Հետաքրքիր զարգացումներ են սպասվում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացներում

Հետաքրքիր զարգացումներ են սպասվում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացներում

Միշել-Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան երրորդ հանդիպումից անմիջապես հետո՝ «с корабля на бал» ռեժիմով տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովների համատեղ նիստը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, դրան հաջորդած դեպքերը, ինչպես նաեւ այս օրերին բրյուսելյան հանդիպումից «Հրապարակին» հայտնի դարձած մանրամասները եւ ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունները բավական հետաքրքիր իրավիճակ են ուրվագծում, որն այսօր առկա է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների եւ այս համատեքստում՝ նաեւ ղարաբաղյան կարգավորման հետ կապված։

• Նախ, ի սկզբանե պետք է արձանագրել, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցով գործընթացներում որոշակի շտապողականություն է նկատվում։ Տպավորություն է, որ «մարդիկ» ինչ-որ տեղ են շտապում եւ անպայման ուզում են, այսպես ասած, «ոտքի վրա» այս հարցն ինչ-որ ձեւով փակել ու անցնել առաջ։

• Պետք է նաեւ արձանագրենք, ինչի մասին արդեն խոսել ենք, որ սրվել է մրցակցությունը մեր տարածաշրջանում «առաջին ջութակի» կամ «տարածաշրջանը նայողի» դերի համար։ Ընդ որում, Ռուսաստանը ձգտում է պահպանել «նայողի» իր ավանդական դիրքը, իսկ Արեւմուտքը փորձում է Ռուսաստանին ամեն գնով հեռացնել Հարավային Կովկասից։

• Դատելով բրյուսելյան եռակողմ վերջին հանդիպմանը «Հրապարակի» հայտնած մանրամասներից, Արեւմուտքի համար, ի դեմս ԵՄ-ի, էական է ոչ այնքան այն հանգամանքը, թե ինչ գնով Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի, կամ ինչ գնով կկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերություններն ու այդ համատեքստում՝ ղարաբաղյան հարցը, որքան այն, թե ինչպես օգտագործել «հայ-ադրբեջանական» եւ «ղարաբաղյան կարգավորման» քեյսը, առհասարակ, որպեսզի Ռուսաստանին դուրս մղեն Հարավային Կովկասից, ռուս խաղաղապահներին էլ՝ Լեռնային Ղարաբաղից։

• Դատելով եռակողմ հանդիպման առնչությամբ ԵՄ, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հայտարարություններից՝ պետք է նկատել, որ խորանում է հայ-ադրբեջանական եւ ղարաբաղյան հարցի կարգավորման, այսպես ասած, «զուգահեռ իրականությունը», երբ Արեւմուտքը փորձում է ռուսական կարգավորմանն այլընտրանք ստեղծել ու առաջ մղել այն։

• Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունները հուշում են, որ Մոսկվան լիովին հասկանում է, թե «եվրոպական խաղաղարարության» ներքո ինչ «խաղ» է խաղարկվում, եւ նախազգուշացնում է հատկապես Երեւանին ու Բաքվին՝ ավելորդ «խաղեր չտալ», քանի որ հիմնական հաղթաթղթերն իր ձեռքում են։

• Եվ, վերջապես․ դատելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ News.am-ին տված բավականին ծավալուն բացառիկ հարցազրույց-մեկնաբանությունից, Բրյուսելում հասկանում են, որ չափազանց գռեհիկ են փորձում վարվել Ռուսաստանի հետ, եւ նաեւ հասկանալով, որ հատկապես այժմ, երբ աշխարհում որեւէ կանոն չի գործում, եւ միակ գործողը «ջունգլիների օրենքն» է, փորձում են սուր կողմերը հարթեցնել՝ Մոսկվայի կողմից հնարավոր անակնկալ կտրուկ գործողություններից խուսափելու համար, որը կարող է ամբողջապես «խառնել իրենց խաղաթղթերն» ու «վիժեցնել գործադրված ջանքերը»։

• Ու այս ամենի հանրագումարում կարող ենք ասել, որ առաջիկայում բավական հետաքրքիր ու նաեւ ինտրիգային գործընթացներ են սպասվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։