Նիկոլ Փաշինյանը ՀՀ դրոշի ներքո օրենք է ոտնահարում

Նիկոլ Փաշինյանը ՀՀ դրոշի ներքո օրենք է ոտնահարում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որոշել էր նմանվել, ապա նաեւ իր տարօրինակ խստապահանջությամբ գերազանցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Օրեր առաջ Լուկաշենկոն մի ֆերմա կատարած այցի ժամանակ նկատել էր անասունների տակի աղբը, անմխիթար պայմանները եւ խիստ նկատողություն արել դրա պատասխանատուներին։ Բայց հարցը միայն նկատողությամբ չէր վերջացել՝ Բատկան տեղում հրամայել էր իրեն ուղեկցած բոլոր պաշտոնյաներին ազատել աշխատանքից եւ քրեական պատասխանատվության ենթարկել։ 
Երեկ էլ մեր վարչապետը, այցելելով Նորագավիթի ավտոմաքսատուն, թերեւս, ոգեշնչված Բելառուսի նախագահի այս խստապահանջությունից, որոշեց իրեն դրսեւորել ինչպես հայկական Բատկա։ Իհարկե, դա նրան հաջողվեց, բայց դրանով պարոն Փաշինյանը խախտեց գրված ու չգրված օրենքներ։ Նա, մտնելով մաքսատան սենյակներից մեկը, նկատելով գետնին ընկած դրոշը, զայրացավ այդ պահին սենյակում գտնվող աշխատակցի վրա։

«Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ․․․ Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել: Ի՞նչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ, թող խոզանո՞ց լինի»,- հունից դուրս է եկել Փաշինյանը։ Դրանից առաջ էլ նրան դուր չէին եկել բակում ընկած ծխախոտի «բիչոկն» ու պատերի կեղտը։ Իհարկե, լավ է, որ մեր վարչապետը մաքրասեր է, ուզում է, որ ամեն ինչ իր տեղում լինի, որ դրոշը գետնին ընկած չլինի, բայց արդյոք օրինակա՞ն է մարդուն աշխատանքից ազատել մի բանի համար, որը չի տեղավորվում ո՛չ Աշխատանքային օրենսգրքում, ո՛չ «Մաքսային ծառայության մասին» օրենքում, ո՛չ էլ ամրագրված է տվյալ ծառայողի աշխատանքային անձնագրում։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց այս թեմայով՝ խորացնելով անօրինականությունը․ «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից, կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»: 

Փաշինյանը թերեւս չի գիտակցել, որ սրանով մարդու իրավունքներն ու Հայաստանի օրենսդրությունն է ոտնատակ տալիս։ Մարդուն կամայականորեն աշխատանքից ազատել չի կարող ոչ ոք, նրանցից յուրաքանչյուրը կարող է դիմել դատարան եւ վերականգնվել աշխատանքում։ Փաշինյանի այս պահվածքի վերաբերյալ իր տարակուսանքը հայտնեց անգամ իր թիմակից Դանիել Իոաննիսյանը՝ գրելով․ «Էական առաջընթաց է, որ մարդկանց գործից հանում են ոչ թե կաշառքից տոկոս վերեւ չտալու, այլ Հայաստանի դրոշը փնթի պահելու համար: Բայց գոյություն ունի Աշխատանքային օրենսգիրք եւ «Մաքսային ծառայության մասին» օրենք, իսկ օրենքը պետք է հարգել, եթե անգամ դրա պահանջը պահի տակ տհաճ լինի»։

Մենք փորձեցինք հասկանալ՝ կատարվե՞լ է արդյոք վարչապետի հրահանգը, ազատվե՞լ են տվյալ բաժնի կամ աշխատասենյակի աշխատակիցները, քանի՞ հոգի են նրանք եւ ի՞նչ հիմքով են ազատվել, վերջապես՝ նրանց աշխատանքային գրքույկներում պետք է օրենքով նախատեսված հիմք գրվի, թե ինչու են ազատել մարդուն աշխատանքից։ Հո չե՞ն կարող գրել՝ պետական դրոշի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար։ Դիմեցինք նախ վարչապետի մամուլի խոսնակին՝ ճշտելու, թե զեկուցե՞լ են արդեն վարչապետին իր հրամանի կատարման մասին, նաեւ ՊԵԿ լրատվական ծառայությանը։ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ վարչապետը հանդիպման է, հենց ազատվի, կճշտի, կասի։ ՊԵԿ-ից էլ մեզ պատասխանեցին․ «Վարչապետի հրահանգը հստակ է, առաջիկա օրերի ընթացքում հստակ կտեղեկացնենք»: 

Դիմեցինք նաեւ ՄԻՊ-ին՝ հասկանալու, թե ինչ գնահատական կարող է տալ ՄԻՊ-ն այս միջադեպին, եւ արդյոք մարդու իրավունքների ոտնահարում կա՞ այստեղ, թե՞ ոչ։ Բայց Պաշտպանի գրասենյակից եւս պատասխան չստացանք։ Մեզ ասացին՝ պաշտպան Արման Թաթոյանը երկրում չէ։

Նշենք, որ Նորագավիթի մաքսատունը, որը կոչվում է Արարատյան մաքսատուն-վարչություն, ունի 38 աշխատակից։ Այդ աշխատակիցներից մեկն էլ Հայկ Մարտիրոսյանն է, որին դիտողություն էր արել վարչապետն ու հրամայել դիմում գրել՝ ազատվել աշխատանքից։ Մարտիրոսյանն ավելի ուշ լրատվամիջոցներին պարզաբանել էր, թե ինչու էր ՀՀ եռագույնն ընկած հատակին։ «Այդ դրոշը ժամանակին շենքի վերեւն էր ամրացված, շենքը մի ամիս է, ինչ հատկացվել է մաքսայինին, այս շենքում նախկինում ոստիկանության բաժանմունքն էր նստում, դրոշը մաքսայինինը չէ, այլ ոստիկանության գույքն է»,- ասել է նա՝ նշելով, որ աշխատակիցները, կախված գրաֆիկից, միշտ չէ, որ լինում են տվյալ սենյակում։ 

Հիշեցնենք, որ «Մաքսային ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածով սահմանվում են մաքսային ծառայողի նկատմամբ հետեւյալ տույժերը՝ դիտողություն, նկատողություն, խիստ նկատողություն, հատուկ կոչման իջեցում, բայց երկու աստիճանից ոչ ավելի, մաքսային ծառայողի պաշտոնի իջեցում, բայց մեկ աստիճանից ոչ ավելի, նյութական պատասխանատվության կիրառում, մաքսային ծառայության պաշտոնից ազատում: Ընդ որում, սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգապահական տույժերը կիրառում է կոմիտեի ղեկավարը, իսկ սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաեւ մաքսատան պետը: Այսինքն՝ մաքսավորին պատժելը վարչապետի գործառույթը չէ, եւ նա նման լիազորություն չունի։ Բացի այդ՝ պարզ չէ, թե մաքսային ծառայողն ինչում է թերացել, որտեղ չի կատարել օրենքով սահմանված իր պարտականությունները, որ պետք է ազատվի  աշխատանքից։ Կարճ ասած՝ վարչապետը մաքսատուն կատարած իր մի այցով ոտնահարում է մաքսային ծառայության օրենքն ու մաքսավորի իրավունքները, եւ ոչ ոք չի համարձակվում նրան ասել, թե «օրենք ես խախտում, պարոն վարչապետ, վարչապետ լինելը դեռ չի նշանակում լինել օրենքից վեր»