Ջալալ Հարությունյանի գործը դոփում է տեղում

Ջալալ Հարությունյանի գործը դոփում է տեղում

Այս տարվա սեպտեմբերի 2-ին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց` ռազմական դրության, պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Ջալալ Հարությունյանի պաշտոնավարումը կասեցվեց, նրա նկատմամբ հանրապետությունից բացակայելու արգելք կիրառվեց։ Սա, թերեւս, միակ տեղեկությունն է, որ հայտնի է այս գործով տուժողի իրավահաջորդ ճանաչվածներին։ Երկու ամսում նրանց ոչ մի անգամ չեն հրավիրել Քննչական կոմիտե, քննիչները նրանց ոչ մի որոշման չեն ծանոթացրել։ Ծնողները տպավորություն ունեն, որ Ջալալ Հարությունյանի գործով քննությունը դոփում է տեղում։

Հիշեցնենք՝ ըստ ՔԿ տվյալների, Հարությունյանի հանցարարքի հետեւանքով «յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի եւ զինտեխնիկայի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ»։ Քննչականը զոհված տղաների քանակ էր բերում՝ 20 անձ, կորսված եւ շարքից դուրս բերված տեխնիկայի հաշվարկ, ձախողված օպերացիաներ էր թվարկում։ 20 զոհվածները Ցորի զորամասի զինծառայողներն էին։ Մեծ մասը հրետանավորներ էին։  
«Նրանք գոհ չեն քննությունից, որովհետեւ Ջալալը կալանավորված չէ, ու գոհ չեն, որովհետեւ ոչ բոլոր անձանց են մեղադրանք առաջադրել։ Ցորի զորամասի եւ էլի մեկ դրվագով արդեն մեղադրանք է առաջադրվել, բայց, իմ ունեցած տեղեկություններով, եւս երկու դրվագներ կան՝ ձախողված օպերացիաների մասով, որոնց շուրջ քննություն է կատարվում խիստ գաղտնիության պայմաններում»,- ասում է Ցորի զորամասում զոհված երեխաների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։ Նա հիշեցնում է, որ զինվորների մահվան դեպքով եւս մի գործ է քննվել, որն արդեն դատարանում է։ Ամբաստանյալի աթոռին ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանն է։

«Ինչո՞ւ եք համարում, որ Ջալալ Հարությունյանն է մեղավոր ձեր որդու մահվան համար, կոնկրետ նրա մեղքը ո՞րն է»․ մեր հարցին պատասխանելով՝ զոհված կապավոր Դավիթ Ազատյանի մայրը՝ Քրիստինե Ազատյանն ասաց․ «Նրան դիտակետից ասել են, որ հակառակորդը մոտենում է, բայց նա ասել է՝ չկրակեք, մերոնք են։ Այդ հրամանը Ջալալ Հարությունյանն է տվել։ Երեք անգամ փոխվել են հրամանները։ Դիտակետում մարդիկ տեսել են, որ հակառակորդն է, ու փախել են, իսկ տղաները մնացել են ներքեւում, չեն հասցրել փախչել»։ Հիշեցնենք․ հոկտեմբերի 12-ին Ֆիզուլիի մոտակայքում նկատվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ` կրակային դիրքի ուղղությամբ, նրանց շարքերում երեւացել են հայկական համազգեստով անձինք: Ջալալ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, առանց ուսումնասիրելու, նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին: Դիվիզիոնի հրամանատարը կասկածանքով է վերաբերվել ստացված տեղեկությանը, մի քանի անգամ եւս խնդրել է ճշգրտել, սակայն նույն պատասխանն է ստացել։ Հայտնվելով հակառակորդի թիրախում՝ 20 զինծառայողներ զոհվել են, 7-ը՝ վիրավորվել, փոխգնդապետի գտնվելու վայրը մինչեւ հիմա անհայտ է։ Զորամասն անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

Քրիստինե Ազատյանը կարծում է, որ ոչ միայն Ջալալ Հարությունյանին պետք է մեղադրել իր ու մյուսների երեխաների մահվան մեջ, այլեւ հրետանու պետ Գենադի Բաղդասարյանին, որը տղաներին ցուցում է տվել առաջ գնալ ու զբաղեցնել կրակային դիրք։ «Իրեն էլ պետք է մեղադրանք առաջադրվի, որովհետեւ հենց իր հրամանով են տղաներին տարել այնտեղ։ Ինձ համար առաջին մեղավորը նա է, որովհետեւ, իմանալով, որ այդ տարածքը մերը չէ, տարել են այնտեղ իր հրամանով։ Իրեն այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված չէ, թեեւ մենք բազմաթիվ փաստեր ենք ներկայացրել։ Մենք տեղում դոփում ենք, նույնիսկ Գեւորգյանն իր մեղքը չի ընդունում, որը փախել է իմ տղայի մեքենայով»։  

Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը կարծում է, որ իր պաշտպանյալը բացարձակ անմեղ է, հերոս է, եւ պատահական չէ, որ թշնամին հենց նրան է թիրախ ընտրել, եւ «միայն հրաշքով՝ լրջագույն վիրահատությունների միջոցով է հնարավոր եղել Ջալալ Հարությունյանին կրկին ոտքի կանգնեցնել»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանին շնորհեց գեներալ լեյտենանտի կոչում։ Ինչո՞ւ, եթե նա անփույթ էր կատարում իր պարտականությունները։ 44-օրյա պատերազմի առեղծվածներն անվերջ են։ Մի բան պարզ է, որ պատերազմական օրերին եղել է անկազմակերպ վիճակ, տարբեր անձանց եւ զորամիավորումների միջեւ անհամաձայնություններ եւ կապի բացակայություն, բայց եթե գերագույն գլխավոր հրամանատարին չեն մեղադրում պատերազմում բանակը վատ կառավարելու մեջ, ապա նրան ենթակա զինվորականներին դատելն աբսուրդի ժանրից է: Եվ եթե ամեն ռազմական օպերացիայից, ամեն պատերազմից հետո դատենք զինվորականներին, էլ ոչ ոք չի ուզենա պաշտպանել հայրենիքը։ Առանց այդ էլ հայրենիքի պաշտպանությունը վտանգավոր զբաղմունք է դարձել։