Իսկապես հեշտ տարի չէր ոստիկանության 2023-ը

Իսկապես հեշտ տարի չէր ոստիկանության 2023-ը

Լսեցի, որ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ճիշտն ասած` ես չգիտեի, որ Արամ Հովհաննիսկյան անունով ոստիկանապետ ունենք: Ինձ համար վերջին ոստիկանապետը Վահե Ղազարյանն է, որին այդ պաշտոնից չեմ հիշում որ հեռացրած լինեն: Ինչ-որ շատ սուսուփուս ՆԳ նախարարի պաշտոն հնարեցին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին էլ սկսեցին նախարար ասել: Իսկ այ, որ մի հատ էլ ոստիկանապետ են նշանակել` չգիտեի:

Պարոն Արամ Հովհաննիսյան, ներողություն եմ խնդրում Ձեզ չճանաչելուս համար, բայց ես այնքան էլ մեղավոր չեմ դրանում: Ձեր շեֆերից նեղացեք, խնդրում եմ, որ պատշաճ չեն ներկայացնում այդ կարգի փոփոխությունը: Ոնց որ գողեգող ման գան, ծածուկ գործեր անեն: Երեկ էլ արթնացանք, ու պատահաբար իմացանք, որ ԲՏԱ նոր նախարար է նշանակվել` նախկիններից Մխիթար Հայրապետյանը: Բա այդպիսի բանը հանկարծակի կասե՞ն: Իսկ եթե չնկատեի՞նք: Ինչևէ, շնորհակալ ենք ուղերձի համար, պարոն Արամ Հովհաննիսյան, Դուք մեր ժողովրդին ներկայանալու շատ լավ ձև գտաք` չսպասելով ՀՀ փնթի իշխանությունների կամքը լրանալուն:

Ամանորյա ուղերձից էլ երևում է, որ Արամ Հովհաննիսյանը նոր մարդ չէ համակարգում: Սիրում է ծանրացնել ամեն ինչ, խտացնել գույները և համակարգի աշխատանքը ներկայացնել որպես լուռ չարչարանք: Էն երգի մեջ ո՞նց էին ասում` մեր ծառայությունը և վտանգավոր է և դժվար... «2023 թվականը հեշտ տարի չէր, բայց մեր ծառայությունը պատվով կատարեց առաջադրված խնդիրները, լիարժեք իրականացրեց իր պարտականություններն ու լուրջ ներդրում ունեցավ համակարգի կայացման և բարեփոխումների իրականացման գործում»: Կուզենայի իմանալ, պարոն Հովհաննիսյան, այդ ո՞ր առաջադրանքն եք պատվով կատարել:

Ցույց ցրելը, մարդկանց բերման ենթարկելը, կառավարության դուռը պահելը, իշխանական պատգամավորների մուտքն ԱԺ ապահովելը, սևազգեստ մայրերին Եռաբլուրով քարշ տալը... սրանք հատուկ առաջադրանքնե՞ր են եղել, արդյոք, որ դուք կատարել եք:

Մի բան ճիշտ եք ասում, պարոն Հովհաննիսյան` համակարգը կայացրել եք: Այնքանով` որքանով: Ոստիկանությունը դարձել է իշխանության, ավելի ճիշտ` Նիկոլի գործիք, չագուճ, էլի` ոնց ուզենա` խփի, ոնց ուզենա` քաշի: Մեր ոստիկանությունն, այո, կայացած չագուճ է այլևս:  

«Վստահ եմ, որ 2024 թվականին նույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով շարունակելու ենք իրագործել մեր առաքելությունը՝ անզիջում պայքար մղելով հանցավորության դեմ, պահպանելով կայուն հասարակական կարգն ու պաշտպանելով մեր հայրենակիցների իրավունքները»,- ուղերձում գրում է Արամ Հովհաննիսյանը: Ես չգիտեմ, թե ինչ աստիճանի է վրա է գտնվում մեր ոստիկանության պատասխանատվությունը, բայց ահա պրոֆեսիոնալիզմի գծով, պարոն Հովհաննիսյան, դուք և ձեր գլխավորած համակարգը բավականին երկար ճանապարհ ունեք անցնելու:

Ինչպե՞ս բռնել «Համմերին» ու նրա վարորդին, ինչպե՞ս նորատուսցի ձկնորսներին չոր դուրս բերել ջրից, ինչպես կարգավորել խաչմերուկները, որ կարգավորողի մեղքով վթարներ չլինեն, ինչպես անել, որ քրեական պատասխանատվության չենթարկվեն միանգամայն անմեղ մարդիկ, ի՞նչ անել, որ ճաղերի հետևում հայտնվեն հաբռգած նիկոլականները... Սրանք բաներ են, որ դեռ պետք է սովորեք: Ասում եք նաև, պարոն Հովհաննիսյան, որ պահպանելու եք հասարակական կարգն ու մեր քաղաքացիների իրավունքները: Շատ եմ ուզում հավատալ, բայց չի ստացվում: Ժողովուրդը, այսինքն ՀՀ քաղաքացին, ընտրելու իրավունք ունի, այնպես չէ՞, պարոն Հովհաննիսյան: Այդ ինչո՞ւ, ուրեմն, թույլ տվեցիք, որ Ալավերդի քաղաքում ՔՊ-ն բռնաբարի ալավերդցիների այդ իրավունքը, ծեծի նրանց, կրակի նրանց վրա: Հենց հիմա նույն պրոցեսն է գնում Գյումրիում: Միջոցներ ձեռնարկե՞լ եք, որ գյումրեցիների իրավունքը ՔՊ-ն չխլի: Վանաձորի մասին էլ չեմ խոսում, որովհետև այն ժամանակ Վահե Ղազարյանն էլ նորմալ ոստիկանապետ չէր, կարծեմ: Ընտրված քաղաքապետին ՔՊ-ի հրահանգով նստացրին` դա անելու բա՞ն էր: Բա ոստիկանությունն ո՞ւր էր, ո՞վ պետք է պաշտպաներ վանաձորցու իրավունքները: Վազ էիք տվել, մտել ՔՊ-ի քամակն ու միասին բռնաբարում էիք վանաձորցու ընտրելու իրավունքը: Ու ինձ մի ասեք, որ դրանք քաղաքական հարցեր են: Քաղաքական հարցերը քաղաքական ձևով են լուծվում, ոչ թե քրեական քաշքշուկներով:

Ուֆ դե եսիմ... Երջանիկ եղեք, պարոն Հովհաննիսյան, թող 2024-ը ոստիկանության համար լինի առողջացման և իր անելիքը վերջապես գիտակցելու տարի: