Պետք է իմանան` երբ քվեարկում են Տիգրան Խզմալյանին, իրենց քվեն հնարավոր է գնա Արտակ Զեյնալյանին

Պետք է իմանան` երբ քվեարկում են Տիգրան Խզմալյանին, իրենց քվեն հնարավոր է գնա Արտակ Զեյնալյանին

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն է:

- Պարոն Ղուկասյան, այսօր ամենաակտուալ թեման Երևանի ավագանու ընտրությունն է: Թե փորձագետները և թե երևանցիները բաժանվել են երկու խմբի` ընտրություններին մասնակցողներ և չմասնակցողներ: Կան որոշ վերլուծություններ, որոնց համաձայն` ընտրություններին չմասնակցելով քաղաքացիներն իշխանության «ջրաղացին» են ջուր լցնելու, նաև կան տեսակետներ, որ ոչ մի պարագայում պետք չէ մասնակցել այս ընտրություններին, որովհետև չկա այնպիսի ընդդիմադիր ուժ, որն իրապես երևանցիների մոտ վստահություն առաջացնի: Ի՞նչ եք կարծում Դուք:

- ՔՊ-ն օբյեկտիվորեն չի կարող Երևանում 80 հազարից ավելի ձայն հավաքել: Եթե դրանից ավել լինեն ՔՊ-ի ձայները, ես իսկապես շատ կզարմանամ: Իմ անձնական վերաբերմունքը ԿԸՀ-ի նկատմամբ լավ վերաբերմունք չէ, ես չեմ վստահում ԿԸՀ-ին: Այդ պատճառով այս ընտրություններին երևանցիները պետք է մասնակցեն և ոչ մի դեպքում չթողնեն, որպեսզի իրենց ձայներն այլոց հայեցողությամբ օգտագործվեն: Հայաստանն ընտրակեղծարարության առումով ունի հին ավանդույթներ, որոնք այսօր էլ մեծ հաշվով կարող են օգտագործվել: Այդ առումով ես ոչ մի բարեփոխում այս տարիների ընթացքում չեմ տեսել: Տեղեկություններ ենք ստանում անգամ, որ կան հասցեներ, որտեղ գրանցված է 100-ից ավելի մարդ: Դա կրկնակի քվեարկության նախապատրաստման մասին վկայող երևույթ է: Բազմիցս Հայաստանում նման դեպքեր են եղել, անգամ քրեական գործեր կան հարուցված այդ մասով: Այնպես որ ես երևանցիներին խնդրում եմ անպայման մասնակցել քվեարկությանը: Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ պետությունը քաղաքացու փոխարեն քվեարկի:

- Նաև տեսակետներ կան, որ այս ընտրությունները փորձում են միտումնավոր անլրջացնել: Տիգրան Արզաքանցյանի կինը` Նատալիա Ռոտենբերգը, Տիգրան Խզմալյանը, Արման Ղուկասյանը, Դոգի կուսակցությունը...Կան ուժեր, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ են` բացահայտ կամ քողարկված` Արտակ Զեյնալյան, Դավիթ Խաժակյան…. Դե իսկ հիմնական պայքարը Հակ Մարությանի և Ավինյանի միջև է: Հետաքրքիր է` Դուք տեսնո՞ւմ եք նման միտում:

- Եթե ընտրություններ կեղծելու տեխնոլոգիաներից մեկը կրկնակի ընտրություններին մասնակցելն է, ապա երկրորդ դասական կեղծիքն էլ այն է, որ ԿԸՀ-ն փոքր քանակով ձայներ հավաքած ուժերի ձայները ենթարկում է վերաբաժանման: Երբ վերաբաժանումներ են տեղի ունենում, որպես կանոն, բողոքներ չեն լինում, որովհետև բոլորի ուշադրությունը հիմնական թեկնածուների ձայների վրա է լինում: ԿԸՀ-ն վերաբաժանում է փոքր քանակով ձայներ հավաքած ուժերի քվեները: Նիկոլ Փաշինյանի պլանի համաձայն` իրենք ձգտելու են ավագանու կազմում անցկացնել «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին: Իսկ օրինակ նույն Տիգրան Խզմալյանի գլխավորած կուսակցությունը 2021 թվականին` Երևանում հավաքել էր ընդամենը 1200 ձայն: Այսօր կարող է լինել նույն բանը: Տիգրան Խզմալյանի, Արզաքանցյանի կնոջ և նմանների ձայները վերաբաժանվելու են Արտակ Զեյնալյանի և Դավիթ Խաժակյանի միջև: Պայքարի հիմնական մասնակցիները` բոլոր առումներով ՔՊ-ն է, «Ապրելու երկիրը» և Հայկ Մարությանը: Թեպետ Հայկ Մարությանն իմ կարծիքով իր տեղը զիջում է Մանե Թանդիլյանին: Կան օբյեկտիվ պատճառներ: Ես մեր քաղաքացիներին կոչ եմ անում զգույշ լինել ու գիտակցել, որ երբ, օրինակ, քվեարկում են Տիգրան Խզմալյանին, իրենց քվեն հնարավոր է գնա Արտակ Զեյնալյանին: Ոմանց համար մեծ հաշվով գուցե տարբերություն չկա, սակայն իրազեկել պետք է մարդկանց:

- Իսկ ինչո՞ւ եք այդպես կարծում: Գուցե մերձիշխանական ուժերի ձայները գնան հենց ՔՊ-ին:

- Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ այսօր հիասթափված են: Ընտրությունները սովորաբար ամեն անգամ համեմատում են նախորդ ընտրությունների հետ: 2021 թվականին ՔՊ-ն Երևանում հավաքել է 680 հազար ձայն: Հասկանալի է, որ Երևանի ընտրություններում այս անգամ ձայները ոչ թե ավելացել, այլ պակասել են: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ նվազել է ՔՊ-ի և անձամբ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը: «Հայաստան» դաշինքը 2021 թվականին Երևանում մեծ քանակությամբ ձայներ էր հավաքել: Այժմ «Հայաստան» դաշինքը չի մասնակցում ընտրություններին, դաշինքին ամենամոտ թեկնածուն Անդրանիկ Թևանյանն է, սակայն նրա ռեսուրսները, ինչու չէ` կերպարը, փաստում են, որ նա չունի մեծ քանակությամբ ընտրական մեքենա, որը կարող էր համեմատության մեջ դնել, օրինակ, «Ապրելու երկիր» կուսակցության և ՔՊ-ի հետ: Ենթադրում եմ, որ 2021 թվականին «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկած մարդկանցից շատերը սեպտեմբերի 17-ին քվեարկելու են «Ապրելու երկիր» կուսակցության օգտին: Ես վստահ եմ, որ «Հայաստան» դաշինք ընտրած զանգվածը չի կարող ընտրել Հայկ Մարությանին:

- Իսկ հասարակության ո՞ր զանգվածը կքվեարկի Մարությանի օգտին:

- Հայկ Մարությանի օգտին քվեարկելու են Փաշինյանից հիասթափված մարդիկ: Ավինյանի ձայների մի մասը կարող է գնալ Մարությանին, սակայն Մարությանը կարող է հավակնել երրորդ տեղի համար:

- Ձեր կարծիքով` հայտ ներկայացրած 14 ուժերից քանի՞սը կանցնեն ավագանի և ի՞նչ հերթականությամբ:

- Ավինյան, Թանդիլյան, Մարության: Այս երեքն անցնելու են: Վիկտոր Մնացականյանը Կենտրոն վարչական շրջանում ևս կարող է շատ ձայներ հավաքել: Այսօրվա երթից ևս շատ բան է կախված: Սովորաբար բազմամարդ երթերը ոգեւորում են ընտրողին: Կարծում եմ, որ Մանե Թանդիլյանն ավելի մեծ շանսեր ունի, քան Տիգրան Ավինյանը: