Իշխանության համար՝ յուրային, պետական շահին՝ հակադիր

Իշխանության համար՝ յուրային, պետական շահին՝ հակադիր

Հայաստանը գոնե անվանապես խորհրդարանական պետություն է։ Ճիշտ է, փաստացի կառավարման համակարգը գերվարչապետական է, իսկ ԱԺ քաղաքական մեծամասնությունն էլ ամբողջական կախյալության մեջ է գործադիրի ղեկավարից, բայց ուշագրավ է, որ անգամ սեփական դեմքը փրկելու եւ իրական խորհրդարանական վերահսկողություն ունենալու իմիտացիայի փորձ անգամ չի անում։ Մեկ ամիս շարունակվող ներքաղաքական ճգնաժամին ամենաանհաղորդ ինստիտուտն այսօր խորհրդարանն է՝ ընդդիմադիրները լքել են այն, իշխանականներն էլ միայն հոխորտում ու զազրախոսում են։ Որեւէ ՔՊ-ական պատգամավոր գիտակցո՞ւմ է սեփական առաջնային մանդատի պատասխանատվությունը, հասկանո՞ւմ է, որ վարչապետին նշանակողն էլ, անվստահություն հայտնողն էլ գոնե ձեւականորեն ինքն է։

Իրական երկիշխանության առաջացման եւ կառավարող ուժի տրոհման պայմաններում ՔՊ-ական պատգամավորները, տուրք տալով ստեղծված վիճակին, կարող էին վարչապետի հրաժարական պարտադրել կամ նոր թեկնածու առաջադրել։ Այդ իրավիճակին, օրինակ, տասնյակ իշխանական պատգամավորներ բավական մոտ էին 2020-ի նոյեմբերին՝ պարտությանը հաջորդած մի քանի շաբաթների ընթացքում։ Մինչդեռ այսօր նրանք զբաղված են պարզագույն անհեթեթությամբ՝ ընդդիմությանը մեղադրելով իր բնական իրավունքի՝ հանուն իշխանության պայքարի համար։ Եթե «աթոռակռիվ է» հիմարագույն թեզը հնչեր որեւէ բակային զրուցարանում, միգուցե եւ կարելի էր ըմբռնումով մոտենալ, բայց այն առավոտից երեկո ասվում է խորհրդարանում։ Սա այն դեպքում, երբ իրենք էլ հրաշալի հասկանում են՝ եթե Դիմադրության շարժման առաջնորդների համար սա միգուցե եւ իշխանակռիվ է, ապա պայքարի ելած տասնյակ հազարավոր քաղաքացիների եւ սփյուռքյան շրջանակների համար սա նախեւառաջ արժանապատվության պայքար է։

Այլ հարց, որ այդ պայքարը, նաեւ հարյուր հազարավոր չեզոք անձանց մոտեցումներն ու դժգոհությունները պետք է ձեւակերպվեն քաղաքականապես՝ կոտրելով մեր հանրությանը բնորոշ հարմարավետության գոտին եւ մղելով ակտիվ գործողությունների։ Փաշինյանի հեռացման հանրային պահանջը պետք է լինի տոտալ, հետեւողական եւ հանրության բոլոր շերտերի ու ինստիտուտների ներգրավմամբ։ Որքան ավելի շատ է ընդդիմությունը տրվում իշխանափոխության սահմանադրական ճանապարհի ծուղակին՝ խուսափելու ենթադրյալ ցնցումներից, այնքան իշխանության ձեռագիրն ավելի է լկտիանում, քաղբանտարկյալների թիվը՝ ավելանում, Արցախն էլ՝ հանձնվում թշնամուն։

Իշխանափոխությունը զգալիորեն դանդաղեցնում է նաեւ բանակի հրամկազմի տարակուսելի եւ դատապարտելի լռությունը, եւ դա այն դեպքում, երբ Փաշինյանը ռազմական պարտության բեռը քանիցս դրել է հենց բանակի վրա։ Միայն պահեստազորի գեներալների մի մասն է, որ այս պարտությունը որակում է իբրեւ քաղաքական եւ ոչ ռազմական։ Մինչդեռ Փաշինյանի միայն այն ինքնախոստովանությունները, որ ինքը հնարավորություն է ունեցել պատերազմը կանխելու, իսկ սկսվելուց հետո՝ այն կանգնեցնելու, բայց դա չի արել, արդեն իսկ պիտի հարուցեր բանակի բուռն ցասումը։

Եվ կամ՝ թշնամասեր իշխանության դավադիր հրահանգներն անվերապահորեն կատարող Ազգային անվտանգության ծառայությունն այդ ո՞ր ազգի անվտանգությունն է ապահովում՝ հայերի՞, թե՞ ադրբեջանցիների։ Գլխավոր դատախազությունն իր անպատիվ ու ստորաքարշ վարքով այդ ո՞ւմ է ծառայում՝ օրենքին ու օրինականությա՞նը, թե՞ թշնամու առաջ ծնկած, բայց երկրի ներսում իրեն «գելխեղդ» հռչակած ապիկարին։

Գլխատված գլխավոր շտաբը սեփական դեմքը փրկելու համար անցած տարի գոնե բանավոր պահանջեց վարչապետի հրաժարականը, հետեւաբար՝ դրա համար ակնհայտորեն հիմքեր ուներ։ Իսկ ո՞ւմ շահերն է սպասարկում կամ ո՞ր կենտրոնից է ղեկավարվում Ազգային անվտանգության ծառայությունը, երբ հնազանդորեն կատարում է բանակի կողմից որպես անվտանգության հիմնական սպառնալիք հռչակված վարչապետի հրահանգները։

Դավիթ Սարգսյան