ՌԴ-ի համար բարդ է ապացուցել, որ գրոհայիններ են, այլ ոչ թե ադրբեջանական զինվորներ 

ՌԴ-ի համար բարդ է ապացուցել, որ գրոհայիններ են, այլ ոչ թե ադրբեջանական զինվորներ 

Օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է սիրիացի գրոհայինների թեմային։ Ասել է, որ տարածաշրջանում վարձկանների ու սիրիացի գրոհայինների ներկայությունը որոշակի ռիսկեր է ստեղծում ՀԱՊԿ-ի համար։ «Իհարկե, մենք տեղեկություններ ունեինք (թեկուզ ընդհանուր պլանի) Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից գրոհայինների առկայության, ներկայության ու գործողությունների մասին եւ դա գնահատել ենք որպես որոշակի ռիսկեր մեր երկրների, մեր դաշինքի համար»,- ասել է Զասը։

Սա անսպասելի էր, որովհետեւ տեւական ժամանակ այս թեման մոռացված էր, եւ այս մասին չեն խոսում ո՛չ Պուտինը, ո՛չ Լավրովը, ո՛չ եվրոպացիները, ինչից եւ տպավորություն է ստեղծվում, որ գրոհայիններն արդեն հեռացված են։ Բայց, փաստորեն, Զասի հայտարարությունը վկայում է այն մասին, որ նրանք դեռ չեն հեռացվել տարածքից։ Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը, բնավ չբացառելով, որ նրանք դեռ այնտեղ են, մեզ հետ զրույցում հայտարարեց․ «Բայց սա ծայրահեղ բարդ է վերահսկելը, առավել եւս՝ դրսից։ Եվ, առհասարակ, չկան լծակներ՝ ստիպելու Ադրբեջանին ու Թուրքիային՝ այնտեղից դուրս բերել»։ 

Մի՞թե ՌԴ-ի համար բարդ է նրանց ի հայտ բերելն ու տարորոշելը։ Այնտեղ, ի վերջո, ռուս խաղաղարարներ են, ՌԴ-ն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մեծամասշտաբ ծրագրեր է կազմում։ Խրամչիխինը կրկնեց․ «Եթե այդ գրոհայինները շփման գծում չեն, այլ մի քիչ խորքում, ապա դա իրատեսական չէ։ ՌԴ-ն որեւէ լծակ չունի՝ նրանց ստիպելու հեռանալ եւ նաեւ ապացուցել, որ նրանք այնտեղ են»։ Իսկ ինչպե՞ս Ռուսաստանն Իդլիբում ոչնչացրեց գրոհայինների ճամբարը, ի վերջո, գոյություն ունի արբանյակային տեսադիտարկման համակարգ։

Այս դիտարկմանն ի պատասխան, ռուսաստանցի ռազմական փորձագետն ասաց․ «Իդլիբում հասկանալի է, այնտեղ ոչինչ չկա, գրոհայինների ճամբարից բացի։ Այնտեղ այլ տարբերակ չկա։ Իսկ այստեղ, կրկնում եմ՝ ադրբեջանական տարածք է, այստեղ Ռուսաստանը ոչ մեկի հետ չի պատերազմում, եւ արբանյակից էլ պարզ չէ՝ սա ադրբեջանցի զինվորակա՞ն է, թե՞ գրոհային։ Հատկապես, եթե նրանք նույն համազգեստն ունեն»։ Իսկ արտաքին հետախուզությո՞ւն։ Եթե հիշողությունս չի դավաճանում, այդ կառույցի ղեկավար պարոն Նարիշկինը պատերազմի սկզբում այդ մասին հստակ տվյալներ ուներ եւ ապացուցում էր։ «Դե, արտաքին հետախուզական տվյալները նուրբ բան են, եթե անգամ դրանք կան, ապա միշտ չէ, որ ի ցույց են դրվում սկզբնաղբյուրը չբացահայտելու համար։ Եվ եթե նույնիսկ ի ցույց են դրվում, մի կողմի դժգոհությունը չի կարող դառնալ հրաման»։

Ինչ վերաբերում է գրոհայինների աշխարհագրությանը, ապա, ինչպես հուշեցին փորձագետները, նրանք, ըստ ամենայնի, գտնվում են Զանգելան-Ջեբրայիլ-Քարվաճառ հատվածում։ ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը «ՌԻԱ նովոստիի» հետ հարցազրույցում խոսել էր 2020թ․ հոկտեմբերի 16-ի դրությամբ ավելի քան 1000 գրոհայինի մասին։ Այնուամենայնիվ, ինչո՞ւ են գրոհայինները դեռ գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Ալեքսանդր Խրամչիխինը կարծում է, որ գրոհայինների ներկայությունը ձեռնտու է Թուրքիային եւ «հազիվ թե՝ Ադրբեջանին»։ Եվ, հետեւաբար, «Թուրքիան այնքան էլ հակված չէ նրանց այնտեղից հանելու, իսկ Ադրբեջանն էլ դեռ հակված չէ Թուրքիայի հետ գժտվել։ Միայն այսպես կարող եմ բացատրել»։

Իսկ ինչո՞ւ Թուրքիան չի ցանկանում այնտեղից հեռացնել գրոհայիններին։ «Հետաքրքիր հարց է։ Կարծում եմ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո վերջին շրջանում որոշակի լարվածություն է առաջացել այն պատճառով, որ Թուրքիան չմիացավ դրան, չնայած շատ ուզում էր եւ բացեիբաց այդ մասին հայտարարում էր։ Սրա հետ կապված էլ, կարծում եմ, Թուրքիայում լուրջ դժգոհություն կա Ալիեւից, եւ սա պահում է որպես լծակ»։ Իսկ բացառվո՞ւմ է այն տարբերակը, որ թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է հնարավոր կամ հաջորդ պատերազմին, եւ առավել հեշտ ու էժան է մինչ այդ գրոհայիններին տեղում պահելը։ Խրոմչիխինն ասում է․ քանի որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ, այս հավանականությունը կա, բայց կարծում է, որ դա տեղի չի ունենա, քանի դեռ Արցախում են ռուս խաղաղապահները։