Չկա նման բան՝ սուտ ինֆորմացիաներ են, որոնցից մարդիկ խուճապի են մատնվում

Չկա նման բան՝ սուտ ինֆորմացիաներ են, որոնցից մարդիկ խուճապի են մատնվում

Արդեն մի քանի ժամ է Արցախից ահասարսուռ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ մինչ Եվլախում բանայցություններ են ընթանում, ադրբեջանցիները ներխուժել են Ստեփանակերտ եւ տարբեր վայրագություններ են իրականացնում։ Մեզ հաջողվեց կապ հաստատել ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, որը չհաստատեց տարածված տեղեկությունների մեծ մասը։ 

-Տիկին Հակոբյան, ի՞նչ է այս պահին կատարվում Ստեփանակերտում, ահասարսուռ տեղեկություններ են հասնում․․․ 

-Ստեփանակերտում այս պահին մարդիկ անտեր-անտիրական են, կառավարությունը իր հնարավորությունների սահմաններում փորձում է օգնել, մարդիկ են իրար օգնում, միմյանց տներում են հավաքվում, սպասողական վիճակ է, սպասում են մինչեւ Եվլախից մեր բանակցողները վերադառնան։ Ինքնակազմակերպման աշխատանքներով ենք զբաղված։ Ժողովուրդը եւս կարդում է տարածված սուտ ինֆորմացիաները, մարդիկ խուճապահար սկսում են քաղաքի մի ծայրից մյուսը վազել, այն պարագայում, երբ այսօր ամենամեծ վտանգը խուճապն է։ Էլ իբր դրոշներ են տեղադրում, Ստեփանակերտի մուտքերն են բետոնե արգելապատնեշներով փակել, թուրքերը մտել են։ 

-Բայց փոխհրաձգությունների մասին լուր կար։ Ացախի ՆԳՆ-ն էլ հաղորդեց ադրբեջանցիների մտնելու մասին․․ 

-Շատ կարճ ժամանակ է տեւել, դա Ստեփանակերտի մեջ չէր, հեռվում էր, չկա նման բան, ուղղակի մեղք է էս ժողովուրդը, թող նման բաներ չանեն, հերիք է մի այդպիսի ինֆորմացիա, ժողովուրդը՝ երեխաներից սկսած, ոտաբոբիկ դուրս են գալիս ու վազում փողոցներով։ 

- Արցախի հայտնի դեմքեր են նաեւ նման ինֆորմացիաներ հաղորդել, որ 14 տարեկան տղաների են հավաքում, երեխաներին մոր աչքի առջեւ սպանել են ու էլի շատ վայրագություններ։

-Վա՝յ, չկա նման բան, չկա։ 

- Իսկ գուցե ձեզ ուղղակի հայտնի չէ։

-Լավ էլի, թող նման լուրեր տարածողները կոնկրետ հղումներ տան, մենք դրանց հետքերով գնանք, տեսնենք՝ որտեղ են սպանել։ 

-Արցախցիների տեղափոխման հարցն ինչի՞ց է հիմա կախված, լուրեր կան, որ խաղաղապահները փոխանցել են, թե չունեն նման հրահանգ, որ տեղափոխեն Հայաստան։ 

- Տեղափոխել որտե՞ղ՝ Հայաստա՞ն, նախ եկեք հասկանանք, իսկ Հայաստանը առաջա՞րկ է արել, որ ընդունելու է այստեղի ժողովրդին։ Ինքն ասաց, որ արցախցին պետք է իր տանը մնա, որ Հայաստանը չի պատրաստվում իր հայրենակիցներին ընդունել, իսկ ընդհանրապես՝ եթե բանակցությունները չեն ավարտվել, որոշում չկա, ռուս խաղաղապահը ո՞ր իրավունքով պետք է տեղափոխի, ռուս խաղաղապահները ում որ էվակուացրել են՝ պահում են այնտեղ, խոսքը մի քանի հազար մարդու մասին է, իսկ մնացածն իրենց տներում են, խմբերով, իսկ ովքեր նման լուրեր են տարածում, ընդամենն ուզում են հայտնի դառնալ։ 

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի վաղվա տպագիր համարում