Նոր դատավորների համար նստավայր են փնտրում

Նոր դատավորների համար նստավայր են փնտրում

Փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների աղմկահարույց փաթեթն ընդունվեց («կողմ»՝ 83, «դեմ»՝ 24, «ձեռնպահ»՝ 1): Նշենք, որ, անտեսելով մասնագիտական մեծ թվով քննադատությունները, իշխանությունը որոշել է ներդնել երկու մասնագիտական դատարան՝ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը եւ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորներինը: Դատավորների թվի ավելացում է նախատեսվում ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում (21 հաստիք), այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանում (3 հաստիք): Այս օրենքը սկանդալային է նրանով, որ, ըստ մասնագետների, իշխանություններն ուզում են մասնագիտացված դատավորներ նշանակել՝ իրենց շահերը սպասարկելու համար։

Բայց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այդ փոփոխությունները դրական է գնահատում․ «Ցանկացած նեղ մասնագիտացում դրական եմ գնահատում, իսկ հաստիքների ավելացումն ուղղակի օդի եւ ջրի պես անհրաժեշտ է դատական համակարգին»։

- Բայց գաղտնիք չէ, որ այսօր դատավորների թափուր հաստիքներ կան, որոնք չեն համալրվում։ Եթե իրավաբանները դատավոր դառնալ չեն ցանկանում, այդ հաստիքներն ինչպե՞ս են լրացվելու։

- Հիմա պետք է բոլորս՝ մամուլը, դատական իշխանությունը, գործադիր եւ օրենսդիր իշխանությունը, քաղհասարակությունը, անենք ամեն ինչ, որպեսզի դատավոր դառնալը դառնա պատվաբեր եւ գրավչություն ունենա։ Դա աշխատանք է, որ պետք է քրտնաջան անել։

- 17 նոր դատավո՞ր է նշանակվելու։

- Վերջին պահին որոշ բան փոխվել է, օրենքի վերջնական տեքստը չեմ նայել, բայց, ամեն դեպքում, ինչքանով էլ որ ավելացված լինի, դա մեզ անհրաժեշտ է։

- Նրանց ֆիզիկապես տեղավորելու խնդիր կա՞։

- Այս պահին ԲԴԽ-ն, Դատական դեպարտամենտը եւ արդարադատության նախարարությունը ակտիվ գործունեություն են ծավալում, որպեսզի մեզ տրամադրեն մի նոր նստավայր, որ մենք ունենանք դատավորին վայել նոր նստավայր։

- Որտե՞ղ է դա լինելու։

- Հիմա չեմ ուզում Ձեզ ասեմ, նախագծային փուլում է։ Կառուցված շենք են մեզ տալիս, որը վերանորոգվելու է, դեռ նախագծային փուլում է, երբ այն հաստատվի, նոր կխոսենք այդ թեմայով։ Դատարանների ստանդարտներ գոյություն ունեն՝ փակ գոտի, բաց գոտի, խցեր, դահլիճներ եւ այլն։

- Դատավոր դառնալու համար երկար ճանապարհ են անցնում, մեծ փորձառություն է պետք, հիմա ստացվում է, որ եթե գործող դատավորները չդիմեն, անփորձները շատ կարճ ժամանակում կդառնան դատավոր։

- Շատ կարեւոր եւ նուրբ հարց է։ Դատավոր դառնալու համար մինչեւ այս պահը կարգավորումները հետեւյալն էին․  երկար ճանապարհ էին անցնում, փորձառություն  էին ձեռք բերում, ամենավերջին փուլը քննությունն է՝ Ակադեմիայում հանձնվող, դա հոգեբանական թեստավորումն է եւ բանավոր հարցազրույց անցնելը Բարձրագույն  դատական խորհրդում։ Այսինքն՝ այդ երկար ճանապարհն ավարտվում էր այս 3 կարեւոր քննություններով, եկեք հիմա այսպես պատկերացնենք՝ լավը չի լինի, չենք ընտրի, չի համապատասխանի ստանդարտներին՝ չենք ընտրի։

- Դե, որ այդպես է, սովորական դատավորների նշանակման կարգն էլ պետք է կրճատվի, այսպես անհավասարություն է առաջանում։

- Դա էլ է փոխվում, միանշանակ։

- Մասնագիտացված եւ մյուս դատավորների միջեւ աշխատավարձերի տարբերություն լինելո՞ւ է։

- Ոչ, չի լինելու, դա սկզբունքային է եղել, ԲԴԽ-ն պնդել է, որ պետք է որեւէ տարբերություն չլինի, աշխատավարձի տարբերություն չի լինի։

- Հիմա սպասում եք՝ նախագահը ստորագրի, դիմումներն սկսեք ընդունե՞լ։

- Նախագահը ստորագրի, եւ այդ ընթացքում ակտիվ աշխատանք պետք է կատարվի ե՛ւ ԲԴԽ-ի կողմից, ե՛ւ արդարադատության ակադեմիայի կողմից, ուժի մեջ մտնելուց հետո ես մամուլի ասուլիս կհրավիրեմ, որով կոչ կանեմ փորձառու իրավաբաններին՝ դառնալ դատավոր, որպեսզի կարողանանք այս օրենքը կյանքի կոչել։ Այս դատարանը կսկսի գործել, եթե 3/4-ը համալրվի, եթե չհամալրվեց, ապա օրենքը չի գործի։