Պուտինը ԼՂ կարգավիճակը չլուծված էր համարում․ ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Երևանին

Պուտինը ԼՂ կարգավիճակը չլուծված էր համարում․ ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Երևանին

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը համարում էր չկարգավորված, սակայն Հայաստանը Պրահայում ճանաչել է այն որպես Ադրբեջանի տարածք։ Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Պուտինի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին թեզերը դեռ 2020 թվականին պարբերաբար լցվում են տեղեկատվական դաշտ։

«Բացարձակ անամոթաբար շուռ են տրվում ՌԴ ղեկավարության խոսքերը, գործողությունները», - ասել է Զախարովան:

Նա հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը՝ տեղեկացնելով, որ այն ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք է բերվել «ջենթլմենական» պայմանավորվածություն՝ ապագա սերունդներին ԼՂ կարգավիճակի որոշման հարցի լուծումը թողնելու վերաբերյալ։

Իսկ 2020 թվականի նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը վերադարձնում էր այն տարածքները, որոնք միջազգային հանրությունը համարում էր ադրբեջանական տարածք։

Ընդ որում, նա նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ, իսկ կողմերը պայմանավորվել են պահպանել ստատուս քվոն։ Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ խոսնակն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հենց Հայաստանն է Պրահայի գագաթնաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես ադրբեջանական տարածք:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ դրա կազմում գտնվող Ղարաբաղը։ Ավելի ուշ Փաշինյանը վերահաստատել է իր դիրքորոշումը 2023 թվականի մայիսին և հունիսին Բրյուսելում կայացած գագաթաժողովներին։