Որոնք են նվազագույն ցածր շեմով ընդունված եւ թափուր մնացած մասնագիտությունները 

Որոնք են նվազագույն ցածր շեմով ընդունված եւ թափուր մնացած մասնագիտությունները 

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը, ի պատասխան մեր հարցմանը, տրամադրել է ընդհանուր տեղեկություններ 2021թ. միասնական քննությունների եւ բուհերի ընդունելության մրցույթի վերաբերյալ:  

Մասնավորապես, 2021 թ․ dimord.am կայքում միասնական քննություն է հայտագրել 12043 դիմորդ (11450-ը՝ հայտագրման առաջին փուլում, 593-ը՝ երկրորդ փուլում)։ Երկրորդ փուլում հայտագրվածներից 439-ն առաջին անգամ հայտագրվել է երկրորդ փուլում, իսկ 154-ը հայտագրված է եղել նաեւ առաջին փուլում։

Միասնական քննություններին, ընդհանուր հաշվարկով, ներկայացել է 11582 դիմորդ (11056-ը՝ առաջին փուլում, 526-ը՝ երկրորդում), բացակայել է 453-ը (389-ը՝ առաջին փուլում, 64-ը՝ երկրորդում), հիվանդության պատճառով քննությունն ընդհատել է 2-ը (առաջին փուլում), քննությունից հեռացվել է 6-ը (3-ը՝ առաջին փուլում, 3-ը՝ երկրորդում)։

2021 թ. ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու նպատակով հիմնական փուլում հայտագրվել է 13128 (առանց ներբուհական քննությունների՝ 11042) դիմորդ: 

Երկու քննություն հայտագրել է 10799 դիմորդ, որոնցից դիմում-հայտում նշած առաջին քննությունը միասնական է նշել 8388-ը։ Վերջիններից 7882-ը երկրորդ քննությունը հայտագրել է միասնական, 498-ը՝ կենտրոնացված, 8-ը՝ ներբուհական։ Միայն մեկ քննություն հայտագրած 2328 դիմորդներից 2284-ը դիմում-հայտում նշել է միասնական քննություն, 44-ը՝ ներբուհական։

Միասնական, կենտրոնացված եւ ներբուհական քննություններ հայտագրած 13128 դիմորդներից ընդունվել է 9700-ը (73.9%), որոնցից 8776-ը՝ մրցույթի հիմնական փուլում, 924-ը՝ լրացուցիչ փուլում։

Միայն միասնական եւ կենտրոնացված քննություններ հայտագրած 11042 դիմորդներից ընդունվել է 9029-ը (81.8%), որից մրցույթի հիմնական փուլում՝ 8112-ը, լրացուցիչ փուլում՝ 917-ը։ Ուսուցման անվճար հիմունքներով ընդունվել է 1438 դիմորդ (1398-ը՝ հիմնական փուլում, 40-ը՝ լրացուցիչում), վճարովի հիմունքներով՝ 7525-ը (6652-ը՝ հիմնական փուլում, 873-ը՝ լրացուցիչում): 

Արտոնություններով ընդունվել է 84 դիմորդ (առանց ներբուհական քննության՝ 66), որից 80-ը՝ հիմնական փուլում, 4-ը՝ լրացուցիչում: Առանց ներբուհական քննության ընդունված 66 դիմորդներից 62-ն ընդունվել է հիմնական փուլում, 4-ը՝ լրացուցիչում։

ԳԹԿ-ն մեզ տրամադրել է նաեւ 2021թ․ բուհերի ընդունելության մրցույթի ամփոփումից հետո թափուր մնացած տեղերի թիվը` ըստ բուհերի: 

Օրինակ, ԵՊՀ-ում անվճար թափուր տեղ է մնացել «Միջուկային ռեակտորների ֆիզիկա» մասնագիտության գծով, եւս 15-ը` վճարովի համակարգում: 18-ական թափուր տեղ է մնացել նաեւ «Ֆիզիկա», «Երկրաբանություն» մասնագիտությունների գծով` վճարովի համակարգում:  

ՀԱՊՀ-ում (Պոլիտեխնիկ) 2-ական թափուր տեղեր են մնացել անվճար համակարգում միանգամից երկու մասնագիտությունների գծով` «Քիմիական տեխնոլոգիա» եւ «Լեռնային գործ եւ օգտակար հանածոների արդյունահանում»: 

ՃՇՀԱՀ-ում (Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան) «Քաղաքային տնտեսություն» մասնագիտության գծով թափուր է մնացել 5 անվճար եւ 80 վճարովի տեղ, «Փոխադրումների եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպում եւ կառավարում» մասնագիտության գծով թափուր է մնացել 1 անվճար եւ 50 վճարովի տեղ:

ՀՊՄՀ-ում (Մանկավարժական համալսարան) 1-ական անվճար թափուր տեղեր են մնացել «Ֆիզիկա», «Քիմիա», «Իսպաներեն լեզու եւ գրականություն» եւ եւս 2 անվճար թափուր տեղ «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությունների գծով:

ՀԱԱՀ-ում (Հայաստանի ազգային ագրարային համալսարան) «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության գծով թափուր է մնացել 13 անվճար եւ 150 վճարովի տեղ, «Անասնաբուժություն-Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտության գծով` 6 անվճար եւ 17 վճարովի տեղ: Ինչպես նաեւ` «Անասնաբուծություն: ՀԱԱՀ-ում գրեթե բոլոր մասնագիտությունների գծով կան թափուր մնացած տեղեր անվճար համակարգում: 

Մեր ձեռքի տակ են նաեւ այն մասնագիտությունները, որտեղ ընդունվել են նվազագույն ցածր շեմով: Օրինակ, ՀԱՊՀ-ում նվազագույն ցածր շեմով ընդունվել են միանգամից 14 մասնագիտությունների գծով, որոնց մեջ` «Ռադիոտեխնիկա», «Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա եւ էլեկտրատեխնոլոգիաներ», «Ատոմային էներգետիկա», «Մեխանիկական համակարգերի քոմփյութերային նախագծում», «Ռոբոտատեխնիկա եւ մեխատրոնիկա», «Չափիչ սարքավորումներ եւ համակարգեր», «Տեխնոլոգիական մեքենաներ եւ սարքավորումներ» եւ այլն: 

ԵՊՀ-ում նվազագույն ցածր շեմն առկա է եղել 10 մասնագիտությունների գծով, որոնց մեջ`  «Ռադիոֆիզիկա», «Սոցիալական մանկավարժություն», «Աշխարհագրություն», «Արվեստաբանություն», «Կենսաքիմիա», «Կրոնագիտություն», «Կենսաֆիզիկա եւ կենսաինֆորմատիկա», «Փիլիսոփայություն», «Քիմիա» եւ «Ֆիզիկա»: 

ՀՊՄՀ-ում-ում եւս մի շարք մասնագիտությունների գծով ընդունվել են նվազագույն ցածր շեմով. Դրանց մեջ են` «Նախադպրոցական մանկավարժություն եւ մեթոդիկա», «Պատմություն», «Տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա», «Սոցիալական աշխատանք», «Սոցիալական մանկավարժություն», «Լոգոպեդիա», «Տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն», «Մաթեմատիկա»: