Մի ամլիկ գառ, իրեն համար…

Մի ամլիկ գառ, իրեն համար…

Դեկտեմբերի 9-ին լրացավ ԱԺ արտահերթ ընտրությունների մեկ տարին: Անկախ ամեն ինչից՝ ասենք շնորհավոր: ԱԺ-ն մերն է, ընտրողը՝ մեր ժողովուրդը, ընտրվածները՝ մեր մարդիկ: Դե հիմա ինչ անենք, որ ընտրություններն էյֆորիկ էին, իսկ ընտրվելու շանսերը՝ ուղիղ համեմատական քայլարշավի «մետրաժին»: 

Բայց մի՞թե դա է կարեւորը: Հայաստանում մենք վերջապես ունեցանք ընտրություններ, որոնց արդյունքը չվիճարկվեց ոչ մեկի կողմից: Եվ ո՞րն էր դրա պատճառը: Շատերը կասեն՝ թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության շնորհիվ միայն հնարավոր դարձավ ազատ, թափանցիկ, մաքուր, չկեղծված ընտրություն ունենալ: Գուցե, բայց ես իմ բացատրությունն ունեմ: Ընտրությունների արդյունքը չվիճարկվեց, որովհետեւ հաղթել էր Նիկոլ Փաշինյանը: Եթե այդ ընտրություններում նա հանկարծ պարտվեր, Հայաստանը շուռ կտար գլխներիս, էլ ուր մնաց, թե չվիճարկեր:

Մենք սիրում ենք ինքնագովությամբ զբաղվել, մեզ ամեն ինչ իմացող ազգ ենք համարում, բայց, խոսքը մեր մեջ՝ պողոս ենք: Բանիմաց մարդը Հայկ Մարությանին Երեւանի քաղաքապետ «ընտրելուց» երկու ամիս անց արդեն պետք է կարողանար մտածել, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե այդ նույն Հայկ Մարությանի ընկերները դառնան ԱԺ պատգամավոր: Մտածեցի՞նք, ծանրութեթեւ արեցի՞նք… Բնավ, երբեք: Մեր մտածելու մանդատը մենք այլեւս փոխանցել էինք ասֆալտին փռող, պատերին ծեփող Նիկոլ Փաշինյանին, որը եթե ասեր մածունը սեւ է, ուրեմն՝ սեւ է:
Բայց եկեք չբացարձակացնենք Նիկոլ Փաշինյանի դերակատարությունն ու փորձենք այդ ընտրությունների հոգեբանությունը հասկանալ ընտրող-թեկնածու պարզ, մարդկային հարաբերությունների համատեքստում: Մեր ընտրողը ճանաչե՞լ է իր ապագա ընտրյալին:

Իհարկե՝ ոչ: Նա գիտե՞ր, թե ինչ ասել է՝ «Իմ քայլը» դաշինք: Իհարկե՝ ոչ: Փոխարենը ընտրողը գիտեր, որ մի կողմում անծանոթ «Իմ քայլն» է, իսկ մյուս կողմում՝ շատ ծանոթ հին «ռեժիմը», որից պետք էր ազատվել: Այս առումով «թավշյաները» դեռ մի բան էլ երախտապարտ պետք է լինեն ընտրողին, որ առանց երկար-բարակ մտածելու, որոշեց ձերբազատվել հին համակարգից, որը նա նույնացնում էր հիմնականում ՀՀԿ-ի եւ նրա կոալիցիոն գործընկերների հետ:

Արժե թերեւս այստեղ մի հետաքրիր համեմատություն անցկացնել 2017 եւ 2018 թվականների ընտրությունների արդյունքների միջեւ: Այսպես՝ 2018 թվականին Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը ստացել է գրեթե նույն քանակությամբ ձայներ, որքան 2017 թվականին Տարոն Մարգարյանն ու «Ելք» դաշինքը միասին: 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրություններում «Իմ քայլը» ստացել է մոտավորապես այնքան ձայն, որքան ՀՀԿ-ն եւ «Ելքը» միասին՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում: Մենք սա չենք ասում ուշաթափություններ առաջացնելու հատուկ նպատակով կամ տողատակով որեւէ բան հասկացնելու համար: Պարզապես ճիշտ չի լինի անտեսել այն աջակցությունը, որ «Իմ քայլին» ցուցաբերում էին առանձին ՀՀԿ-ական օլիգարխներ՝ Հայաստանն ու Երեւանն իրար մեջ խստիվ բաժանած: Բացատրեք ինձ, թե ինչպես էին նորահայտ անունները տասնյակ հազարավոր ձայներ ստանում նույնիսկ այնպիսի ընտրատարածքներում, որտեղ, հնարավոր է, մինչ օրս էլ չեն եղել, եւ ես գուցե հավատամ, որ օլիգարխիան հեռու է մնացել ընտրական պրոցեսներից:

Ինչո՞ւ էր 2018թ. աշնանը Նիկոլ Փաշինյանը պնդում, որ ընտրությունները տեղի ունենան ոչ թե գալիք գարնանը, այլ նույն թվականի դեկտեմբերին եւ հատկապես դեկտեմբերի 9-ին: Այս հարցի պատասխանը նա այդպես էլ չի տվել, թեեւ տեսակետ է շրջանառվում, որ հեղափոխությունից մի քանի ամիս անց նա արդեն մտահոգված էր էյֆորիայի չափաբաժնի թուլացումից: Այդ մասին նրան հուշել էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաեւ օտարերկրյա որոշ պաշտոնյաներ, որոնք ամեն օր այցելում էին Հայաստան ու տեսակցում ժողովրդի վարչապետի հետ: Այդ «շտապողականությամբ» Փաշինյանը, փաստորեն, նախապատրաստվելու ո՛չ ժամանակ եւ ո՛չ էլ նորմալ քարոզչություն իրականացնելու հնարավորություն չտվեց մյուս քաղաքական ուժերին, որոնք, կարելի է ասել, մասնակցեցին ընտրություններին, որովհետեւ չմասնակցել պարզապես չէին կարող:

Այսօր արդեն ունենք մեկ տարեկան խորհրդարան: Մեկ տարին մեծ ժամանակ չէ խորհրդարանի լավն ու վատը որոշելու համար: Այդ հարցի պատասխանն ընտրողն է տալու՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Կարծում եմ, մինչ այդ դեռ ժամանակ կունենանք ծանրութեթեւ անելու գործող խորհրդարանի արած-չարածը, ընդունած եւ չընդունած որոշումները, օրենքներն ու օրինագծերը, ինչպես նաեւ զավեշտալի դեպքերն ու դեմքերը: Անձամբ իմ մեջ մինչ այժմ երկու ելույթ է տպավորվել․ մեկը՝ տրանսգենդերի, մյուսը՝ Վահե Գրիգորյանի ելույթը, որով նա ՍԴ նախագահ ինքնահռչակվեց: Խորհրդարանական աթոռների մեջ մեծացող իմքայլականների համար սրանք մանրուքներ են գուցե, բայց, ըստ իս, դրանք այն ելույթներն էին, որ ցույց տվեցին մեր մեկ տարեկան խորհրդարանի բուն էությունը: