«Հրապարակ». Եթե վայր են դնում մանդատները, կնշանակի՝ դա է հայրենիքը փրկելու միակ միջոցը

«Հրապարակ». Եթե վայր են դնում մանդատները, կնշանակի՝ դա է հայրենիքը փրկելու միակ միջոցը

Մանդատներից հրաժարվելու հարցը կրկին քաղաքական օրակարգում է։ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հանրության քաղաքականապես ակտիվ հատվածը պարբերաբար Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ղեկավարած դաշինքներից պահանջում է վայր դնել մանդատները՝ հիշեցնելով, որ իրենց քվե են տվել ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար, եթե դա չի ստացվում խորհրդարանական աշխատանքի արդյունքում, ապա պետք է մանդատներից հրաժարվելով՝ երկրում քաղաքական ճգնաժամ հասունացնել եւ գնալ նոր ընտրությունների։ Ընդդիմադիրներն արդեն երեք տարի է՝ վստահեցնում են, թե կառչած չեն մանդատներից, դրանք պահում են զուտ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի համար։ Քաղաքական գործընթացները, սակայն, ցույց տվեցին, որ անգամ մեկ ուսապարկի հնարավոր չէ բերել ընդդիմության կողմը, իսկ անվստահության գործընթացի համար առնվազն 18 ձայն է պետք ընդդիմությանը, որ վարչապետին հեռացնի։ Նախօրեին ՔՊ-ն տապալեց նաեւ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունը, որը ձեւավորվել էր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման արդյունքում։ Խորհրդարանական երկու ուժերը կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու մասին ուղերձի նախագիծ էին ներկայացրել, ՔՊ-ն բոյկոտեց, չներկայացավ նիստին, եւ քվորումի բացակայության պատճառով նիստն անգամ չգումարվեց։ Ընդդիմությունը չունի նիստ գումարելու անհրաժեշտ 54 ձայնը, անգամ ընդդիմադիր 35 պատգամավորներից ներկա էր 34-ը, Թագուհի Թովմասյանը բացատրել էր, թե իր համար պարզ էր, որ իշխանությունը բոյկոտելու էր, դրա համար չի ներկայացել․ եթե պետք լինի, կներկայանա։

Խորհրդարանական վերջին նախաձեռնության տապալումից հետո մանդատներից հրաժարվելու հարցը կրկին օրակարգ է բարձրացել։ Չնայած ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում, որ մանդատներից հրաժարվելու դեպքում խորհրդարանը կլուծարվի, կնշանակվեն նոր ընտրություններ, սակայն մայր օրենքը հստակ պահանջում է, որ ԱԺ-ն կազմված լինի առնվազն 3 քաղաքական ուժից։ Ուստի իրավաբանների ու սահմանադրագետների մեծ մասը պնդում է՝ եթե ընդդիմադիր ուժերն ամբողջ կազմով հրաժարվեն մանդատներից, եւ ցուցակներում նրանց հաջորդող պատգամավորության թեկնածուները՝ նույնպես, ապա խորհրդարանը կզրկվի լեգիտիմությունից, եւ ներքաղաքական ճգնաժամ կստեղծվի։

Եթե անգամ արտահերթ ընտրությունների էլ իշխանությունը չգնա, միեւնույն է՝ Հայաստանում երկիշխանություն կձեւավորվի․ ՔՊ-ն իր խմբակով կմնա պետական շենքերում, ընդդիմությունն ու ժողովուրդը՝ դրսում։ «Որեւէ իշխանական քմահաճույքով, ցանկությամբ կամ իրենց գծած սցենարով մենք չենք գնալու»,- երեկ անդրադառնալով մանդատներից հրաժարվելու հարցին՝ հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: «Մանդատները վայր դնելը մեր օրակարգում կա, եւ դրա հետեւանքը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացման ամբողջական փաթեթի իրացումը, որի ուղղությամբ էլ տարբեր սցենարներ կան»,- նշել է նա՝ չմանրամասնելով։
Ի դեպ, մենք քանիցս գրել ենք, որ ընդդիմադիր դաշինքներում պարբերաբար քննարկում են այս հարցը եւ եկել են համոզման, որ հնարավոր է «Հայաստան» եւ հատկապես՝ «Պատիվ ունեմ» դաշինքների ցուցակներում ընդգրկված թեկնածուներից ոմանք չհրաժարվեն մանդատներից, իշխանությունը կկարողանա «վերբովկա անել» մի քանիսին, արդյունքում խայտառակություն եւ ճգնաժամի իսպառ տապալում կարձանագրվեն։ Թեեւ չար լեզուներն ասում են, որ այս ընթացքում ցուցակի հետնամասի անդամներից ինքնաբացարկի դիմումներն են ստորագրվել։ 

Դիցուք, «Հայաստան» դաշինքի 165 հոգանոց ցուցակի հետին հորիզոնականներում հիմնականում դաշնակցականներն են, որոնք այս օրերին ակտիվ պայքարում են սրբազան շարժման շարքերում, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքում ՀՀԿ-ական ակտիվն է եւ երիտթեւը, որոնք մեկ մարդու պես կատարում են Սերժ Սարգսյանի ասածը։ Այստեղ կան նաեւ Արթուր Վանեցյանի թիմակիցներ, որոնց հրապարակային գործունեությունը նույնպես հուշում է, որ չեն գնա նման քայլի եւ չեն վերցնի մանդատները։ 230 հոգանոց ցուցակում են իրավապաշտպան Արսեն Բաբայանը, քաղաքագետ Խաչիկ Գալստյանը, իրանագետ Վարդան Ոսկանյանը, Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոլյանը եւ այլք։ Վանեցյանից հեռացած Թեմինե Վարդանյանն էլ վերջերս մեզ հավատացրել էր, որ եթե մանդատներից մյուսները հրաժարվեն, ինքն էլ չի վերցնի։ ՊՈՒ ցուցակի 36-րդ համար Գոհար Սուքիասյանին հարցրինք՝ ի՞նչ կանի անձամբ ինքը, եթե ընդդիմությունը որոշի հրաժարվել մանդատներից։ «Ես կարգապահ կուսակցական եմ, ինչպես կորոշի իմ կուսակցությունը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ինքը ՀՀԿ խորհրդի անդամ է։

«Հայաստան» դաշինքի 66-րդ համարին՝ Լիլիթ Բզնունուն եւս նույն հարցն ուղղեցինք։ «Ես դաշնակցական եմ։ Դաշնակցության որոշումներն անսակարկելի են կուսակցականների համար։ Հետեւաբար, ՀՅԴ-ն ինչ կորոշի, այնպես էլ ի կատար կածվի»,- ասաց նա։ Իսկ չե՞ք կարծում, որ մանդատները դնելու ժամանակն է։ «Եթե որպես կուսակցական եմ պատասխանելու` ես ունեմ կուսակցական ղեկավարություն, որոնց կարծիքը գիտեք, եւ դա ինձ համար օրենք է»։ 
Նույն դաշինքի 104-րդ համար Ադամ Մխիթարյանն էլ, ով ՀՅԴ Վարդենիսի կոմիտեության անդամ է, գրեթե դաշնակցականի երդում տվեց՝ «Հայաստան» դաշինքի ցուցակում այնպիսի մարդիկ են, որ չեն դրժի՝ կենթարկվեն միասնական որոշմանը եւ չեն գնա «դավաճանության»։ «Ես անձամբ իմ անունից կարող եմ վստահեցնել, որ միանշանակ չեմ վերցնի մանդատը, չեմ կարծում նաեւ, որ իմ թիմակիցներից կլինի մեկը, որի համար մանդատն այդքան կարեւոր է, եւ եթե բոլորը դնեն, ինքը վերցնի այն՝ ծառայելով թուրքին։ 99 տոկոսի համար կարող եմ պնդել, համենայնդեպս՝ ում ճանաչում եմ, կարող եմ վստահեցնել, բայց դա հարցի մի կողմն է, մյուս կողմը՝ պետք է հասկանալ մանդատները վայր դնելու նպատակահարմարությունը։ Եթե գործող պատգամավորները վայր են դնում մանդատները, ուրեմն կնշանակի՝ հասել է գագաթնակետին, հայրենիքը փրկելու միակ միջոցը մնում է դա»,- ասաց Մխիթարյանը։ Այսինքն, Դուք կողմ եք մանդատները վայր դնելուն։ «Ես կողմ չեմ, ինձ թվում է՝ մանդատները վայր դնելով, ոչինչ չես կարող փոխել, բայց եթե ժամանակը գա, ե՛ւ գործողները, ե՛ւ ցուցակում ընդգրկվածները պատրաստ են հրաժարվելու»,- ասաց ՀՅԴ-ականը՝ չմանրամասնելով, թե երբ է գալու ժամանակը․ «Միեւնույն ժամանակ չեմ կարծում, որ եթե ընդդիմադիրները մանդատները դնեն, ճգնաժամ կառաջանա, այս իշխանությունները մի բան կմոգոնեն, սահմանադրական կարգի տապալում կանեն, կգնան առաջ»։ Հարցրինք՝ նախկինում քննարկվե՞լ է մանդատներից հրաժարվելու հարցը՝ ցուցակի հետին մասերում ընդգրկվածներից առարկողներ եղե՞լ են։ «Չենք քննարկել, բայց չեմ կարծում, թե կլինեն նման մարդիկ, դա ոչ պակաս դավաճանություն է, քան այսօրվա իշխանություններն են անում»։ Դաշնակցականի խոսքով՝ մանդատներից առաջ ժողովուրդը պետք է կողմնորոշվի՝ ինչ է ուզում․ «2022-ից սկսած, մենք պայքարում ենք, ու այդ մարդիկ, ովքեր հիմա պահանջում են մանդատ դնել, մե՛կ ասում էին՝ նախկին չլինի, մե՛կ վարչապետի թեկնածուի անուն էին պահանջում, հիմա կա թեկնածուն՝ ի դեմս սրբազանի, բայց էդ ասողները նորից դուրս չեն գալիս։ Ժողովուրդը, որ պատճառ է փնտրում փողոց դուրս չգալու, ներքուստ նիկոլական է՝ թեկուզ կիսով չափով»։

Մխիթարյանի գնահատմամբ, մանդատներից հրաժարումը նպատակահարմար չէ նաեւ այն առումով, որ առաջիկա ընտրություններում խորհրդարանական ընդդիմությունը կկորցնի ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ունենալու հնարավորությունը, որոնք կվերահսկեն ընտրությունների ընթացքը, ուստի հենց այդ նկատառումներով եւս չի կարելի հրաժարվել այդ գործիքից․ «Հանձնաժողովներում տեղ չունեցանք, մի քանի վստահված անձով, ոստիկանապետությամբ՝ ինչքանո՞վ ենք համոզված, որ սրանք չեն կարող կեղծել ընտրությունները, դրա համար եմ ասում՝ չի կարելի միանգամից շպրտել մանդատներն ու գնալ»։