Այս անմարդկային զրկանքների միջով անցնող ժողովրդին չի կարելի թիկունքից խփել

Այս անմարդկային զրկանքների միջով անցնող ժողովրդին չի կարելի թիկունքից խփել

«Հրապարակի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

-Պրն Վարդանյան, ինչպիսի՞ն է ներքաղաքական իրավիճակը Արցախում նախագահական ընտրություններից հետո, արդյո՞ք իրավիճակը որոշակիորեն հանդարտվել է եւ դրական փոփոխություններ կան։ 

 -Ընդհանուր իրավիճակն Արցախում ծանր է,  բայց արցախցիներն անհավանական տոկունությամբ  ու արժանապատվորեն են տանում այդ դժվարությունները: Իհարկե,  մարդկանց մտահոգում է իրավիճակն ու իրենց ապագան, բայց կան դրական սպասումներ՝ պայմանավորված վերջին փոփոխություններով:  

-Ինչպիսի՞ն են Ձեր եւ Արցախում դերակատարություն ունեցող այլ անձանց, ուժերի հարաբերությունները, օրինակ, Սամվել Բաբայանի հետ որեւէ համագործակցություն, որևէ շփում կա՞։ 

 -Առհասարակ, բոլոր ուժերի հետ հիմնականում կա կառուցողական համագործակցություն: Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված ուժին, ապա Արցախի ապագայի հարցում կոնկրետ նրանց հետ մենք ունենք սկզբունքային տարաձայնություններ: 

-Արցախի նորընտիր նախագահի, պետնախարարի հետ ի՞նչ փոխհարաբերություններ ունեք, աշխատանքային հարաբերություններ կա՞ն, Ձեզ դիմու՞մ են ինչ-որ հարցերով, մասնակցո՞ւմ եք պետական խնդիրների շուրջ քննարկումներին։ 

 -Մի քանի օր է, ինչ նոր նախագահն ստանձնել է պաշտոնը: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ այսպիսի ճակատագրական իրավիճակում դա ինչպիսի հսկայական պատասխանատվություն է: Եվ արդեն իսկ նշել ենք, որ մեր կողմից հայտարարված սկզբունքների շրջանակում պատրաստ ենք  համագործակցել Արցախի նոր իշխանությունների հետ և հնարավորությունների սահմաններում առավելագույնս աջակցել: 

-Ձեր նախաձեռնությամբ բացված բարեգործական ճաշարաններից ովքեր են օգտվում, սնունդը որտեղի՞ց եք ապահովում, մոտավորապես որքան կգործեն դրանք` եթե շրջափակումը շարունակվի։ 

-Երկու ճաշարան է գործում Ստեփանակերտում՝  եկեղեցիների հարևանությամբ: Օրական ընդհանուր առմամբ 500-600 մարդ, հիմնականում՝ երեխաներ ու տարեցներ են կարողանում ճաշել այնտեղ: Ծառայության գնման պայմանագիր ունենք  հանրային սննդի ոլորտում մասնագիտացած ընկերությունների  հետ, որոնք նաև կարողանում են մթերք հասցնել գյուղերից: Քիչ մթերքով պատրաստվում են ճաշատեսակներ, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ կարողանան օգտվել:  Թե ինչքան կգործեն ճաշարանները, շատ ճիշտ նկատեցիք, դա կախված է իրավիճակից և նրանից, թե որքան ժամանակ կկարողանան այդ ընկերություննները սնունդ տրամադրել:  
Ուզում եմ այստեղ մի կարևոր ու դրական  փաստ նշել: Ստեղծվել է կամավորների խումբ, որոնք ամեն օր ճաշարանի ուտելիքը հասցնում են այն մարդկանց, հատկապես միայնակ տարեցներին, որոնք չեն  կարողանում գալ ճաշարան: Դա շատ կարևոր ու գնահատելի  է ու շատ բնորոշ է արցախցիներին: Ծանր պահին միմյանց օգնելու, միմյանց մասին հոգ տանելու հատկությունը ամուր կամքի ու մարդկային բարձր արժեքների մասին է խոսում:

-Դուք հայտարարում էիք, որ հարկավոր է օդային հումանիտար միջանցք բացել։ Այդ առաջարկը որեւէ ատյանում քննարկվե՞լ է, ինչպե՞ս կարելի է դա կյանքի կոչել։ 

-Այո, ոչ միայն քննարկվել է, այլև  միջազգային մարդասիրական ոլորտի մեր գործընկերներն այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (World Food Programme) հետ, որը նման առաքելություն  իրականացնելու մանդատ ունի: Ցավոք, Ադրբեջանն էլ իր հակաքայլերն է անում: Աշխատանքները  շարունակվում են:  Մեր գործընկերները մեզ պարբերաբար տեղեկացնում են ընթացքի մասին: Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, այդ թվում՝ Լիխտեյնշտայնի արքայազն Միխաելին, որոնք պատրաստակամություն են հայտնել լինել օդանավում, եթե հաջողվի այդ թռիչքը կազմակերպել: Դա արդեն իսկ խիզախություն է նրանց կողմից: 

-Որոշ արմատական տրամադրված անձինք, կարծեմ` նույնիսկ Արտակ Բեգլարյանը հայտարարում էին, որ Բերձորի միջանցքը պետք է ուժային ճանապարհով բացել։ Ի՞նչ եք կարծում` դա հնարավո՞ր լուծում է և ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Եթե դա հնարավոր էր, ինչու չի արվել մինչ օրս:

 - Հայաստանի, Արցախի, ողջ հայկական աշխարհի կողմից դիվանագիտական, քաղաքական, լոբբիստական և այլ ուղղություններով ճիշտ, գրագետ ու համառ աշխատանքի  պարագայում՝  կարծում եմ Լաչինի միջանցքը հնարավոր է բացել նաև առանց ուժային եղանակի: Բայց մենք, իհարկե, պետք է նաև պատրաստ լինենք զենքով մեր հայրենիքը, մեր արժանապատիվ կյանքի իրավունքը պաշտպանելու:  

-Ի՞նչ գնահատական կտաք Վլադիմիր Պուտինի այն հայտարարություններին, որ ՀՀ վերջին տասը տարվա իշխանությունները մերժել են հինգ շրջանները վերադարձնելու առաջարկը և հայտարարել են, որ պատրաստ են մարտնչել, իսկ հիմա Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ: Նախ` ինչքանով է ՀՀ վարչապետն իրավասու նման կտրուկ եւ շրջադարձային հայտարարություններ անել` Արցախի համար ճակատագրական: Եւ որքանով է անկեղծ Պուտինը եւ ստեղծված իրավիճակում որքան է Ռուսաստանի եւ ռուս խաղաղապահների մեղքը: Առհասարակ` ինչպես եք գնահատում Հայաստան-Ռուսաստան վերջին շրջանի հարաբերությունները եւ փոխադարձ կոշտ հռետորաբանությունը:

 -Մի քանի հարց եք տալիս, փորձեմ պատասխանել հերթով: Գիտենք, որ  մի շարք տարբերակներ են եղել են 1994 թվականից ի վեր: Կարևոր է մի բան շեշտել՝ այդ տարբերակների մեծ մասը չի ստորագրվել Ադրբեջանի կողմից։ Այդ պատճառով մենք կարող ենք անվերջ քննարկել, թե ով ինչ չի արել: Կարծում եմ,  հիմա ավելի  ճիշտ է քննարկել, թե ինչ լուծում կարող ենք ունենալ այս իրավիճակում, որպեսզի գնանք առաջ, ոչ թե անընդհատ նայենք հետ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարևորություն ներկայացնենք միջազգային դերակատարների համար, գործոն դառնանք: Դա տարբեր ձևերով է հնարավոր անել, օրինակ,  մեր երկիր լուրջ ծրագրեր ու ներդրումներ բերելով:  Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությանը, առիթներ ունեցել եմ ասելու, որ նա  պետք է հրաժարվի իր այդ  հայտարարությունից: Դա չի օգնում ո՛չ բանակցային գործընթացին, ո՛չ էլ Հայաստանի համար խաղաղություն ապահովելուն։ Հայաստանի վարչապետը պետք է գիտակցի, որ քաղաքական մեծ սխալ է գործում և փորձի գտնել այդ սխալն ուղղելու հնարավորությունը։ Այդ սխալը չուղղելն աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի և Արցախի համար։ Ավելին, պետք է  հասկանալ, որ  կարող է լինել նաև իրավիճակ, երբ  Հայաստանն ինքը պետք է պատրաստ լինի Արցախը  որպես իր մաս ճանաչել: 
Իսկ ընդհանրապես այս իրավիճակում, կարծում եմ,  մենք պետք է  ոչ միայն խորացնենք մեր հարաբերությունները բարեկամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, այլև փորձենք ավելի շատ բարեկամներ  ձեռք բերել: Միաժամանակ, պետք է ամեն ինչ անել, որպեսզի միջազգային գործընկերները կատարեն իրենց պարտավորությունները: Իհարկե, մեզնից պահանջվում են հմտություններ, գիտելիք, կարողություններ, և հայրենասիրություն՝ միջազգային դերակատարների հետ ճիշտ աշխատելու, շահերի հատման կետերը գտնելու  և դրանք  հօգուտ մեզ օգտագործելու համար: 

-Ոմանք, անգամ Արցախում, կոչ են անում անում հումանիտար միջանցք բացել, որպեսզի մարդիկ դուրս գան Արցախից, ցեղասպանությունից խուսափելու համար։ Արդյոք այս հայտարարությունները հուսահատության կոչե՞ր են, թե՞ ուղղորդված են կոնկրետ մարդկանց կամ կենտրոնների կողմից և դրա հետևանքները որո՞նք կարող են լինել։ 

- Մեր շարժումը՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» ո՛չ  արցախցիների դուրս բերման, ո՛չ էլ այսպես կոչված  «ինտեգրացիայի»  սցենարը երբեք չի դիտարկել ու չի քննարկել:
Մեկ տարուց ավելի Արցախում եմ ապրում, որից ինը ամիսը՝ շրջափակման մեջ: Ես չեմ տեսել, որ այս ժողովուրդը նվնվա:  Իրենք պատրաստ են կիսասոված էլ դիմանալ, եթե նրանց ուժ, հավատ ու վստահություն տվող լինի: Հուսով եմ, որ նոր իշխանությունները նրանց հստակ ցույց կտան, թե որն է իրենց ռազմավարությունը և ինչ ճանապարհ են իրենք ընտրում, ինչ ձևով են հաղթահարում այս  փորձությունները: Ու եթե ժողովուրդը հավատաց ու վստահեց, այլևս ոչ մի բան ի վիճակի չի լինի նրանց կոտրել: Այս անմարդկային զրկանքների միջով անցնող ժողովրդին չի կարելի թիկունքից խփել, ինչպես Հայաստանի իշխանություններն են անում իրենց անհեռատես ու կործանարար հայտարարություններով:
Իսկ նման հումանիտար միջանցք պահանջողներին արցախցիներն իրենք արդեն պատասխան տվել են:

-Ադրբեջանը շարունակում է հիմնական թիրախի տակ պահել հենց Ձեզ ՝ նույնիսկ նոր նախագահի ընտրությունից հետո, ինչո՞ւ:

-Եթե այդպես անհանգստացած են,  նշանակում է այն, ինչ անում եմ, ճիշտ է մեր ժողովրդի համար: