Թե երբ կբացվի ճանապարհը, ասել չեմ կարող․ պետք է հասկանալ, թե ինչի դիմաց

Թե երբ կբացվի ճանապարհը, ասել չեմ կարող․ պետք է հասկանալ, թե ինչի դիմաց

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:

- Արդեն վեցերորդ օրն է՝ շրջափակված է Արցախը: Երեկ գազամատակարարումը վերականգնվեց եւ լուրեր տարածվեցին, թե ճանապարհը բացում են, սակայն դեռ բլոկադան շարունակվում է եւ հասկանալի չէ, թե ի՞նչ կա պաշտոնական Բաքվի մտքում:

- Դժվարանում եմ ասել, թե պաշտոնական Բաքվի մտքում ինչ է թաքնված, ինչ վերաբերում է առաջիկայում տեղի ունեցող գործընթացներին, ապա երեկ Ադրբեջանի պառլամենտը ցանկություն է հայտնել Բերձորում մաքսատուն տեղակայելու մասին, որը պետք է ազերիների կողմից հսկվի: Չեմ բացառում, որ նրանք այդ հարցում հաջողություններ արձանագրեն: Ադրբեջանը հետևողականորեն, քայլ առ քայլ հասնում է իր նպատակներին: Արցախը հնազանդեցնելու համար մի քանի քայլ է մնում։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, նրանց հրճվանքին, առ այն, որ Արցախում գազը վերականգնվել է, ապա դրանում իրենց լուման իսպառ բացակայում է: Իրենք ի՞նչ կապ ունեն դրա հետ: Արցախում գազամատակարարումը վերականգնվել է և ՔՊ-ն դրա հետ ոչ մի կապ չունի: Գուցե միջազգային հանրության ճնշումն է եղել, գուցե իրոք Ադրբեջանն ինչ-ինչ խոստումներ է ստացել և այդ խոստումները կարող են կատարվել:

- Հայկական կողմը նշում է, որ Ադրբեջանի հետ որևէ գործարքի չի գնացել, որևէ փոխհամաձայնություն կողմերի միջև չի եղել:

- Իշխանությունների համար ստելը քաղաքական նորմա է: Պետք է նրանց ասածներին թերահավատորեն վերաբերվել, չգերագնահատելով նրանց դերը:

- Երեկ լուրեր շրջանառվեցին, որ ճանապարհը բացվում է՝ ադրբեջանցիները վրաններն են հանում:

- Ճանապարհը բաց է միայն ռուսական խաղաղապահների մատակարարման համար: Ռուսական զորքը բեռներ է ստանում, սակայն ոչ մեկը չի կարող մտնել Արցախ, որևէ ապրանք ևս չի թույլատրվում Արցախ տեղափոխել: Հիմա, թե երբ կբացվի ճանապարհը, ես ասել չեմ կարող, պետք է հասկանալ, թե ինչի դիմաց:

- Ձեր կարծիքով` ինչի՞ դիմաց:

- Առաջինը՝ մաքսատուն տեղակայելու պահանջ, երկրորդ` հանքերի հսկողություն: Հանքերի գտածոները նախ և առաջ պետք է վերահսկվեն ազերիների կողմից, հետո նաև գուցե այդ հանքերը հանձնվեն Ադրբեջանին, որպեսզի բացվի ճանապարհը, մարդիկ կարողանան ազատ տեղաշարժվել:

- Արցախը որքա՞ն կարող է այս պայմաններում գոյատևել:

- Հայտարարություններ են հնչում, որ Արցախը վճռական է տրամադրված: Անձնական խոսակցություններ ևս այս մասով ունենում եմ, մարդիկ չեն պատրաստվում հանձնվել: Թե ինչքան կշարունակվի այդ ամենն ու ինչով կավարտվի, ասել չեմ կարող: Դա տարբեր գործոններից է կախված` միազգային հանրության ճնշումներ, Հայաստանի Հանրապետության գործողություններ, այս պարագայում` անտարբերություն և այլն: Պետք է հայ ժողովրդի դիրքորոշումը տարբերել Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: Ադրբեջանն ամեն բան անում է ուժով, իսկ ուժը կարող է հաղթել:

- Ըստ Ձեզ` այս իրավիճակը դեռ որքա՞ն կշարունակվի:

- Այնքան, ինչքան Ադրբեջանին անհրաժեշտ կլինի: Հստակ է, որ ռուս խաղաղապահները կրակ չեն արձակելու, իսկ ահա Հայաստանն էլ ռիսկի չի դիմի, մնում է հույսը դնել արտաքին խաղացողների վրա:

- Առաջիկա ժամերին խնդիրը կարո՞ղ է հանգուցալուծում ստանալ, Ձեր կարծիքով:

- Դժվարանում եմ ասել, քանի որ ես չեմ տիրապետում շատ հարցերի: Մենք չգիտենք տեղեկատվական դաշտից դուրս ինչ բանակցություններ են ընթանում, ում հետ և ինչ պայմաններով: Ես օրվա իշխանություններին և Ադրբեջանին չեմ վստահում: