Ու՞մ էր ձեռնտու Կուտոյանի մահը

Ու՞մ էր ձեռնտու Կուտոյանի մահը

Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«ԵՐԿՈւ ԽՈՍՔ...
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Նախ ուզում եմ խորին ցավակցությունս հայտնել Գեորգի Կուտոյանի հարազատներին, բարեկամներին և ընկերներին։ Անկախ այն բանից, թե ով է, ինչ դիրք է զբաղեցրել, կամ զբաղեցնում, խոսքը մարդու մասին է, այն էլ` երիտասարդ ու առողջ տղամարդու և առաջին հերթին պետք է առաջնորդվել մարդկայնությամբ։ Իհարկե կոռեկտ չէր լինի հիմա, երբ դեռ հանգուցյալի մարմինը հողին էլ չի հանձնվել, ինչ-ինչ վերլուծություններ անել, կասկածներ հայտնել։ Բայց ոչ այս դեպքում։ Գեորգի Կուտոյանը պետական բարձր պաշտոն է զբաղեցրել, տիրապետել է պետական անվտանգությանը առնչվող գաղտնիքների ու տեղեկատվության և նրա մահը շարքային մահ լինել չի կարող։ Հետևաբար, կարծում եմ, այս պարագայում լռելը ճիշտ չէ և հուսով եմ Կուտոյանի հարազատներն ու մերձավորները կներեն ինձ։
Ես կրիմինալիստ- փորձագետ չեմ և, չտիրապետելով մանրամասներին, չեմ կարող և իրավունք էլ չունեմ որակավորում տալ այս մահին` սպանություն է, թե ինքնասպանություն, բայց կասկածելու և սեփական հետևությունները անելու իրավունքից ոչ ոք ինձ չի կարող զրկել։
Մինչև Կուտոյանը ունեցել ենք ուժային կառույցներում ղեկավար պաշտոն զբաղեցրած և որոշակի տեղեկատվության տիրապետող ևս երկու անձի մահ, որ եղել են մարտի 1-ի գործը բացելուց հետո և մտածող մարդը չի կարող այստեղ կապ ու շղթա չտեսնել։ Ի՞նչ է, ուժային կառույցներում ինչ-որ համաճարա՞կ է սկսվել։ Մեզ ներկայացվում է ինքնասպանության նախնական վարկած։ Եկեք միասին վերլուծենք։ Ըստ արդեն հայտնի տվյալների բնակարանում հայտնաբերվել են մեկ ատրճանակ, 30-ից 40 պարկուճ և կրակոցների հետքեր պատերին։ Այդ ինչպե՞ս է եղել, որ ոչ ոք չի լսել կրակոցները, նունիսկ այն մեկ կրակոցը, որ հանդիսացել է մահվան պատճառը ինքնասպանություն համարելը։ Կարելի՞ է ենթադրել, որ կրակոցները արձակվել են խլացուցիչով զենքից։ Իհարկե կարելի է։ Իսկ եթե այդպես է, ապա ու՞ր է այդ խլացուցիչը։ Եթե խլացուցիչը չի հայտնաբերվել, նշանակում է ինչ-որ մեկը այն դուրս է տարել, կամ թաքցրել։ Այստեղ կա երկու տարբերակ` կամ դա արել են տեղազննությունը իրականացնողները, որը քիչ հավանական է, կամ էլ երրորդ անձ կամ անձինք, որոնք գտնվել են բնակարանում։ Գուցե այս հետևություններս դիլետանտական մակարդակի են, բայց վստահ եմ, որ այսպես միայն ես չեմ մտածում։ Եվ քանի որ միայն ես չեմ, ուրեմն իրավունք ունենք մտածել, որ տեղի ունեցածը ոչ թե ինքնասպանություն է, այլ պատվիրված սպանություն։ Այս դեպքում էլ հնչում է բնական հարցը` ու՞մ էր ձեռնտու Կուտոյանի մահը։
Հ.Գ. Մեկ անգամ էլ եմ ցավակցում Գեորգիի հարազատներին ու մերձավորներին և հայցում նրանց ներողամտությունը»։