Հունվարից փոփոխություններ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում

Հունվարից փոփոխություններ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում կառուցվածքային փոփոխություններ են, կազմակերպչական ձեւն է փոխվում, տորաբաժանումներն են վերանվանվում։  
ՍԱՏՄ-ում, որն իրականացնում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն, անհանգիստ իրավիճակ է։ Աշխատակազմն անորոշության մեջ է։ Բուսասանիտարիայի տեսչության աշխատակիցներից մեկը մեզ ասաց, որ նման ստորաբաժանում հունվարի 1-ից չի լինելու։ Տեսչական մարմնից պարզաբանեցին, որ մեծ փոփոխություն տեղի չի ունենալու, պարզապես նախկին տեսչությունները՝ սննդի անվտանգության, բուսասանիտարական, անասնաբուժական, դառնալու են վարչություններ։ Տրամաբանությունը հետեւյալն է․ նախկինում կար «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, որը ստեղծվել էր 2010 թվականին եւ գործում էր գյուղնախարարության կառուցվածքում։

2018 թվականից, տեսչական մարմինների մասին օրենքի ընդունումից հետո, ՍԱՊԾ-ն դարձավ տեսչական մարմին, եւ, բնականաբար, դրա կազմի մեջ մտնող երեք տեսչություններն այլեւս չէին կարող պահպանել նախկին տեսքը, լինել տեսչություններ՝ տեսչության մեջ։ Այժմ դրանք վերածվում են վարչությունների։

«Նույն գործառույթները պահում են, պարզապես փոխվում է անունը»,- ասաց ՍԱՏՄ մամուլի պատասխանատուն՝ վստահեցնելով, որ կադրային կրճատումներ չեն լինելու։
Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Կային ստորաբաժանումներ, որոնք այլեւս չեն լինելու։ Օրինակ, վերանում են անձնակազմի կառավարման, կադրերի բաժինները,  ֆինանսատնտեսական վարչությունը։ Այդ գործառույթները տեսչական մարմնից հանվում են եւ փոխանցվում ՀՀ կառավարությանը։

Ընդհանուր բաժինը, ըստ ՍԱՏՄ-ին մոտ մեր աղբյուրի, նույնպես որպես առանձին ստորաբաժանում չի լինելու։ Այն կլանվելու է, փաստաթղթաշրջանառության եւ իրավաբանական վարչության մասն է կազմելու։ Վերանում է տնտեսական բաժինը, եւ եթե, օրինակ, ապակի ջարդվի, կամ ավտոմեքենա փչանա, ապա «ռեմոնտի» գործը նույնպես կառավարությունն է անելու։ Նախկինում կային նաեւ մեթոդոլոգիայի, պլանավորման, միջազգային կապերով զբաղվող բաժիններ։ Դրանք էլ չեն լինելու։ «Իրենք էլ չգիտեն՝ ինչ են պահում, ինչ են տանում։ Արդեն մի քանի ամիս է՝ կառուցվածք պետք է մշակեն, բայց չկա»,- ասում է աշխատակիցներից մեկը՝ ստիպելով մեզ 7 անգամ երդվել, որ իր անունը չենք գրի։

Ըստ նախնական ժամանակացույցի, ՍԱՏՄ նոր կառուցվածքը պետք է պատրաստ լիներ օգոստոսից։ Հիմա նոր ժամկետ են նշում՝ մինչեւ հունվար։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղարը հերքում է սա՝ ասելով, որ ժամկետային սահմանափակում երբեք չի եղել։ Այնուամենայնիվ, գործընթացը չի կարող տեւել անսահմանափակ երկար։ Ինչպե՞ս են լուծվելու կադրային հարցերը, նոր ստեղծվող վարչություններում կրճատումներ լինելո՞ւ են, թե՞ ոչ։ Այս հարցերին կառույցից խոստացան պատասխանել գրավոր՝ տեղեկացնելով, որ մոտ 300 աշխատակցից ոչ մեկին էլ չեն ազատելու գործից։ Տեղեկությունն այս հաստատվում է ներսից ստացված տվյալներով։ Սակայն գործազրկության վտանգը շատերի համար ռեալ է։ Նախ, արդեն տեսանք, որ մի քանի բաժիններ չեն լինելու, իսկ դրանց աշխատակիցներին, ամենայն հավանականությամբ, աշխատանք կառաջարկվի մարզային ստորաբաժանումներում՝ Բագրատաշեն, Բավրա, Մեղրի, Գոգավան, այլ կետեր, որոնք գրեթե բոլորն էլ ունեն աշխատողների զգալի պակաս։ Եվ ոչ բոլոր քաղծառայողները պատրաստ կլինեն գնալ շրջաններ։  

Հիշեցնենք, որ սննդի անվտանգության ծառայությունը բարդ կառուցվածք ունի, եւ ՀՀ բոլոր մաքսակետերում այն ներկայացված է։ Կառույցի նախկին ղեկավարները՝ Աբրամ Բախչագուլյանը, Իշխան Կարապետյանը, Արմեն Հայրապետյանը, աշխատում էին պահպանել այս մարմնի համեմատական անկախությունը գյուղնախարարության կառուցվածքում։