գործարկել այն: Ավելին, Փեյմանփաքն իր խոսքում ասել էր, որ այդ հատվածի կառուցումը նույնիսկ երեք տարում դժվար կլինի իրագործել, եւ այն ավելի «հեռավոր ապագայի» հարց է, եւ առաջարկել էր անցնել ավելի առարկայական հարցերի քննարկման՝ հասկացնելով, որ Իրանն այն իրատեսական չի համարում: Ռուսաստանին եւ Իրանին անհրաժեշտ է հնարավորինս շուտ գործարկել «Հյուսիս-հարավ» միջանցքը, հետեւաբար, չեն կարող դա թողնել «հեռավոր ապագային»:

Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 7-ին, խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Մհեր Գրիգորյանի մոսկովյան այցի արդյունքներին: Ասելով, որ Գրիգորյանը դեռ Մոսկվայից չի վերադարձել` օդանավի մեջ է, այնուամենայնիվ, ավելացրել էր. «Կարող եմ ասել, որ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հարցը: Չեմ կարող ասել, որ որեւէ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի: Բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եւ շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, եւ մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Հայաստանի Հանրապետությունն օր առաջ պատրաստ է երկաթուղու վերականգնմանը»:  

Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է երկաթուղու գործարկմանը, բայց ասում է, որ այդ հարցով Գրիգորյանի մոսկովյան այցն անարդյունք է: Նշանակում է՝ երկաթուղու գործարկման համար Ռուսաստանն ու Ադրբեջանը Հայաստանին առաջարկում են այնպիսի պայմաններ, որոնց Հայաստանի իշխանությունը չի կարող կամ չի ցանկանում համաձայնություն տալ: Հնարավոր է խոսքը միջանցքի նկատմամբ ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի վերահսկողության մասին է, որի առնչությամբ Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ իր համաձայնությունը չի տալու, ինչը, սակայն, ֆիքսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ:

Մհեր Գրիգորյանի անարդյունք բանակցություններից եւ Փաշինյանի հայտարարությունից 5 օր անց Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը, եւ Արցախի 120 հազարանոց բնակչությունը հայտնվում է տոտալ շրջափակման մեջ: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, որի պատասխանատվության գոտում է գտնվում միջանցքը, ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկում ճանապարհն ապաշրջափակելու հարցում՝ դրսեւորելով բացարձակ լոյալություն ադրբեջանցի «բնապահպանների» նկատմամբ: 
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ ճնշում են գործադրում Փաշինյանի իշխանության նկատմամբ` համաձայնելու իրագործել նոյեմբերի 9-ի իր իսկ կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը եւ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու եւ մյուս կոմունիկացիաների վերահսկողությունը հանձնել Ռուսաստանին:

Մի կողմում հազարավոր մեր հայրենակիցների անվտանգությունն է ու Արցախի հայկական ինքնության պահպանումը, մյուս կողմում՝ Հայաստանի ինքնիշխանության հարցում զիջման գնալը: Փաշինյանը պետք է ընտրություն կատարի ոչ միայն այս երկուսի, այլ նաեւ իր իշխանության պահպանման միջեւ, որովհետեւ Արցախի հայաթափումն ու վերջնական կորուստը նրա վրա կարող են թանկ նստել, այդ թվում՝ իշխանության կորստով: Իսկ քանի դեռ Արցախը կա, նոյեմբերի 9-ի հայտարարությունը մնում է ուժի մեջ, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ենթակառուցվածքները Ռուսաստանի հսկողությանը հանձնելու համաձայնության մասով, որը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, եւ որի համար էլ Ռուսաստանն արդեն երկու տարուց ավելի ամեն ինչ անում է Փաշինյանի իշխանությունը պահելու եւ երկարաձգելու համար:

Այլ պետություններից ու միջազգային կառույցներից եւս շատ ակնկալիք չենք կարող ունենալ. ճիշտ է` հումանիտար ճգնաժամի խորացմանը զուգահեռ նրանք կարող են Ադրբեջանի գործողությունները դատապարտող ավելի կոշտ հայտարարություններ անել, բայց դրանով հարցը չի լուծվի: Ի վերջո, այսպես կոչված, միջազգային հանրությունը դեմ չի լինի, եթե արցախահայությունը տեղափոխվի Հայաստան, եւ նույնիսկ կարող է ֆինանսական աջակցություն առաջարկել նրանց՝ մարդասիրական օժանդակություն տրամադրելու հարցում: Առավելագույնը՝ այսքանը եւ ոչ ավելին: Մնացածը պետք է որոշի Հայաստանի գործող իշխանությունը:

Ավետիս Բաբաջանյան