Չսխալվել երկրորդ անգամ

Չսխալվել երկրորդ անգամ

1990-ականների սկզբին նորանկախ Հայաստանը գտնվում էր բարդ քաղաքական, տնտեսական վիճակում: Անցում էր կատարվում շուկայական տնտեսակարգին, նոր պետություն էր կառուցվում: Հետխորհրդային անցումային տնտեսությամբ բոլոր երկրներն էլ բարդ իրավիճակում էին հայտնվել: Բայց Հայաստանի վիճակն էապես տարբերվում էր. անցումային հիմնախնդիրներից զատ, առաջացել էին շրջափակման, արցախյան պատերազմով պայմանավորված հիմնախնդիրներ:
Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո հասարակությունն ընկավ թմբիրի մեջ:

Ակնհայտ էր, որ տեւական ժամանակ պատերազմ չի լինելու: Գուցե դրանով պայմանավորված, բաց թողնվեց տեխնոլոգիական զարգացման համար բացված պատուհանը: Խոսքն այն մասին է, որ այդպիսի պատուհաններ բացվում են մոտավորապես 30 տարին մեկ: Դա համահունչ է ռուս խորհրդային ականավոր տնտեսագետ Կոնդրատեւի պարբերաշրջաններին (կ-ալիքներ), բխում է դրանց հայեցակարգից: Յուրաքանչյուր կ-ալիքի տեւողությունը, միջին հաշվով, 45-50 տարի է, որը բնութագրվում 1-2 տեխնոլոգիայի սրընթաց զարգացմամբ: Ենթադրաբար՝ 2035-40 թվականներին կսկսվի կոնդրատեւյան 6-րդ ալիքը:

Օբյեկտիվ (հատկապես Արցախի գոյաբանական խնդրի գերակա լինելով պայմանավորված) եւ սուբյեկտիվ պատճառներով՝ Հայաստանը «չսանձեց» 5-րդ կ-ալիքը, այսինքն՝ չկարողացավ ժամանակին ապահովել այդ ալիքին բնորոշ այնպիսի տեխնոլոգիաների յուրացումը, ինչպիսին են տեղեկատվական տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները: 

30 տարի անց Արցախի գոյաբանական խնդիրը կրկին գերակա է դարձել: Բոլորիս մտքերը, հույզերն ուղղված են այդ խնդիրը լուծելուն, արդեն երկրորդ անգամ: Դրա համար կպահանջվեն մարդկային, նյութական եւ ֆինանսական հսկայական ռեսուրսներ, որոնք կհանվեն տնտեսական զարգացման խնդրի լուծման, տեխնոլոգիական առաջընթացի տիրույթից: 

Նախորդ 30 տարիներն Ադրբեջանի համար տնտեսական զարգացման, ռազմական արդիականացման տարիներ էին: Արցախյան երկրորդ պատերազմի մարտադաշտում այդ երկիրն իրացրեց իր տեխնոլոգիական գերազանցությունը:

Մենք չենք կարող սխալվել երկրորդ անգամ: Այս առումով, նպատակահարմար է թվում մարդկային եւ ֆինանսական որոշ ռեսուրսների առանձնացումը՝ երկրի տեխնոլոգիական առաջընթացն ապահովելու՝ 6-րդ կ-ալիքը «սանձելու» համար: Զուգահեռ գործող պետական կառույցներին, որոնք «խրված» են ընթացիկ խնդիրների մեջ, անհրաժեշտ է դիտարկել «զարգացման պետության» մոդելի ձեւավորումը, որով հնարավոր կլինի առաջիկա 15-20 տարիներին հասնել տեխնոլոգիական գերազանցության, ներառյալ՝ ռազմական ոլորտում: Այդ համատեքստում առանձնակի կարեւորվում է երկրի գիտական մտքի կոնսոլիդացիան, գուցե, ՀՀ ԳԱԱ-ի շուրջ: Միաժամանակ, այդ մտքի սնուցման առումով, էական է տեխնիկական եւ բնագիտական մասնագիտություններով կադրեր պատրաստող համալսարանների համակողմանի աջակցությունը՝ մասնավոր-պետական արդյունավետ գործակցությամբ: 

ՀԳ. Սպասվում է տեւական, համառ պայքար Արցախի գոյաբանական խնդիրը լուծելու համար: Այնուամենայնիվ, դա ոչ մի կերպ չպետք է ունենա այն նույն ազդեցությունը երկրի զարգացման վրա, ինչպես եղել է նախորդ տասնամյակներում:

Գագիկ Վարդանյան