«Հրապարակ». Խելացի անասնագոմերը, տոհմային այծերն ու Գեւորգ Պապոյանի մյուս փուչիկները

«Հրապարակ». Խելացի անասնագոմերը, տոհմային այծերն ու Գեւորգ Պապոյանի մյուս փուչիկները

Մի քանի օր առաջ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը մամուլի ասուլիս տվեց՝ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ, եւ մի քանի ծրագրեր ներկայացրեց, որոնք պետք է կործանումից փրկեն Հայաստանի Հանրապետության ամենաանկումային ոլորտը՝ գյուղատնտեսությունը: Փրկօղակը փոխհատուցումներն են, որոնք կառավարությունն առաջարկելու է գյուղացիներին, տարբեր բնագավառներում: Օրինակ, մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրով, որն իրականացվելու է ՀՀ չորս մարզում, մեղվաբույծներին փոխհատուցվելու է մեղվափեթակների 50 տոկոսը։ Ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրով նախատեսված է խթանել տոհմային անասունների ներմուծումը:

«Պլանավորում ենք նոր ներմուծված տոհմային ոչխարների եւ այծերի համար փոխհատուցել մինչեւ գնի 50 տոկոսը, ոչ ավելի, քան 450 հազար դրամ, մեր ցեղերի որակն ենք բարձրացնում»,- հայտարարեց նախարարը: Բարձրացվելու է խելացի անասնաշենքերի՝ գոմերի կառուցման կամ վերանորոգման համար տրվող փոխհատուցման շեմը: Արդյո՞ք սրանք են մեր անասնապահության առաջնահերթ պահանջները․ տպավորություն ունեմ, որ մեր ոչխարաբույծներն ու այծաբույծներն ավելի պարզ ծրագրերի կարիք ունեն, քան տոհմային անասունի ներմուծման խթանումն է:
Գյուղատնտեսության փորձագետ Հարություն Մնացականյանը կարծում է, որ ոչխարաբուծությունը Հայաստանում ունի լուրջ խնդիրներ, որոնք պետք է կոմպլեքս լուծվեն, իսկ միայն ներմուծումը խթանելը փողերի անիմաստ մսխում-վատնում է լինելու, որն առավելագույնը կարճաժամկետ էֆեկտ է տալու: «Իրենք սխալ ուղու վրա են: Ոչ թե ներմուծման համար պետք է արվի փոխհատուցում, այլ պետք է աշխատեն սելեկցիոն կայանների վրա, որ նորմալ սելեկցիա արվի, Հայաստանին հարմարեցված ստանան, թե չէ՝ դառը փորձ կա: Քանի տարի արտասահմանից բերեցին տարբեր կլիմաների չհարմարված անասուններ, որոնք սատկեցին, վերացան, ու էլի կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ: Սովետական շրջանում, մինչեւ 90 թիվը մենք ունեցել ենք 2 մլն 400 հազար գլուխ մանր եղջերավոր անասուն Հայաստանում՝ ոչխարներ ու այծեր: Սրա փոխարեն այսօր 500 հազար էլ չկան, գումարած՝ այնքան է դեգրադացվել ճյուղը, որ տարբեր խաչասերումների հետեւանքով անասունների որակը բավականին ընկել է: Միայն դորպեր ոչխարի նորմալ որձն արժե 3 հազար եվրո: Գյուղացին կյանքում չի տա այդքան, դորպեր գնա բերի»,- ասում է նա:

Հնարավոր են նաեւ չարաշահումներ: «Կարող է որոշ տնտեսվարողներ հաշվեն, որ եթե ոչխարը բերեն, պետությունն էլ 50 տոկոս սուբսիդավորի, ու մորթեն, մսի տեղ ծախեն, պետությունը չի էլ կարողանալու վերահսկել, ու ինչ-որ կարճ ժամանակում էդ գումարը կմսխվի, ու կկանգնեն փաստի առաջ»:

Մեղվաբույծներին են ուզում փոխհատուցումներ տալ՝ մեղվափեթակների 50 տոկոսը փոխհատուցելով։ Սա է՞լ չի բերի ցանկալի արդյունքի: «Այստեղ էլ ուրիշ խնդիր կա: Մեղվաբուծությունը Հայաստանում ամենախիստ անհրաժեշտ ճյուղերից մեկն է, որից կախված է այգեգործության զարգացումը: Բայց դրա զարգացման համար անհրաժեշտ է ոչ թե մեղվափեթակների, այլ մեղրի սպառման վրա շեշտը դնել: Եթե պետությունը խթանի սպառման աճը, մեղվաբուծությունն ավտոմատ կզարգանա: Ենթադրենք, մի 20 ընտանիք մեղու պահեց, բայց այդ մեղրը չեն կարողանալու իրացնել: Իրացման լուրջ խնդիր կա, ու այդ ուղղությամբ պետք է պետությունը մտածի»:
Խելացի անասնագոմերի կառուցման խթանումը, որի մասին խոսում են 18 թվականից, եւս փողերի վատնում է: «Այդքան խելացի անասնագոմի լենտը կտրեցին, բացեցին, թող մի հատ մոնիթորինգ անեն՝ քանի՞սը կան դրանցից: Ես կպատասխանեմ՝ 0 կամ, լավ՝ 2 տոկոս մնացած լինի, թե ոչ: Զուտ սխալ տնտեսվարման պատճառով»: