Հույս եւ հավատ

Հույս եւ հավատ

Մարեց` չմարեց, փողոց փակեցին` չփակեցին, գիշերը մնացին փողոցում` գնացին տուն, ստորագրություններ հավաքեցին` չհավաքեցին... Շարժման շուրջ ծավալվող խոսակցությունները, որոնք այս օրերին ընթանում են բոլոր հավաքույթներում, տներում, աշխատավայրերում, մի բանի մասին են վկայում` երկիրն ապրում է շարժման օրակարգով, եւ շարժման ընթացքն ու ապագան հետաքրքրում են բոլորին: Եվ որքան էլ որ թիվ մեկ իշխանավորը դեռ «եժովյան ձեռնոցներում» պահպանում է ՔՊ-ական այդ մի քանի հարյուր հոգուն, եւ վախի ազդեցության տակ այդ հավաքովի թիմը չի փլվում, ակնհայտ է, որ երկրում իրավիճակ է փոխվել: Փոխվել է, որովհետեւ Հայաստանի դժբախտությունները չեն ավարտվել, բայց ավելի ու ավելի նկատելի է դարձել իշխանությունների` մեր պետության առաջ կանգնած խնդիրները լուծելու անկարողությունը:

Փոխվել է, քանի որ մեծ ընդմիջումներով հրավիրվող հանրահավաքներին գրեթե նույն քանակի մարդ է մասնակցում, եւ օդում կախված է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը: Փոխվել է նաեւ այն պատճառով, որ պարզվեց` որքան էլ վարկաբեկեցին ու պիտակավորեցին քաղաքական ուժերին եւ երկրում այնպիսի ապաքաղաքական մթնոլորտ ստեղծեցին, որ մարդիկ սկսեցին չվստահել կուսակցություններին, այնուամենայնիվ, հայտնվեց ապաքաղաքական մեկը` մի հոգեւորական, ով իր հետեւից տարավ մարդկանց եւ կարողացավ կազմակերպել պայքար` անհույս թվացող այս մթնոլորտում: Մարդկանց մոտ հույս արթնացավ, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել: Որ մեր պարտությունները ճակատի գիր չեն, որ հանձնելու եւ ենթարկվելու այս ողորմելի պահվածքը կարելի է փոխել: Հավատացին, որ մեր ժողովուրդն անտարբեր չէ իր պետության նկատմամբ, եւ եկել է խաբեություններից ազատվելու, մոլորությունից դուրս գալու, սեփական ճակատագիրը տնօրինելու ժամանակը: