Ես Արցախի դրոշը չեմ փակցնում, իսկ Ուկրաինայի դրոշ փակցնելը շատ կարևոր է

Ես Արցախի դրոշը չեմ փակցնում, իսկ Ուկրաինայի դրոշ փակցնելը շատ կարևոր է

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանն է:

- Դուք և այլ արտախորհրդարանական ուժեր վարչապետ Փաշինյանի հետ հաճախ հանդիպումներ էիք ունենում: Վերջերս կարծես չեք հանդիպում, վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել:

- Երեք ամսից ավել է, ինչ մենք վարչապետին չենք հանդիպել: Մեկ անգամ սեպտեմբերին ենք հանդիպել ու վերջ:

- Իսկ չե՞ք ցանկանում հանդիպել, զրուցել Արցախի մասին, ինչ որ հարցեր պարզել:

- Մենք արտախորհրդարանական ուժերս շփվում ենք իրար հետ, մեզ հրավիրում են Հանրային հեռուստաընկերությունից տարբեր քննարկումների: Մենք առանձին ակումբ չենք: Այդ ձևաչափը մի փոքր արհեստական է:

- Նիկոլ Փաշինյանին Արցախի այս իրավիճակի հետ կապված հարցեր չունե՞ք: Չե՞ք ուզում հանդիպել վերջինիս:

- Ես կուզեմ անձամբ հանդիպել նրան, բնականաբար կան տարբեր խնդիրներ, սակայն նախաձեռնությունը տվյալ դեպքում վարչապետինն է: Մենք անուղղակիրորեն շփվում ենք: Ցանկացած գրառում օգտագործում եմ որպես ուղերձ: Մեծ հաշվով վերջին ժամերին երևում է, որ իշխանությունները գործում են անհրաժեշտ տրամաբանությամբ, մի փոքր ուշացումով, գուցե, սակայն կարծում եմ, որ այդ ուշացումը կրիտիկական չէ: Իշխանությունները գործում են արևմտյան ճամբարի տրամադրությամբ, ես կարծում եմ, որ Հայաստանն ու Արցախը միայն այդ տրամաբանությամբ կարելի է փրկել:

- Արդեն մի քանի օր է Արցախը շրջափակման մեջ է: Ռուսաստանին և ռուս խաղաղապահներին եք, կարծես, այդ ամենում մեղադրում:

- Արցախի մասին խոսելիս պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ գոնե: Բերձորի ճանապարհը փակում են ռուսական բեռնատարներն, այլ ոչ թե ադրբեջանցիները: 40-ից 50 անզեն ադրբեջանցի չի կարող ճանապարհ փակել: Դա անգամ ծիծաղելի է, Արցախը շրջափակել են զինված ռուսները: Դա չտեսնելն ու չնկատելն ուղղակի միամտություն է, գուցե` չարամտություն: Արցախի մասին խոսելիս պետք է մի բան հստակ գիտակցենք` անհնար է պատերազմում հաղթել, եթե չես ճանաչում թշնամուդ:

- Համոզվա՞ծ եք, որ ազերիներն անզեն են:

- Մեծ հաշվով, այո, այնտեղ զինված մարդիկ չկան: Մենք հասկանում ենք, որ կեղծ բնապահպանները հատուկ ծառայությունների աշխատակիցներ են, բայց եկեք համաձայնենք, որ նրանք չունեն զենք, կամ տանկերով չեն փակել ճանապարհը: Այնտեղ կան կանայք, որոնք ծիսակատարություններ են անում, սակայն նման ճանապարհով չես կարող մի ողջ ժողովրդի շրջափակման մեջ գցել: Արցախը շրջափակում են այն պատերազմապահները, որոնց չգիտես ինչու խաղաղապահ ենք կոչում: Հիմա դանդաղ քայլերով իշխանությունները գնում են այն ճանապարհով, որով մենք էինք փորձում գնալ: Արարատ Միրզոյանը իր երեկվա հայտարարությամբ, նաև ԱԺ խոսնակն այդ մասին փաստեցին: Այդ մասին անգամ զգուշորեն սկսել է խոսել Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, ասվածի հիմքում այն է, որ ռուս խաղաղապահները կամ չեն ցանկանում, կամ գուցե չեն կարողանում խնդրի լուծումը տալ: Մեզ այսօր միջազգային երաշխիքներ են հարկավոր: Արևմուտքն այդ մասով վաղուց է հող նախապատրաստել:

- Արևմուտքի քայլերը Ձեզ գոհացնո՞ւմ են: Ի՞նչ է անում Արևմուտքը՝ հայտարարություններից զատ:

- Արևմուտքը գործում է հռոմեական իրավունքի հնագույն օրենքներով: Արվում է մի հայտարարություն և հետո այդ հայտարարությանը համապատասխան քայլեր են արվում: Ասիական, թուրքական և ռուսական մոդելները վարվում են այլ կերպ, անելով ճիշտ հակառակը: Նախ հարձակվում են, հետո սկսում են մեկնաբանել, թե ինչու են հարձակվել: Արևմուտքի հայտարարություններն օդի մեջ կրակոցներ չեն: Դրանք արդեն իսկ մարմնավորվում են Ֆրանսիայի սենատի կողմից ընդունված բանաձևերը: Դրանք հիմք են տալու Ֆրանսիային, քանի որ Ֆրանսիան է Արցախի հարցի գլխավոր դերակատարը, քանի դեռ ԱՄՆ-ն զբաղված է Ուկրաինայով: Ադրբեջանը լավ հասկանում է Արևմուտքի տրամաբանությունը և հենց այդ պատճառով զենքով չի հարձակվում: Երկու տարի առաջ Արցախում կանգնած էին ադրբեջանական տանկերն, իսկ այսօր սատկած աղավնիներով կեղծ բնապահպաններ են: Սա նշանակում է, որ Ադրբեջանն ամեն ինչ գիտակցում է:

- Դուք և Ձեր ընկերներից շատերը ձեր ֆեյսբուքյան լուսանկաներում արդեն մի քանի ամիս է Ուկրաինայի դրոշն եք փակցրել: Այսօր Արցախն անօգնական վիճակում է, չե՞ք ուզում Արցախի դրոշը փակցնել ձեր էջերում: Ի դեպ` 44-օրյա պատերազմի ժամանակ էլ այս առումով ակտիվ չէիք, փոխարենն ակտիվորեն աջակցում եք Ուկրաինային:

- Ես Արցախի դրոշը ոչ իմ ֆեյսբուքյան էջում և ոչ էլ հրապարակներում չեմ փակցնում: Երբ պետք էր, ես Արցախում որպես զինվոր կռվել եմ, երկու պատերազմներում էլ: Ուկրաինայի դրոշ փակցնելը շատ կարևոր է, որպեսզի աշխարհը հասկանա այն փաստը, որ Արցախը նման է ուկրաինական ռազմաճակատին: