«Հրապարակ». Իրավական ճգնաժամ կարող է լինել մեկ դեպքում
«Ժամը 16։00-ին ԱԺ խորհրդի նիստին ընդդիմության պահանջով վարչապետին անվստահություն հայտնելը գործընթացի առաջին քայլն է»,- նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր Բագրատ սրբազանը։ Ու թեպետ Ազգային ժողովի խորհուրդը մերժեց ընդդիմադիր խմբակցությունների՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությունը, ընդդիմադիրները վստահ են` մանդատները վայր դնելով քաղաքական ճգնաժամ են ստեղծելու եւ արտահերթ ընտրությունների են գնալու, Նիկոլ Փաշինյանին էլ հանրային ճնշման արդյունքում արգելելու են մասնակցել նոր ընտրություններին: Սրանք, իհարկե, ականջ շոյող հայտարարություններ են, սակայն որքանո՞վ են իրատեսական` Սահմանադրության եւ իրավունքի տեսանկյունից:
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը միահամուռ կերպով վայր դնի մանդատները, Սահմանադրության տեսանկյունից իրավական որեւէ ճգնաժամ չի ստեղծվի: Կա՛մ այսօրվա ընդդիմադիր պատգամավորներին կգան փոխարինելու հաջորդ համարների ներկայացուցիչները, կա՛մ էլ Ազգային ժողովը կշարունակի իր աշխատանքը` միմիայն ՔՊ-ականների ներկայությամբ. «Սահմանադրության տեսանկյունից այսպիսով ոչ մի բան տեղի չի ունենա, կա՛մ տեղերը կլրացվեն «Պատիվ ունեմ»-ի եւ «Հայաստան»-ի մյուս թեկնածուներով, կա՛մ նրանք էլ կհրաժարվեն, իսկ Ազգային ժողովը կշարունակի գործել` ՔՊ-ական մեծամասնությամբ: Իրավական առումով ոչինչ չի կարող փոխվել այդ պարագայում, գուցե քաղաքական առումով պառլամենտի լեգիտիմությունը հայտնվում է մեծ հարցականի տակ, սակայն իրավական հետեւանք դա չի ունենում: Այն թիվը, որն ամրագրված է Սահմանադրությամբ, վերաբերում է միայն Ազգային ժողովի ձեւավորմանը` ընտրություններից հետո, դրանից հետո թե ինչ է կատարվում, թե քանի հոգուց է բաղկացած մեծամասնությունը, նման պահանջ Սահմանադրությունը չունի: Գուցե դա կարող է միայն քաղաքական ճգնաժամ ստեղծել, բայց դրա հավանականությունն էլ բավականին քիչ եմ համարում: Իրավական ճգնաժամ չեմ պատկերացնում այսօրվա պառլամենտի ուժերի հարաբերակցության արդյունքում: Ճգնաժամ կարող է լինել մեկ դեպքում, եթե ՔՊ-ն հրաժարվի մանդատներից: Այդ դեպքում արդեն որեւէ քվորում տեղի չի ունենա, ուստի կառաջանան իրավական հետեւանքներ: Ինչ վերաբերում է Փաշինյանին անվստահություն հայտնելուն, ապա այդտեղ էլ պատգամավորների մեծամասնության մանդատներն են հարկավոր, իսկ դրանք չկան: Եթե չկան, դա չի կարելի համարել հեռանկարային տարբերակ: Վստահ չեմ, որ գոյություն ունի այն 1/3-ը, որը պատրաստ է նման քայլի»:
Նկատենք, որ մանդատները վայր դնելու հետ կապված՝ մի լուրջ խնդիր կա, որի մասին ընդդիմությունը խուսափում է շատ խոսել` ցուցակների ներքին հատվածում գտնվող անձինք են, որոնք կարող են գայթակղվել մանդատով, ծախվել իշխանություններին եւ վերցնել մանդատները: Արդյունքում կստացվի, որ ավելի ընդդիմադիր ու գրագետ պայքարող պատգամավորներին կարող են փոխարինել պակաս գրագետ ու պայքարի ոչ հակված անձինք, եւ ընդդիմությունն ավելի կվարկաբեկվի, իսկ Փաշինյանի ծրագրերն ավելի հեշտորեն իրականություն կդառնան:
Նախկին դատավոր Աննա Փիլոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Սահմանադրական ճգնաժամի մասին կարող ենք միայն մեկ դեպքում խոսել, եթե հարյուրից պակաս պատգամավորներ ունենանք: Այս պարագայում, եթե ընդդիմադիրներն իրենց մանդատները վայր դնեն, իսկ նրանց հաջորդ համարները մանդատները չվերցնեն, կստեղծվի սահմանադրական ճգնաժամ, բայց որքանո՞վ է իրատեսական, որ այդ մարդիկ չեն վերցնի իրենց հասանելիք մանդատները, դա էլ մեծ հարցականի տակ է: Այս իշխանությունը չունի հարյուր մանդատ: Եթե ընդդիմադիր բոլոր պատգամավորները վայր դնեն մանդատները, եւ այլոք չվերցնեն մանդատները, այդ դեպքում նոր ընտրությունների մասին` որոշակի իրավական պրոցեսների արդյունքում կարող ենք խոսել: Ինչ վերաբերում է անվստահություն հայտնելուն, ապա դա քաղաքական խնդիր է, այդտեղ չկա իրավական տարր»:
Կարծիքներ