Դավիթ Գալստյանը պայմանավորվածությո՞ւն է ունեցել Սերժ Սարգսյանի հետ

Դավիթ Գալստյանը պայմանավորվածությո՞ւն է ունեցել Սերժ Սարգսյանի հետ

Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավիթ), ինչպես հայտնի է, երկրորդ անգամ կալանավորեցին՝ այս տարվա սեպտեմբերին՝ արդեն ավիացիոն հրթիռների մատակարարման գործով առաջադրված մեղադրանքով։ Այդ գործի շրջանակներում սեպտեմբերի 25-ին եւ 29-ին ձերբակալվել էին Զինված ուժերի ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը եւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Ըստ ԱԱԾ-ի, ՊՆ-ն տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող, ժամկետանց եւ անպիտան հրթիռներ է ձեռք բերել դեռեւս 2016 թվականին։ Մատակարար ընկերությունը դարձյալ Դավիթ Գալստյանի «Մոսսթոն էնջինիերինգն» է եղել, որին «անհիմն փոխանցվել է 4 մլն դոլարից ավելի գումար»։

Մեզ տեղեկություն հասավ, որ, իրականում, Դավիթ Գալստյանը հրթիռների մատակարարման հարցով պամանավորվածություն է ձեռք բերել այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ չնայած հրթիռներն արժեն մոտ 1300 դոլար, սակայն պետությանը կվաճառի մեկ հատը մոտ 600 դոլար արժեքով, քանզի Սերժ Սարգսյանն ասել է, որ դրանից ավելի չեն վճարի դրանց դիմաց։ Գալստյանն էլ համաձայնել է՝ պայմանով, որ մեծ խմբաքանակ ձեռք բերեն, պետությունը վերցնի իրեն անհրաժեշտ քանակը, իսկ մնացած մասը վերավաճառեն այլ պետության` կոմպենսացնելով գնումն իրականացնողի վնասները: Սերժ Սարգսյանը համաձայնել է, եւ պետությունն իջեցրել է մոտ 2 հազար հրթիռի պատվեր, չնայած նրա պահանջը եղել է դրա մոտ մեկ երրորդը: Պատրոն Դավիթը բերել է պայմանավորված խմբաքանակը, որի մի մասը վաճառել է ՀՀ ՊՆ-ին, մյուս մասն ի պահ են տվել ՊՆ-ին, ինչի մասին նշված է նաեւ ԱԱԾ հաղորդագրության մեջ, որպեսզի հետո վերավաճառեն երրորդ երկրի։

Բայց նման գործարք իրականացնելու համար անհրաժեշտ էր ստանալ Ռուսաստանի Դաշնության թույլտվությունը, քանի որ առանց ՌԴ թույլտվության Հայաստանը չէր կարող իրենցից գնված զենքը վաճառել երրորդ երկրի։ Հետո թույլտվությունը չի ստացվել, վերավաճառքն ուշացել է, ու եկել հասել են 2018 թվական, երբ պարզվել է, որ այդ հրթիռների կարիքն ունի Հայաստանը, ուստի արդեն Պատրոն Դավիթի ընկերության կողմից ՊՆ-ին ի պահ հանձնված հրթիռները ՊՆ-ն նորից գնել է, բայց արդեն ավելի իրական` բարձր գնով։ Սա է, ըստ էության, ընկած Տոնոյանին եւ Գալստյանին առաջադրված մեղադրանքի հիմքում: Այս գնային տարբերությունն է, որ ԱԱԾ-ն, որպես պետությանը հասցված 4 մլն-ի վնաս, գտել է, որ ՊՆ-ն Պատրոն Դավիթից շուկայականից բարձր գնով է զենք ձեռք բերել, չնայած նախորդ խմբաքանակը Դավիթ Գալստյանը շուկայականից ցածր գնով էր Հայաստանին վաճառել։

Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը մեզ հետ զրույցում, ըստ էության, չհերքեց այս տեղեկությունը։ «Ես, իհարկե, պայմանավորվածությունների մասով որեւէ պաշտոնատար անձի, այդ թվում՝ նախկին նախագահի հետ, որեւէ բան չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել, բայց փաստը, որ առաջին մատակարարումը եղել է էականորեն ցածր գնով, դա իրականություն է, ես հաստատում եմ։ Մոտավորապես Ձեր հրապարակած թվի շրջանակներում՝ 600 դոլարի շրջանակներում։ Այսինքն՝ առաջին խմբաքանակը փաստացի կրկնակի ավելի ցածր գնով է մատակարարվել։ Եվ ինձ թվում է՝ հենց էս հանգամանքն է նախաքննության մարմինը շահարկում»,- ասաց փաստաբանը։

Հարությունյանի խոսքով՝ զենքի մատակարարման գործընթացը վերահսկվում է ԱԱԾ-ի եւ այլ մարմինների կողմից, եւ բոլորը տեղյակ են եղել, թե ինչ է մատակարարվել, ինչ գնով, ինչ պայմաններում, ուստի, հակառակ պարագայում, ԱԱԾ համապատասխան անձինք էլ պետք է այսօր հայտնվեին նույն կարգավիճակում։

Նա նաեւ լրացրեց մեր տեղեկությունն այն մասով, որ ձեռք բերված խմբաքանակի մի մասն առաջին փուլով վաճառվել է Հայաստանին, հետո ի պահ հանձնվածի մի մասը 2014 թվականին վաճառվել է երրորդ երկրի՝ դրա դիմաց ստանալով համապատասխան թույլտվությունները, իսկ մյուս մասն էլ ավելի ուշ երկրորդ փուլով նորից գնվել է պաշտպանության նախարարության կողմից արդեն շուկայականից ավելի բարձր գնով, ինչպես նշված է նաեւ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Իրենք ասում են՝ շուկայականից ավելի բարձր գնով, մենք ասում ենք՝ դուք որտեղի՞ց վերցրիք, որ դա շուկայականից ավելի բարձր գին է, մի հատ եկեք հասկանանք՝ շուկայական գինը ո՞րն է, որովհետեւ էն նախորդը շուկայականից ցածր գնով է ձեռք բերվել, եւ դա գործի նյութերով հիմնավորված է։ Զավեշտալին այն է, որ գործի նյութերով հենց նույն ԱԱԾ-ի ստացած օպերատիվ տեղեկություններով հաստատվում է, որ առաջին խմբաքանակը կրկնակի էժան է եղել»,- ասաց Պատրոն Դավիթի փաստաբանը։