Ֆիրդուսում տներն ապամոնտաժում են, քաղաքացիները փոխհատուցումից դժգոհ են (լուսանկարներ)

Ֆիրդուսում տներն ապամոնտաժում են, քաղաքացիները փոխհատուցումից դժգոհ են (լուսանկարներ)

Ֆիրդուսի փողոցի բնակիչները հույս ունեին, որ գոնե հեղափոխությունից հետո կվերանայվի «գերակա շահ» ասվածը, ու իրենց սեփականության ճակատագիրը կախված չի լինի կառուցապատողից։

Երեւանի կենտրոնում գտնվող թաղամասն արդեն վաղուցվանից է կառուցապատման ծրագրում: Քաղաքապետարանի, շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների, կառուցապատողների եւ բնակիչներ միջեւ համաձայնությունը տարիներ շարունակ չի կայանում: Հանրապետության 8 ա տարածքում գտնվող Սաֆարյանների ընտանիքը պատրաստվում է դատարան դիմել: 90-ամյա Վարյա Սաֆարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իր գերդաստանին կառավարությունը հանում է տարածքից, ԴԱՀԿ-ից մարդ են ուղարկել՝ գնահատելու հասցեում առկա 10 շինությունները: Դրանք տներ են, ավտոտնակներ, մառաններ:

Կառավարության որոշմամբ` թաղամասը համարվել է գերակա ճանապարհ, ուստի պետք է տներն ապամոնտաժել, սակայն խնդիրն այն է, որ, ըստ բնակիչների, իշխանություններն էժան են գնահատում իրենց ունեցվածը` փոխհատուցում են մոտ մեկ միլիոն դոլար, ինչը, ըստ նրանց, քիչ է: Տարածքում ապրում է չորս ընտանիք, շինությունները տարբեր են` երկհարկանի առանձնատուն եւ հարակից սենյակներ, սակայն ոչ այնքան լավ վիճակում: Դավիթ Սաֆարյանն էլ նշում է, որ մեկ միլիոն դոլարով մեր օրերում անհնար է չորս ընտանիքի համար բնակարան գնել քաղաքի կենտրոնում։ «Մենք հո Չարբախ կամ 9-րդ մասիվ չե՞նք գնալու, սովոր ենք կենտրոնին: Մեզ պետք է այնքան գումար հատկացնեն, որ կարողանանք Երեւանի կենտրոնում` հենց մոտակայքում չորս բնակարան գնենք: Տները թանկացել են, այդ գնով անհնար է չորս ընտանիքի համար Երեւանի կենտրոնում տներ գնել»,- նշում է մեր զրուցակիցը:

Բնակիչներն այսօր տեղի ունեցողը համեմատում են տարիներ առաջ Հյուսիսային պողոտայում կատարվածի հետ, երբ բնակիչներին վտարում էին իրենց տներից, որպեսզի կառուցվի Հյուսիսային պողոտան: Ի դեպ, Հյուսիսային պողոտայում տեղի ունեցածն այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թերթի` «Հայկական ժամանակի» էջերում սուր քննադատության էր արժանացնում՝ կատարվածը որակելով ահաբեկչություն, ունեզրկում, սակայն այսօրվա իշխանությունն էլ նույնն է անում: 90-ամյա տիկին Վարյան մեզ հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի մասին նախքան այդ դեպքերն ուներ դրական կարծիք, սակայն Փաշինյանն այսօր գնում է Քոչարյանի ճանապարհով։ «Էն գյոռբագյոռներից սպասում էինք ամեն ինչ, ինձ թվում էր՝ հիմա մի բան է փոխվել, էս իմ տունն ա, թող տանս արժեքը տան, ես հենց հիմա էլ դուրս կգամ, բայց մեր սարքած շենքի արժեքը չեն տալիս: Մենք շենք ենք սարքել, որ ապրենք, փող չեն տալիս ու ուզում են քանդել: Մենակ մեկ միլիոն հարկ ենք տալիս էս տարածքի համար, ուրեմն հարկը վերցնեն, շենքը քանդելու ժամանակ էլ փող չտա՞ն: Խի տենց բա՞ն ա լինում, ես չեմ հիշում»,- ասաց տարեց կինը:

Նշենք, որ ԴԱՀԿ աշխատակիցները գնացել են գնահատման աշխատանքներ կատարելու, սակայն քաղաքացիները դուռը նրանց առաջ չեն բացել: ԴԱՀԿ աշխատակիցները մոտ երեսուն րոպե դարպասները թակել են, սակայն՝ ապարդյուն: Սաֆարյանների ընտանիքը պնդում է, որ մեկ միլիոն դոլարը շատ քիչ է, եւ տարածքից չեն հեռանալու այնքան ժամանակ, մինչեւ իրենց իսկ պահանջած գումարը կառավարությունը հատկացնի, սակայն թե որքան գումար է ընտանիքը ցանկանում, հասկանալի չդարձավ: