Այն աստիճան ողորմելի վիճակում ենք հայտնվել, որ ուրախանում ենք թշնամու ասածներից

Այն աստիճան ողորմելի վիճակում ենք հայտնվել, որ ուրախանում ենք թշնամու ասածներից

«ՄԱԿ-ն ու այլ միջազգային կազմակերպություններ անտեսում են Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից խաղաղ բնակիչների կոտորածները», - ըստ Anadolu գործակալության՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Մենք ևս մեկ անգամ ականատես եղանք, որ ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպություններ անարդյունավետ և կույր են, երբ մահմեդականներ են սպանվում: Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի Գազայում տեղի ունեցող ջարդերի դեմ», - ասել է Էրդողանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մեղադրելով անգործության մեջ։ 

«Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպության` Հ.Գ.) և Իսրայելի համակամարտությունում խաղաղության հասնելու համար ավելի նպաստավոր հիմք չի կարող լինել, քան տարածաշրջանի բոլոր դերակատարների մասնակցությամբ հանդիպումը՝ ներառյալ պատերազմող կողմերի։ Մեր տարածաշրջանը պետք է անհապաղ ազատվի այն երկրներից, որոնք թեև տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու են, բայց ցանկանում են իրենց ազդեցությունը հաստատել այստեղ»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։ Նա ուրիշ ելույթներ էլ է ունեցել, որտեղ ողբում է անմեղ երեխաների կոտորածը Գազայում, խաղաղ բնակչության դեմ Իսրայելի ոտնձգությունները, կոչ է անում կարգավիճակ շնորհել պաղեստինցիներին, լուծել Գազայի անկախության հարցը: Այդ ելույթները լսելիս ակամայից հիշում ես, թե Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու իր «կրտսեր» եղբայր Իլհամ Ալիեւն ինչ ավերածություններ ու կոտորած արեցին Արցախում` ինչքան անմեղ մարդ, ինչքան երեխա ու խաղաղ բնակիչ, 18-ամյա երիտասարդ սպանվեց վերջին տարիներին եւ ինչպես էին իրենք կատաղաբար պայքարում Արցախի կարգավիճակի, ինքնուրույնության, անկախ ապրելու ցանկության դեմ:

Հիմա փաստացի Թուրքիայի նախագահ Էրդողանը միջազգային հանրությանը մեղադրում է մի բանում, որը Թուրքիան ու Ադրբեջանն ավելի վատ ձեւերով իրականացրել են Արցախի Հանրապետությունում` տասնամյակներ շարունակ: Մեր ավելի քան 120 հազար հայրենակիցներ ընդամենը օրեր առաջ` սեպտեմբերին բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից: Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանը սադրանքների դիմեց, խլեց կյանքեր, այդ թվում` մանկահասակների եւ միջազգային հանրությունն էլ դա թույլատրեց: 

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ միջազգային հարաբերություններում չկան բարոյական սահմաններ, այն, ինչ կատարվում է նորմալ է` խնդիրը Հայաստանի իշխանությունների և նրանց վարած քաղաքականության մեջ է. «Ոչ մի զարմանալի բան չկա, մենք շատ երկար ժամանակ մեր հանրությանը փորձում էինք համոզել, որ միջազգային հարաբերություններում չկան բարոյական սահմաններ, կան զուտ շահեր և հստակ ուժեր: Շահերը կարող են լինել հետևյալ կերպ` մի դեպքում 120 հազար մարդ էթնիկ զտման է ենթարկվում, մյուս դեպքում` բողոք է հնչում, որ մահմեդականներ են սպանվում: Էրդողանն այդ հարցում ճիշտ է: Թուրքիան և Ադրբեջանն ունեն մեկ նպատակ` հայերին վերացնել այս ռեգիոնից, որ իրենք միանան իրար ու ստեղծեն հզոր թուրքադրբեջանական պետություն: Այդ մասին իրենք շատ պարզ ասում են և անում են: Թե որ մասը մենք չենք հասկանում, դա էլ արդեն մեր խնդիրն է: Արցախից արդեն ազատվել են, հաջորդը` մենք ենք: Նրանք ունեն պլաններ անկլավների վերաբերյալ, Սևանի վերաբերյալ, Երևանի վերաբերյալ և որ ամենակարևորն է` Սյունիքի վերաբերյալ: Պարզ ծրագիր է` Հայաստանը ոչնչացնելու», - նշում է Խաչիկյանը: 

Հարցին` իսկ ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խոսում խաղաղության մասին` նա օրերս ասաց, որ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունեն եւ այդ հայտարարությունը ոգևորել է Հայաստանի իշխանություններին, մեր զրուցակիցն ասաց. «Շատ ափսոս, որ մենք այն աստիճան ողորմելի վիճակում ենք հայտնվել, որ ուրախանում ենք թշնամու ասածներից, այն է` հայերին մինչև վերջ չենք ոչնչացնելու: Սա մեծագույն ամոթ է: Հիշո՞ւմ եք, թե ինչ խոստումներ էին պարբերաբար հնչում Արևմուտքից, Ռուսաստանից և հենց նույն` Ալիևից, բայց դրանցից քանի՞սը կատարվեցին: Ալիևը շատ տարբեր բաներ կարող է ասել: Նա երեք տարի առաջ էլ ստորագրել է մի փաստաթղթի տակ, որն ուղղակիորեն խախտել է: Այնպես որ Ադրբեջանի և Թուրքիայի ասածները շատ արագ փոխվում են: Նրանք կարող են այսօր մի բան ասել, վաղը լրիվ այլ բան: Նրանց հեռանկարում թյուրքական աշխարհ ստեղծելն է: Մենք սեպ ենք, որը պետք է անհետանա, այնպես որ եկեք այս հանգամանքին ուշադիր լինենք, այլ ոչ թե Ալիևի ասածներին», - եզրափակում է քաղաքագետը: