Կասկածում է Երևանի անկեղծությանն ու կրկին սպառնում

Կասկածում է Երևանի անկեղծությանն ու կրկին սպառնում

«Հայաստանի տարածքը մեզ պետք չէ. մենք միայն ցանկանում ենք հավերժ ապահովել մեր սեփական տարածքի ամբողջական վերահսկողությունը»։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում։

«Եթե մենք չհասնենք խաղաղության պայմանագրի, դա կնշանակի, որ Հայաստանն այլ բան է ծրագրում և օգտագործում է այս գործընթացը միայն ժամանակ շահելու համար։ Մենք բավականին լուրջ հիմքեր ունենք ենթադրելու, որ դա հենց այդպես է։ Այնուամենայնիվ, մենք վստահ չենք: Պատմականորեն, 1992-2020 թվականների բանակցային գործընթացում Հայաստանը փաստացի օգտագործել է այդ բանակցությունները միայն իր օկուպացիան ամրապնդելու և այն փաստացի հավերժ դարձնելու համար։ Սա նրանց ծրագիրն էր։ 

Եվ հիմա, հիմնվելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին վերլուծված տեղեկատվության վրա, մենք ևս մեկ անգամ համոզվում ենք, որ նրանց ծրագրերը, այդ թվում՝ Հայաստանի ներկայիս իշխանության ծրագրերը, չեն ներառում մեր տարածքի ոչ մի սանտիմետր ազատագրում»,- հերթական անգամ ցնդաբանել է Բաքվի բռնապետը։

Նրա պնդմամբ, «Հայաստանի ներկայիս իշխանության պահվածքը չպետք է մոլորության մեջ գցի որևէ մեկին։ Եթե ​​չլինեին 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի իրադարձությունները, այսօր Խանքենդիում (օկուպացված Ստեփանակերտում-խմբ․) կշարունակեին գոռալ, որ Ղարաբաղը Հայաստան է։ Ճիշտ է, նրանք հիմա համարձակ ու կառուցողական քայլեր են անում, բայց իրականում վախենում են լինել շատ բաց ու անկեղծ, նրանք ահաբեկված են։ Որպեսզի չվախենան, նրանց մեզ հետ հաշտություն է պետք։ Նրանք համաձայնեցին, որ Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չլինի խաղաղության պայմանագրում»։

«Այսպիսով, սա նշանակում է, որ հիմնական խոչընդոտն այլևս չկա, և եթե նրանք հավատարիմ մնան ավելի քիչ կարևորություն ունեցող տերմինաբանությանը, մենք անմիջապես կհասկանանք, որ նրանք ցանկանում են այս պահն էլ  օգտագործել ավելի շատ զենքեր ձեռք բերելու և հետո մեզ վրա նորից հարձակվելու համար»,- երևակայել է Ադրբեջանի ղեկավարը։

«Նրանք, ովքեր փորձում են հայերին մեր դեմ հանել, մեծ սխալ են թույլ տալիս»,-եզրափակել է Ալիևը: