Ավիացիոն սանկցիաներից Հայաստանը կարող է շահել

Ավիացիոն սանկցիաներից Հայաստանը կարող է շահել

«Հրապարակի» զրուցակիցը ավիացիոն խորհրդատու, ԱրմԷյր նախաձեռնող թիմի ղեկավար Նավիկ Խաչատրյանն է:

- Պարոն Խաչատրյան, եթե ավիացիոն սանկցիաները՝ Ռուսաստանի նկատմամբ շարունակվեն, դա ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի ավիափոխադրումների վրա։

- Եթե սանկցիաները շարւնակվեն, հնարավոր է այն Հայաստանի վրա դրական ազդեցություն թողնի: Ինչու, որովհետև, այն օդանավերը, որոնք հնարավորություն ունեին մեկնել Եվրոպա և այլուր, որոնց արգելված է թռչել, Աէրոֆլոտի ղեկավարությունը դժվար թե թողնի Շերեմետևո օդանավակայանում կանգնած: Կփորձի գտնել հնարավորություններ թռչելու: Դրանից մեկը կոնկրետ Հայաստանն է` «Զվարթնոց» օդանավակայանը: Ենթադրում եմ, որ կդիմի վարչություն և կստանա թույլտվություն: Հնարավոր է նույն Աէրոֆլոտը, որ նախկինում շաբաթը 2 անգամ էր թռչում, հիմա թռչի շաբաթը 4 անգամ: Կախված է նպատակահարմարությունից և կոմերցիոն տեսանկյունից: Ինքնարժեք, նաև պահանջարկ: Կա նաև այլ տարբերակ. Երևանից թռչել այլ տեղեր, որտեղ կա 5-րդ ազատության ձև: Սա կարելի է անել մեր իշխանությունների հետ բանակցելով: Առաջ շատ խիստ էր: Օրինակ, նույն ՌԴ-ն դա չէր ողջունում: Ամեն դեպքում հնարավոր է թույլ տա՝ եթե դիմեն: Բայց մենք շատ մեծ ակնկալիք չպետք է ունենանք: Մեզ միայն նավիգացիոն օդային տարածքի գումարն է մնալու: Իսկ հիմնական սակագնի արժեքը կգնա դեպի ՌԴ:

- Կարո՞ղ է Հայաստանն իր օդը տրամադրել, որ Ռուսաստան չվերթները Հայաստանի տարածքով իրականացվեն։

- Ես լավ չեմ պատկերացնում, դրան ինչպես կարձագանքի մեր պետությունը: ՄԻԿԱՕ ավիափոխադրող կազմակերպությունը, որն ամեն ինչի ղեկավարն է ու «զոնտիկը», պահանջում է տվյալ դեպքում պայմանագրային ձևով, գա Երևանից ուղևորից վերցնի ու տանի ոչ թե ուրիշ երկրներ, որտեղ կարա ինքը թռչի, օրինակ` Աֆրիկա և այլն: Նման դեպքեր հնարավոր են, սակայն մի քիչ երկար ուսումնասիրության կարիք ունեն: Հիմնական շահառուն լինելու է Հայաստանի ուղևորը, որը օգտվելու է այդ չվերթներից: Մեր իշխանությունների թույլտվությունը ստանալուց հետո նա նույնպես իր օդանավը կապահովի ժամերով:

- Հնարավո՞ր է՝ եթե Հայաստանը չմիանա աշխարհի սանկցիաներին՝ Ռուսաստանի դեմ, մեր նկատմամբ էլ որոշ սանկցիաներ կիրառվեն։

- Բերեք սա ես չմեկնաբանեմ: Ես այդ թեմային չեմ տիրապետում: Չեմ կարծում: Մենք օրենքներ չենք խախտում, իրենք էլ օրենք չեն խախտում: Եթե քաղաքական կոմպոնենտ առաջ քաշվի, դա ուրիշ հարց է: Չեմ կարծում որևէ մեկը հստակ այս հարցին պատասխանի:

- Մեր տրանզիտ ուղեւորությունների մեծ մասն իրականացվում էր Կիեւով, կամ Մոսկվայով։ Որ երկրների օդանավակայանները կարող են տրանզիտ ապահովել մեզ համար՝ դեպի ԱՄՆ, Եւրոպա մեկնելու համար։

Դժվարանում եմ ասել: Նախ եկեք հասկանանք, թե մեր ուղևորն ուր է թռչում, մեկը վրացական հենքով «Արմենիա» ընկերությունն է, որը ներկա պահին դրանով հազիվ կարողանում է իր չվերթները կատարել: Երկրորդը` «Արմենիա էյրվեզ» նախկին պարսկական հենքով ընկերություն է, որն այժմ իսկապես հայկական է: Հիմա նոր չվերթներ կցանկանա արդյոք, թե ոչ, չգիտեմ: «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը» կարող է թռչել տարբեր տեղեր, այդ թվում Եվրոպա:

- Հայաստանը եվրոպական փոխադրումների սեւ ցուցակից հանելու ուղղությամբ ինչ որ բան ձեռնարկվո՞ւմ է։

- Կարծում եմ լրատվականով կտային, եթե քայլ ձեռնարկվեր: Հստակ Եվրամիության կողմից ասվել է, որ այդ հարցին հաջորդ անգամ կանդրադառնան 2022 թվականի նոյեմբերին: Անդրադառնալ չի նշանակում, որ կգան կասեն՝ թռեք: Մինիմում վեց ամիս է պետք աուդիտորներին, որ տեղ գտնեն Հայաստանում ու աուդիտ անեն: Եթե անցնի աուդիտը՝ սև ցուցակից ցուրս կգանք, եթե չանցնի՝ իրավունք չենք ունենա թռչել Եվրոպա: