Կալանավորումներ, փախուստ․ քովիդի գործը նոր թափ է հավաքում

Կալանավորումներ, փախուստ․ քովիդի գործը նոր թափ է հավաքում

Քննչական մարմինները շարունակում են գործողությունները՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տրամադրված դրամական միջոցների ենթադրյալ մսխումների քրեական գործով։ Մենք գրել էինք, որ ժամեր առաջ խուզարկություն են իրականացրել Երեւանի քաղաքապետարանում՝ փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Ապա նրան ձերբակալել են։ Ձերբակալելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեց Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Բերման էին ենթարկվել եւս երկու կին՝ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի վարակի հսկողության բաժնի ղեկավար Նաիրա Միքայելյանը եւ առողջապահության նախարարության թոքաբանության եւ տուբերկուլյոզի գծով խորհրդական Լուսինե Եղիազարյանը։ Ընդ որում՝ մեկին աշխատավայրից, մյուսին՝ տնից։ Ավելի ուշ Նաիրա Միքայելյանին թողել էին, որ գնա, Լուսինե Եղիազարյանին պահել էին։ Նաիրա Միքայելյանը, մեր տեղեկություններով, մտերիմ է առողջապահության նախարարի հետ։

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող այս գործը բավականին ընդգրկուն է՝ քննչական մեծ խումբ է աշխատում, որի երկու անդամների անուններն է մեզ հայտնի դարձել՝ Լիանա Սանթրոսյան, Ա Հարությունյան։ Մեղադրանքի հիմնական բովանդակությունն առնչվում է հիվանդանոցներում հիվանդների պահման պայմաններին, մասնավորապես՝ սովորական հիվանդասենյակներում բուժվող հիվանդների տվյալները ներկայացվել են որպես վերակենդանացման բաժանմունքում բուժվողների։ Իսկ դրանք տարբեր ծախսեր են ենթադրում եւ ըստ այդմ՝ յուրացումների դաշտ ստեղծում։ Մեզ ասացին, որ կա նաեւ երկրորդ ուղղություն, որն առնչվում է դեղամիջոցների ձեռքբերմանը, ըստ քննիչների, դեղամիջոցներից մեկը ձեռք է բերվել ինքնարժեքից մոտ 8 անգամ թանկ գնով։

Չարաշահումների կասկածները վերաբերում են հիմնականում «Մեդլայն» կլինիկային եւ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին։ Ընդ որում, Նորքի ինֆեկցիոնի երկու նախկին տնօրեններին։ Ըստ չճշտված լուրերի, երկու անձ շուտափույթ ազատվել է աշխատանքից եւ հեռացել երկրից։

Ինչ վերաբերում է փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին, նրա մեղադրանքը կապված է «Մեդլայնի» հետ, որտեղ, ըստ նախաքննության, հիմնական չարաշահումներն են կատարվել, եւ որի տնօրենը նույնպես ձերբակալված է։ Սակայն ուշագրավ է, որ խախտումների մասին վկայող ապացույցները վերաբերում են «Մեդլայնի» ներքին գործընթացներին։ Այսինքն՝ շղթան կտրվում է՝ հասնելով տնօրենին։ Ոչ մի ապացույց կամ փաստաթուղթ չի վկայում այն մասին, որ առողջապահության փոխնախարարը կապ է ունեցել այդ ամենի հետ։ Միակ կապն այն է, որ «Մեդլայնի» սեփականատերը Գեւորգ Սիմոնյանի քավորն է։ Բայց քավոր-սանիկ հարաբերությունների հիմքով մեղադրանք առաջադրելը հեշտ չի լինելու։

Արեգ Մարգարյան