Ո՞րն է մեր ու Ադրբեջանի տարբերությունը

Ո՞րն է մեր ու Ադրբեջանի տարբերությունը

Թուրքիան և Ադրբեջանը հրավիրված չեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 9-10-ը ծրագրված գագաթնաժողովին (առհասարակ, Մերձավոր Արևելքից հրավիրված են միայն Իրաքն ու Իսրայելը), որին մասնակցելու է աշխարհի 100 երկիր։ Ողջ աշխարհով մեկ մարդու իրավունքների ու ազատություններին հաջակցություն հրավիրված նման մասշտաբային համաժողովի անցկացումն աննախադեպ է, նաև՝  մասնակցային առումով։ Այն ԱՄՆ գործող նախագահի նախընտրական քարոզարշավում հնչեցված առանցքային խոստումներից է։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներն ու ՀԿ-ները, այնուամենայնիվ, կասկածում են, որ կհրավիրվեն նաև պետությունների ավտորիտար հակումներ ունեցող առաջնորդներ։ Ինչպես տեղեկացրեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, Հայաստանը հրավիրված է եւ մասնակցելու է։

Տխրահռչակ Գոբլի ծրագրի հեղինակ Պոլ Գոբլը, ադրբեջանական Haqqin.az-ի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի ու Թուրքիայի բացակայությունը, հայտնել է․ «Ինձ համար անհասկանալի է գագաթնաժողովին հրավերների ընտրությունը։ Կարծում եմ՝ ԱՄՆ-ի այս որոշման հիմքում տարբեր երկրների իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներն են, իրավապաշտպաններ, որոնք հիմնականում տրամադրված են Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»։

Սուրեն Սարգսյանը շատ տրամաբանական է համարում այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը հրավիրված չեն։ «Թուրքիայի հետ խնդիրներ ունեն, Թուրքիան ԱՄՆ-ի կողմից համարվում է ոչ ադեկվատ և ոչ վստահելի դաշնակից, և, բնականաբար, Թուրքիայի հետ անընդհատ խոսում են նաև ճնշումների լեզվով։ Որ քո երկրում ժողովրդավարության նկատմամբ կան ճնշումներ, ազատազրկված ակտիվիստներ։ Նույնն էլ՝ Ադրբեջանի մասով․ լրագրողներ, ակտիվիստներ, հասարակական գործիչներ։ Կարծում եմ՝ նաև իրավապաշտպան միջազգային կազմակերպությունների ինդեքսներն են նայում, «Ֆրիդոմ հաուս» և այլն, և դրանով որոշում՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ»։

Սուրեն Սարգսյանն առաջարկեց չխառնել F-16-ների խնդիրը (որի պատճառով ևս թուրք-ամերիկյան հարաբերությունները վատացել են) մարդու իրավունքների խախտման հետ կապված խնդիրներին։

Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու հետ կապված տարբեր մակարդակներով, միջազգային, եվրոպական կառույցների մակարդակով տարբեր կոչեր են հնչել։ Արդյոք այս մերժումը կստիպի՞ Բաքվին վերանայել իր պահվածքը և հայ գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց ազատ արձակել։ Սուրեն Սարգսյանը նկատեց, որ մինչ այս պահը ոչ ոք և ոչինչ չի կարողացել ստիպել Ադրբեջանին։ Եվ հիմա էլ դժվար է պատկերացնում, որ միջազգային հանրությունը կարող է ստիպել։ «Մինչ այս պահը միայն ռուսական միջնորդությամբ է պրոցեսը տեղի ունենում, այսինքն՝ միջազային հանրությունն էս հարցում ներգրավվածություն, մեծ հաշվով, չունի»,- նկատեց Սուրեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ հայկական կողմին նաև միջազգային հանրության կողմից ասվել էր, որ ազատագրված տարածքները Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս են կազմում, և շատերը 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի հրեշավոր հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության լռությունը հենց դրանով էին պայմանավորում։ Հիմա ՀՀ ինքնիշխան տարածքից կտոր-կտոր, կիլոմետր առ կիլոմետր տարածքներ են պոկվում և յուրացվում, սակայն միջազգային հանրությունը նորից լուռ է, և այն հավաստիացումերը, թե ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ոտնձգությունները նույնկերպ կպատժվեն, չեն իրականանում։

Սուրեն Սարգսյանը նկատեց, թե որն է տարբերությունը. «Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանի գտնվելու դեմ մենք չենք բարձրաձայնում, չենք գոռում և միջազգային հանրությանը չենք դիմում, որպեսզի մեզ օգնի էս հարցում։ Սա ամենակարևոր հարցն է, ամենակարևոր տարբերությունը»։

Անձամբ Սուրեն Սարգսյանը կողմնակից է, որ դիմեն բոլոր հնարավոր ատյաններին ու կազմակերպություններին, իսկ գերիների հարցով «անձամբ զանգել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ պետությունների ղեկավարներին, անձամբ խնդրել, որպեսզի մի քանի ռազմագերի վերադարձնելու հարցում միջնորդ լինեն»։

-ԱՄՆ-ն անհասցեական հայտարարություն արեց՝ կողմերին առաջարկելով զերծ մնալ էսկալացիայից։ Այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները պնդում են, որ այդ գործողությունները տեղի են ունենում ՀՀ սուվերեն տարածքում:

-Նման հայտարարություններ միշտ են լինում, որովհետև, որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներ, և՛ ՌԴ-ն, և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան սովորաբար անում են հավասարակշռված հայտարարություններ՝ փորձ անելով  որևէ կողմին որևէ բանում չմեղադրել։ Կարծում եմ՝ սա սովորական պրակտիկա է և մեզ համար նորություն չէ։

-Բայց մինչև այժմ մենք գործ ենք ունեցել վիճելի տարածքների հետ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և այլնի կոնտեքստում, այս դեպքում՝ ՀՀ ինքնիշխան տարածքի։ Մեր իշխանություններն ասում են, որ խոսքը ՀՀ սուվերեն տարածքի 42 քառակուսի կիլոմետրի մասին է։

-Պաշտոնապես մեր երկրի իշխանությունները պետք է դիմեն միջազգային կառույցներին և առանձին պետություններին և պետք է աշխատեն այդ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ, որպեսզի կարողանան հայամետ հայտարարություններ և դիրքորոշումներ ստանալ։ Ադրբեջանն իր համար նման աշխատանք տանում է, մեր երկրի դիվանագետների մի մասը տանում է, մի մասը՝ ոչ։ Դրա համար էլ վիճակն այս է։

-Իշխանության մոտ կանգնած արևմտյան շրջանակները հայտարարում են, որ, ինչպես ընդունված կառուցակարգերով է, պետք է դիմենք ռազմավարական դաշնակցին, եթե հրաժարվի, ապա դիմել ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն։ Մյուս կողմից, նրանք նաև հայտարարում էին, որ ռուսական շրջանակներից ասվում է՝ ինչու՞ եք դիմում, ի՞նչ իմաստ ունի․ ավելին, ավելի եք բարդացնում ձեր վիճակը։ Ինչ եք կարծում՝ դիմե՞լ, թե՞ չդիմել։

-Բնականաբար, հստակ ձևեր կան՝ ինչպես դիմել ամենատարբեր պետություններին ու միջազգային կառույցներին։ Հստակ մեխանիզմներ կան, թե ինչպես հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ նիստ։ Մեր  իշխանություններն այդ մեխանիզմներին առնվազն տիրապետում են և եթե չեն դիմում, ուրեմն՝ նպատակահարմար չեն գտնում։ Ինչու՞, դա արդեն պետք է հարցնել իշխանություններից։