Կիրակնօրյա դիտարկումներ

Կիրակնօրյա դիտարկումներ

Աչքիս «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյան»-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնին նշանակված Խաչատուրյան (ժամանակին՝ երբ վաղուց արդեն պաշտոն չուներ և ընդամենը ՀԱԿ անդամ էր, ինքը ոնց որ թե Խաչատրյան էր) Վահագնը դուրս է ընկել վերջինիս կողմից նախաձեռնված արևմտականացման թրենդից: Բացատրեմ՝ Արևմուտքում արդեն չեն ողջունվում «հայր» և «մայր» դիմելաձևերը: Եվ հատկապես պետական պաշտոնյաներին հրահանգվել է դրանց փոխարեն օգտագործել «ծնող 1» և «ծնող 2» դիմելաձևերը: Իսկ ինքը, փոխանակ ժամանակին համահունչ քայլելու, օգտագործում է, հանուն սեռական փոքրամասնության մերժված, դիմելաձևերից մեկը: Բավարար չէ, որ օգտագործում է, դեռ մի բան էլ ավելի. շնորհավորական ուղերձ է հղել «սիրելի կանանց» ու «սիրելի մայրերին»: Եվ ակնահաճո դարձվածքներով ու արտահայտություններով է դիմել կանանց ու մայրերին, քույրերին ու դուստրերին: Այնուամենայնիվ, ես ևս միանում եմ նրա ուղերձին, քանի որ այն տվյալ ուղերձն այն բացառիկ երևույթներից է, որի դեպքում գործող իշխանությանը կարելի է միանալ:

Ուղերձային դրականից անցում կատարենք ոչ այնքան դրական իրականություն: Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն X-ի միկրոբլոգում մեկնաբանել է ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի գիշերային հերթական գնդակոծությունը։ Նրա համար հաճելի է, երբ Հայաստանում ԵՄ առաքելությունը ի վիճակի է հերքել ռազմական տեղաշարժերի մասին ադրբեջանական պնդումները: Չնայած պարոն Կլաարն այնքան «դուխ» չունի, որ անվանի պնդումների հեղինակներին և օգտագործում է անորոշ ձև՝ «որոշ պնդումներ»: Միաժամանակ, պարոնը գիտակցաբար սխալվում է՝ ասելով, թե դրանք ընդամենը «թյուրիմացություններ և սխալ պատկերացումներ» են: Որովհետև շատ լավ հասկանում է, որ դրանք Բաքվի կողմից կերպով հերթական անգամ հրապարակ նետված ապատեղեկատվություն են: Եվ, բնականաբար, ԵՄ առաքելության կողմից դրանց հերքումը չի կարող «լավ ծառայել Ադրբեջանին»: 
Ավելի ադեկվատ էր ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի սոցցանցային (X-ում) գրառումը:

«Ծանր գիշեր էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Ադրբեջանցիները գնդակոծել են Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի առնվազն հինգ գյուղերի հայկական դիրքերը: Նպատակը իրական լայնամասշտաբ հարձակումն արդարացնող պատասխան հրահրելն է, ինչը տեղի չունեցավ»,- արձանագրել է նա։

Սակայն խնդիրն այն է, որ Բյուիսոնն ընդամենը մասնավոր անձ է, իսկ Կլաարը՝ ԵՄ չինովնիկ: Ինչը նշանակում է, որ Ժան-Քրիստոֆի խոսքը բարոյական աջակցություն է մեզ, իսկ Եվրամիության չինովնիկի խոսքը՝ սեփական կազմակերպության քարոզչություն: Եվ ունի ավելի մեծ ՕԳԳ արևմտյան իստեբլիշմենթում: Իսկ ադրբեջանական կրակոցների՝ ԵՄ առաքելության հետսադրանքային դիտարկումն էլ ուշացած է ու դրանով էլ վտանգավոր: Որովհետև հաջորդ անգամ թշնամին կարող է չբավարարվել ընդամենը կրակոցներով՝ ինչպես դա տեղի է ունեցել նախորդ տարիներին: