Էջմիածնի քաղաքապետարանը շների սպանդի հետ կապված դիմել է ոստիկանություն

Էջմիածնի քաղաքապետարանը շների սպանդի հետ կապված դիմել է ոստիկանություն

Երեկ քաղաքում շների սպանդի փաստով  Էջմիածնի քաղաքապետարանը ինչպես ինքը, այնպես էլ քաղաքացիներին ուղղորդում է դիմել ոստիկանություն։ Hraparak.am -ին հայտնեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանը։
«Քաղաքապետարանը չի զբաղվում շների սպանդով, քաղաքապետարանը ստերջացնում է շներին։ Թե հիմա առանձին անհատներ ի՞նչ են արել, ոստիկանության գործառույթն է »,-ասաց նա։ Էջմիածնում մարտից սկսած արդեն 100 շուն է ստերջացվել։

Հիշեցնենք, որ այսօր կենդանասերները հրապարակում էին քաղաքում շների դիակների դաժան և արյունոտ տեսարաններ պարույնակող կադրեր։  Նույն օրը «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանը Էջմիածնից Երևանում գտնվող կենդանաբուժական կլինիկա է տեղափոխել հրազենի վնասվածքներով շուն, որի ստացած վնասվածքները մահացու չեն եղել և նրան հնարավոր է եղել փրկել։
Քաղաքապետարանի լրատվության պատասխանատուն ասաց, որ նախկինում, այո, քաղաքացիներից շատ են եղել բողոքներ քաղաքում առկա ագրեսիվ շների վերաբերյալ։ Սակայն վերջին շրջանում բողոքները պակասել էին ստերջացման գործընթացին զուգահեռ։
« Այդ շներն այլևս, գիտեք, ագրեսիվ չեն լինում, սերունդներ չեն տալիս, ոհմակներ չեն հավաքում, պատվաստված են լինում, վտանգներ չեն ներկայացնում։ Այնուամենայնիվ, բողոքներ շատ ենք ունեցել թե՛ կենդանասերների, թե՛ այն մարդկանց, ովքեր չեն ուզում իրենց տարածքում շներ տեսնել»,-ասաց քաղաքապետարանի լրատվության  բաժնի պետը։

Շների դիակները հայտնաբերվել են քաղաքի ծայրամասային թաղամասերում։